Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սովորել Վրաստանից

Փետրվար 24,2004 00:00

Ի՞նչ սովորել Վրաստանից Որոշ քաղաքագետներ, ոչ առանց հիմքի, պնդում են, որ «հետհեղափոխական» Վրաստանը Հայաստանի քաղաքական վերնախավի համար վերածվել է դասական ուսումնամեթոդական ձեռնարկի: Ի մասնավորի, նկատի է առնվում այն, որ Մ. Սահակաշվիլու պաշտոնակալությունից անմիջապես հետո Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերի բախումը, գոնե Վրաստանում, թեւակոխել է վերջնական եւ բացահայտ հանգրվան, ուստի՝ կախված այն բանից, թե ինչ հանգուցալուծում կունենա այդ կռիվը, ըստ այդմ էլ առայժմ դիտորդի դերում գտնվող Հայաստանը «գլխի կընկնի», թե որ ուղղությամբ «խախտի» իր կոմպլեմենտարիզմի հաշվեկշիռը: Մինչդեռ օրինաչափ կլիներ ենթադրելը, թե մեր հանրապետության համար Վրաստանի «ուսուցողական» արժեքը տարածելի է նաեւ մի շարք այլ՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների վրա: Այստեղ ճշմարտության որոշակի հատիկ կա. Հայաստանի կառավարությունն իսկապես ուշի ուշով հետեւում է, թե ինչ ինտենսիվությամբ եւ ինչ մեթոդներով են Վրաստանում ձերբակալում կոռումպացված պաշտոնյաներին, եւ այդ բանն անում է իսկապես ինչ որ բան հասկանալու համար: Այդ «ինչ որ բանը», սակայն, դժվար թե վրացական օգտակար փորձն ընդօրինակելու, կամ հակառակը՝ ձախողված փորձից հրաժարվելու ձգտումը լինի: Չի բացառվում, որ հայ կոռուպցիոներները պարզապես Վրաստանի օրինակի վրա սերտում են այն դասը, թե ինչ տեղի կունենա իրենց հետ, եթե, «Աստված մի արասցե», մի վարդաբույր հեղափոխություն էլ Հայաստանում պայթի: Ընդ որում, վրացական մեթոդոլոգիան օրավուր ավելի «ուսանելի» է դառնում: Այն բանից հետո, երբ Վրաստանի իրավապահները հանդգնեցին ձեռք բարձրացնել Շեւարդնաձեի մերձավորագույն կլանի վրա եւ ձերբակալեցին նախկին նախագահի փեսային, Թբիլիսիի միջին իշխանական եւ բիզնես շրջանակներում լուրջ խլրտոցներ սկսվեցին: Վրաստանյան փորձագետներից մեկը նկատել է տալիս, թե մի կողմից սա կարող է վկայել նախընտրական խոստումներն իրագործելու Սահակաշվիլու վճռականության մասին, սակայն մյուս կողմից առավել ցցուն է դարձնում կոռուպցիայի դեմ պայքարի «ընտրանքային» եւ պոպուլիստական բնույթը: Տեղական որոշ դիտորդներ էլ նկատել են տալիս, թե Վրաստանում սանձազերծված՝ թեկուզեւ որոշակիորեն ընտրանքային հակակոռուպցիոն պայքարը ներկայումս պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Սահակաշվիլու համար հաճելին օգտակարի հետ համատեղելու հրաշալի հնարավորություն է տալիս: Բուշի հետ առաջիկա չորեքշաբթի օրը նախատեսվող հանդիպման ընթացքում Սահակաշվիլին կներկայանա հանցավորության դեմ անզիջում պայքար ծավալող անխոնջ մարտիկի կերպարով, ինչը գուցե լրացուցիչ ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն կապահովի Վրաստանի համար: Վրացական փորձը նաեւ ուսուցանում է, որ ձերբակալությունների հարցում շատ չափը անցնելն էլ մի բան չէ: Ամերիկյան հեղինակավոր «Վաշինգթոն Պոստ» եւ «Նյու-Յորք Թայմս» թերթերը անհանգստություն են հայտնել Վրաստանում հնարավոր դիկտատուրայի հաստատման կապակցությամբ, ինչի մասին արդեն իսկ հաճույքով հայտարարել է Է. Շեւարդնաձեի որդին՝ Պատա Շեւարդնաձեն, նախկին նախագահի ընտանիքի նկատմամբ ոտնձգությունները որակելով ոչ այլ կերպ, քան «քաղաքական հալածանքներ»: Ի վերջո, առավել քան դիպուկ էր եվրոպական քաղաքագետներից մեկը, երբ նկատում էր, որ հետխորհրդային հանրապետություններում բոլոր կոռումպացվածներին ձերբակալելու համար հարկ կլինի, որ բնակչության կեսը ձերբակալի մյուս կեսին, ինչն անհնար է: Տեսնենք, թե վրացիներն ինչ կանեն: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել