Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆՖԼԻԿՏ ՉԿԱ՝ ՅՈԴԸ ԼԻՔՆ Է

Փետրվար 21,2004 00:00

ԿՈՆՖԼԻԿՏ ՉԿԱ՝ ՅՈԴԸ ԼԻՔՆ Է Յոդի անբավարարության հետեւանքների դեմ ազգային ծրագիրը ներկայացնելիս, ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը հայտարարեց, որ խնդիրներ կան տեղական արտադրողի՝ Ավանի աղի կոմբինատի հետ: Սակայն, ինչպես տեղեկացանք կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանից, «մեղմ ասած՝ զարմանալի է Վլադիմիր Դավիդյանցի այդ հայտարարությունը»: Ըստ պրն Ղուկասյանի, իրենք չսպասելով ՀՀ կառավարության որոշմանը եւ համագործակցելով առողջապահության նախարարության եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հետ, 1997 թվականից 100 տոկոսով յոդացնում են կերակրի մեջ օգտագործվող «Էքստրա» աղը: «Հայաստանում չյոդացված աղի օգտագործման ծավալները այնքան են, որքան չյոդացված աղ է ներմուծվում Հայաստան. եւ օրինական, եւ մաքսանենգ ճանապարհներով»,-տեղեկացրեց Արեգ Ղուկասյանը: Ըստ նրա, Հայաստանում աղ արտադրող միակ ընկերությունը դեմ է եղել Յոդի անբավարարության հետեւանքների դեմ պայքարի ծրագրի նախնական տարբերակում տեղ գտած մի ձեւակերպման, որով Հայաստանում արգելվում էր չյոդացված աղի արտադրությունը. «մինչդեռ մենք կերակրի չյոդացված աղ ենք արտադրում բուժհիմնարկների (դիալեզի) համար: Մեր վերամշակող ձեռնարկությունները կարող են կերակրի չյոդացված աղ պահանջել իրենց այն արտադրանքի համար, որ արտահանում են յոդի պակաս չունեցող երկրներ: Եվ վերջապես մենք կարող ենք դրսից ստանալ չյոդացված աղի պատվեր»: Այս ամենը արտադրողները պատմել են նաեւ ծրագիրը մշակողներին եւ ձեւակերպումը փոխվել է. Հայաստանում արգելվում է կերակրի մեջ օգտագործվող չյոդացված աղի վաճառքը: Արեգ Ղուկասյանի կարծիքով, ծրագիրը շատ կարեւոր է, իսկ Դավիդյանցն էլ «արտադրողի հետ կոնֆլիկտ կա» ասելով սխալ բառ է օգտագործել, թերեւս ռուսախոս լինելու պատճառով: Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել