Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքը կարող է դառնալ շոգեբաղնիք

Փետրվար 24,2004 00:00

Բնապահպանների
կարծիքով, Երեւանում ներդրվող ապակենտրոնացված կամ լոկալ ջեռուցման համակարգը
հեռանկարային չէ ոչ տնտեսական, ոչ էլ բնապահպանական տեսանկյունից։
«Պատկերացրեք, մայրաքաղաքի շենքերի խտությունն ու ամեն մեկի տանիքից վեր ցցված ամենաքիչը 5 մետրանոց խողովակները։ Արտաքին տեսքից զատ, դրանք վտանգավոր վիճակ կարող են ստեղծել ոչ միայն ածխաթթու, այլեւ ջերմոցային գազերի նորմատիվային չափերը մթնոլորտում ավելացնելու առումով»,- օրերս «Առավոտին» տեղեկացրեց բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը։ Ըստ նրա, Հայաստանն անդամագրվել է Կլիմայի փոփոխության համաշխարհային կոնվենցիային եւ պարտավոր է պահպանել ջերմոցային գազերի արտանետումը նվազեցնելու գծով ստանձնած պարտավորությունները։ «Այն, ինչ հիմա անում են (նկատի ունի որոշ շենքերում արդեն տեղադրված լոկալ ջեռուցման համակարգերը- Ռ. Ա.), պիտի գոնե թվերով հիմնավորված լինի, իսկ դրանք ոչ մի տեսանկյունից հիմնավորված չեն»։

Բնապահպանների ծրագիրը կենտրոնացված ջեռուցման ավանդական համակարգն է։ Համաշխարհային բանկի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Գլոբալ էկոլոգիական ֆոնդի տրամադրած 3 մլն դոլարով Երեւանում կստեղծվի տնտեսապես արդյունավետ, էկոլոգիապես նպաստավոր եւ էներգաէֆեկտիվ ջեռուցման կենտրոնացված համակարգ, որն ընդունված է եւ կիրառվում է առաջադեմ երկրներում։ Ի դեպ, փորձնական փուլի արդյունքներով պարզվել է, որ այսօրվա ջերմամատակարարները գործող նորմատիվներից 40-50%-ով ցածր ջեռուցում են ապահովել, սակայն գանձել են 100 տոկոսի հաշվարկով։

Մի առիթով «Առավոտն» անդրադարձել է ներկայիս կենտրոնացված ջեռուցման համակարգի կաթսայատներին՝ դրանց մեծ մասը պետք է վաճառվի որպես ազատ տարածք եւ միայն չնչին մասը կօգտագործվի լոկալ ջեռուցման համար։ Բնապահպանների առաջարկած ծրագրի համակատարողներից մեկն էլ, կառավարության որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանն է։ Նրա խնդիրներից է կաթսայատների համար տարածք հատկացնելը։ Ծրագրի կատարման ընթացքում կերեւա, թե հին կաթսայատներից որն է պահպանվել այդ նպատակի համար։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել