Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵՐԻ ԴԵՎԻՍՆ ԻՐ ԱՅՑԸ ՍԿՍԵՑ ՂԱՐԱԲԱՂԻՑ

Փետրվար 24,2004 00:00

Հայաստանի
ընդդիմությունն իրեն առանձին ասելիք ունի
Ղարաբաղի հարցերով ԵԽ ԽՎ զեկուցող Թերի Դեւիսը երեկ առավոտյան Երեւանից մեկնեց Ղարաբաղ։ Անբարենպաստ թռիչքային եղանակի պատճառով մեկնումը տեղի ունեցավ ոչ թե ուղղաթիռով, ինչպես պայմանավորված էր կանխավ, այլ՝ ցամաքային ճանապարհով։ Ըստ նախապես մշակված ծրագրի, Լեռնային Ղարաբաղում հանդիպումներ ունեցավ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի, խորհրդարանական քաղաքական ուժերի, ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ ԼՂՀ-ում բնակվող փախստականների հետ։

Իսկ այսօր, արդեն Հայաստանում, Թերի Դեւիսը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության, ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ինչպես նաեւ փոխարտգործնախարար, ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ Թաթուլ Մարգարյանի հետ։

Մինչ Թերի Դեւիսի այցը, խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ քննարկել էին հանդիպման ժամանակ Թերի Դեւիսին ներկայացվելիք ԱԺ տեսակետը ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ եւ եկել էին այն եզրակացության, որ խորհրդարանի դիրքորոշումը ԼՂՀ հարցի վերաբերյալ մնում է նույնը, ինչ տեղ էր գտել դեռեւս 2001-ի ապրիլին ԱԺ-ի ընդունած համատեղ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, թե որոնք էին այդ հայտարարության սկզբունքային կարեւոր կետերը. «Մեզ համար արցախյան հիմնախնդրի կարգավորման ընդունելի սկզբունքներն են՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորումը կամ նրա անկախ կարգավիճակի միջազգային հաստատագրումը։ ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը կարգավորման վերջնական տարբերակի մշակմանը, ԼՂՀ անվտանգությունը երաշխավորող ՀՀ-ԼՂՀ ընդհանուր սահմանի անհրաժեշտ երկարության ապահովումը։ ԼՂՀ լիարժեք անվտանգության երաշխավորումը Ադրբեջանի հետ՝ խաղաղության սահմանագծի արձանագրմամբ։ Բանակցությունների ընթացքում Հայաստանի որեւէ տարածք խնդրո առարկա չի կարող դառնալ, իսկ կոմունիկացիոն հնարավոր որեւէ կապ չի կարող լինել Հայաստանի հողային ամբողջականության կամ ինքնիշխանության հաշվին»։

Այս հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերից շատերը կրկին խորհրդարանում են, այդ թվում նաեւ «Ազգային միաբանությունը», որի նախագահ Արտաշես Գեղամյանը Թերի Դեւիսի այցից որոշ ժամանակ առաջ հայտարարեց, թե իր գլխավորած քաղաքական ուժը չի կարող միասնական լինել ոչ լեգիտիմ իշխանության հետ, թեկուզեւ Ղարաբաղի հարցում։ Իսկ «Արդարություն» խմբակցության անդամ, պատգամավոր Շավարշ Քոչարյանը երեկ մեզ հետ զրույցում հետեւյալ կարծիքը հայտնեց. «Իհարկե, «Արդարությունը» եւս որոշ տարաձայնություն ունի այս հարցում։ Որովհետեւ այն քաղաքականությունը, որը վարում է ներկա իշխանությունը, բերեց այն հանգամանքին, որ միջազգային ատյաններում ամրագրվում է այն տեսակետը, որ Հայաստանը ագրեսոր է։ Իսկ սա սխալ դիվանագիտական աշխատանքի արդյունք է»։ Այսօր Երեւանում նախատեսվում է Թերի Դեւիսի ընդհանուր հանդիպումը նաեւ ԱԺ բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Արդյո՞ք «Արդարություն» խմբակցությունը ծրագրել է մասնակցել այդ հանդիպմանը եւ ինչպիսի՞ն է լինելու վերջինիս կողմից բարձրացվելիք հարցերի շեշտադրումը. «Մեր խմբակցությունը որոշել է, որ եթե Թերի Դեւիսի հետ հանդիպումը լինելու է մեծ ֆորմատով՝ բոլոր խմբակցությունների հետ միաժամանակ, մենք չենք մասնակցի այդ հանդիպմանը։ Իսկ եթե Թերի Դեւիսը գտնի, որ ինքը ցանկություն ունի առանձին խոսել ընդդիմության հետ («Արդարություն» եւ «Ազգային միաբանություն»), այդ դեպքում մենք անպայման կհանդիպենք»։ Ընդդիմությունը պատրաստվում է Թերի Դեւիսին ներկայացնել ԼՂՀ հարցի հետ կապված իր տեսակետները, սակայն կոնկրետացնելով՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Վերջիվերջո, Ղարաբաղի հարցի կարգավորումը տեղի է ունենում բանակցություններում, այդ թվում նաեւ այն բանակցություններում, որոնց արդյունքները չեն հրապարակվում։ Սա իշխանությունների խնդիրն է, այլ բան է, որ ընդդիմությունը, նաեւ երկրի ցանկացած քաղաքացի, օգտվելով շփումների հնարավորությունից, պետք է աջակցի այդ խնդրին։ Եվ մեր երկրի ընդդիմությունը երբեւիցե չի հակասել այդ գծին»։

Հակադարձելով Ռ. Քոչարյանի հեռուստահարցազրույցում հնչած տեսակետին, թե Ղարաբաղի հարցը ընդդիմությունը օգտագործում է իշխանափոխության նպատակով, Շավարշ Քոչարյանն ասաց. «Հանուն իշխանությունը պահելու Ռ. Քոչարյանն ամեն ինչ արեց, որ Ղարաբաղի հարցը հայտնվի փակուղային վիճակում»։ Թերի Դեւիսի այցից Շավարշ Քոչարյանը որեւէ ակնկալիք չունի. «Ես ավելի հոռետես եմ այդ հարցում»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել