Սա
է «Նիգ-Ապարան» միության կարգախոսը: Միությունը երիտասարդների համար մշակում
է նաեւ «Հայացքով դեպի Ապարան» ծրագիրը:
«Ապարան» հայրենակցական կազմակերպության կայացումը, որին այդքան սպասում էինք՝ տեղի ունեցավ,- շաբաթ օրը «Նիգ-Ապարան» միության խորհրդի ընդլայնված նիստում հանդիսավոր ազդարարեց «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ, Ապարանից ընտրված պատգամավոր Լեւոն Խաչատրյանը:- Ավելի՛ն՝ այսօր Հայաստանում գոյություն ունի երկու հերթ, որոնք մեզ հիշեցնում են անցյալը: Մեկը իզի-քարտերի հերթն է, որին սպասում ենք հայհոյանքով եւ ստանալուց հետո հայհոյում, իսկ երկրորդը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամատոմսը ստանալու հերթն է»:
«Նիգ-Ապարանի» գործադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ միության հիմնադիր համագումարում «խնդիր դրվեց դեմքով շրջվել դեպի Ապարան»: Ներկայացնելով անցած տարում միության գործունեությունը՝ նա նշեց, որ նախագահության 5 նիստ են գումարել, 2-ը՝ Աջափնյակի եւ Դավիթաշենի թաղապետարաններում: Հայտնի է, որ այդ երկու համայնքի ղեկավարներն ապարանցի են, եւ ասենք, Սողոմոն Թեհլերյանի արձանի բացումն Աջափնյակում, որ թաղապետ Արծրուն Խաչատրյանն իր նվաճումն էր համարում, նշվեց նաեւ միության գործունեության հաշվետվության մեջ: Միությանն են անդամակցել, ըստ Տիգրան Պետրոսյանցի՝ ավելի քան 20 հազար հոգի: «Նիգ-Ապարանի» ներկայացուցչություններ կան Սանկտ-Պետերբուրգում, Սվերդլովսկում, Հունաստանում եւ Լոս-Անջելեսում: Սրա պատճառը ոչ միայն այն է, որ ապարանցիներն ամենուր են, այլ նաեւ այն, որ միության անդամները միայն ծագումով ապարանցիները չեն: Ինչպես նշեց «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը՝ կանոնադրությունը մշակելիս «նույնիսկ ազգային պատկանելություն չենք նշել: Եվ զուր չէ, որ Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում, մեր մի շարք այլ ներկայացուցչություններում կան նաեւ ոչ հայազգի համախոհներ»:
Միության կազմում ստեղծվել է «Ապարանցի բժիշկ» ասոցիացիան: Շուտով կստեղծվի նաեւ «Ապարանցի լրագրող» կառույցը, քանի որ մամուլում գործում են 50-ից ավելի ապարանցի լրագրողներ: Երեւանցիները դեռ չեն հիմնել «Ապարան» անունով հեռուստաալիք, իսկ ահա «Երեւան» հեռուստաընկերության հիմնադիրներն ապարանցի են: «Հանրապետությունում ամենաբարձր տպաքանակով տպագրվող «Եթեր» եւ «TV-ալիք» թերթերը հրատարակում են ապարանցիներ Գոռ Ղազարյանն ու Սերգեյ Հարությունյանը»,- Տիգրան Պետրոսյանցի այս հայտարարությանը կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճն արձագանքեց բուռն ծափահարություններով: Ի դեպ, այս երկու խմբագիրների մասին անգամ անեկդոտ կա. «Մի ապարանցի խմբագիր մյուսին մեղադրում է գրագողության մեջ: «Տե՛ս,- ասում է,- քեզ մոտ էլ է «Հայլուրը» ժամը 21-ին, ինձ մոտ էլ»: Սակայն առայժմ ամենանշանավոր ապարանցին շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է: «Թույլ տվեք բոլոր տարակուսողներին, կասկած ունեցողներին հաղորդել, որ Տիգրան Պետրոսյանը ծագումով Ապարանի շրջանի Մուլքի գյուղից է»,- ազդարարեց Տիգրան Պետրոսյանցը: Ապարանցիներն իրենց հրապարակն անվանակոչել են մեծ շախմատիստի անունով, որը մամուլը ժամանակին գնահատեց իբրեւ «ձիով քայլ»:
Զարմանալի միություն է «Նիգ-Ապարանը»: Այստեղ իրար հետ խաղաղ գոյատեւում են ՀՀՇ-ի ու ՀՅԴ-ի, «Ազգային միաբանության» ու «Արժանապատիվ ապագայի» եւ այլ կուսակցականները: Խորհրդի ընդլայնված նիստում էլ ելույթ ունեցան նրանցից շատերը: «Ապարան՝ նշանակում է ապարանք, պալատ: Նայելով այսօրվա Ապարանի անբարեկարգ վիճակին՝ մտովի դժվարանում ես պատկերացնել, թե ինչպիսին է եղել այդ ապարանք-պալատը դարեր առաջ,- ասաց «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը:- Ապարանը գտնվում է Երեւանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա՝ կես ժամվա ճանապարհ: Սակայն կա կլիմայի կտրուկ փոփոխություն. Ապարանն այնպիսի՜ դաժան բնակլիմայական պայմաններ ունի, որ նույնիսկ դժվար են դիմակայում վայրի կենդանիները»: Նույն խմբակցության անդամ Աղասի Արշակյանը նշեց, թե ներկայումս ԱԺ-ում ապարանցի 7 պատգամավոր կա. «Նախորդի համեմատ այդ թիվը 40%-ով նվազել է, բայց ոչինչ՝ հետագայում էլի կավելանան»: Այդ պատգամավորներից եւս մեկը՝ Մանուկ Գասպարյանը, իր ելույթում շնորհակալություն հայտնեց «գլխավոր կազմակերպիչ» Աղվան Հովսեփյանին, որ կարողացել է այդքան համառ ապարանցիների հավաքել մի տեղում: Մանուկ Գասպարյանը միջոց առաջարկեց «Ապարան» հիմնադրամը համալրելու համար (թեեւ միության 2004-ի հաստատագրված բյուջեն 10 մլն դրամ է). «Յուրաքանչյուր բիզնեսմեն պետք է ոչ թե բալանսով ցույց տվածի, այլ իր ստացած իրական շահույթի 10%-ը տա միությանը՝ բարեգործություն անելու համար: Գործարարներին, որոնց խանգարում են պետական մարմինները՝ հարկային, մաքսային եւ մնացած ծառայությունները, խոսք եմ տալիս. մեկնումեկդ ինձ ասեք՝ ո՞վ է ձեզ խանգարում, ես նրա կաշի՛ն կպլոկեմ: Էն կաշառքը, որ պիտի տաք նրանց՝ մի մասը տվեք միությանը»: «Մեր Սահակաշվիլին է»,- հպարտ գորովանքով նայելով պրն Մանուկին՝ ասաց մի ապարանցի:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ