Լրահոս
Օրվա լրահոսը

Կայրվեին՝ հանուն ժողովրդի

Փետրվար 24,2004 00:00

Ինչ կանեին եւ ինչ չէին անի նախագահի նախկին թեկնածուները՝ հաջողության դեպքում

Մարտի 5-ին լրանում է Հայաստանում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունների մեկ տարին։ Այդ առիթով, «Առավոտը» նախագահի չընտրված թեկնածուներից հետաքրքրվեց. «Եթե Դուք ընտրված լինեիք՝ ի՞նչ կանեիք այս մեկ տարվա ընթացքում, որը չի արել գործող նախագահը եւ ի՞նչը չէիք անի, որն արել է Ռ. Քոչարյանը»։ Այն ժամանակ «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը ներկայացնող թեկնածու Գառնիկ Մարգարյանն իր պատասխանը սկսեց հարցի մեջ ուղղում մտցնելով՝ «Լրանում է մեկ տարին, ինչ Քոչարյանն իրեն հռչակել է նախագահ եւ ոչ թե ընտրվել»։ Ապա՝ «Ես երբեք ինձ թույլ չէի տա գալ իշխանության կեղծիքի ճանապարհով, որովհետեւ ոչ լեգիտիմ նախագահը անպատվություն է եւ կործանարար Հայաստանի համար»։ Իսկ եթե մեր զրուցակիցն ազնիվ ճանապարհով իշխանության եկած լիներ, սակայն, այդուհանդերձ, կասկածներ լինեին իր ընտրվելու վերաբերյալ՝ նա խոստանում է, որ ամեն ինչ կաներ, որպեսզի դրանք վերանային։ Մասնավորապես, բացել կտար բոլոր քվեատուփերը։ Իր լեգիտիմությունը հաստատելուց հետո միայն Գ. Մարգարյանը՝ «ջանք չէր խնայի, որպեսզի նախագահական ընտրություններին հաջորդած ԱԺ ընտրությունները նույնպես ազնիվ անցկացվեին։ Իսկ ՍԴ-ն եւ երկրի դատական համակարգը անաչառ լինեին»։

Գ. Մարգարյանը նաեւ չէր խաբի իր ժողովրդին. «Ժողովուրդը կարող է տանել ցանկացած դժվարություն։ Նա պատրաստ է անգամ ներել իր ղեկավարներին՝ նրանց անփորձության եւ սխալների համար, սակայն չի կարող հանդուրժել, երբ իրեն խաբում են եւ տրորում մարդկային ու ազգային արժանապատվությունը»։ Բացի այդ, խաբեությունը Գ. Մարգարյանը նաեւ «ինքնակործանում» է համարում։

«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ եւ այդ ուժը ներկայացնող թեկնածու Արամ Հարությունյանը եւս իրեն չէր խնայի ժողովրդի կորսված հավատը վերականգնելու համար։ Բայց, օրենքի իշխանությունը կհաստատեր «սահակաշվիլիաբար»։ Մեր դիտարկմանն՝ «արդյո՞ք, դա վհուկների որս չէր լինի», Ա. Հարությունյանը պատասխանեց. «Եթե մեկն օրենքի առաջ պիտի պատասխան տա՝ ուրեմն պիտի տա։ Եվ դա հետեւողական պետք է լինի, ոչ թե «բոբոյի» տպավորություն գործելու։ Հարցը մենակ նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալով չի փակվի»։

Իսկ ի՞նչը չէր անի Ա. Հարությունյանը, որ Ռ. Քոչարյանն արել է այս մեկ տարվա ընթացքում. «Քոչարյանն այնքան վատ բան է արել…»։ Պրն Հարությունյանին դուր չի գալիս հատկապես գործող նախագահի թիմը. «Քոչարյանը հաջող թիմ չունի, որն իրեն շատ է խանգարում։ Ժամանակին թագավորները հատուկ մարդ են պահել իրենց կողքին, որը մշտապես հիշեցրել է, որ իրենք մահկանացուներ են։ Այդ մարդը պիտի լինի, թե չէ էնպես չի, որ՝ ցարը ոչնչից տեղյակ չէ»,- իր կարծիքն արտահայտեց Ա. Հարությունյանը։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել