ՊՈՒԼԱՅՈՒՄ ՈՉԻՆՉ ՀԵՇՏ ՉԻ ՏՐՎԵԼՈՒ Պուլայում (Խորվաթիա) մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի 35-րդ առաջնությունը, որպես օլիմպիական վարկանիշային մրցաշար, մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ճիշտ է, այստեղ ռինգից բացակայում են մարզաձեւի այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են, ասենք, Կուբան եւ Ամերիկան, սակայն դրանից մրցակցության լարվածությունն ամենեւին էլ չի թուլանում: Տեղի մեր աղբյուրները նշում են, որ հայտավորված 42 երկրների 300-ից ավելի բռնցքամարտիկներն էլ ամենայն լրջությամբ են նախապատրաստվել առաջնությանը եւ յուրաքանչյուր մենամարտի վերաբերվում են մեծ պատասխանատվությամբ: Այլ բան է, որ ամենքին չի հաջողվելու հաղթահարել բոլոր արգելքները , տեղ զբաղեցնել պատվո պատվանդանին եւ օլիմպիական վարկանիշ ձեռք բերել: Համեմատաբար թույլերը ռինգը թողնելու են ավելի ուժեղներին եւ փորձառուներին: Բայց բոլոր մասնակիցներն ու մարզիչներն էլ շատ են կարեւորում վիճակահանությունը՝ դրան վերագրելով ապագա հաջողության գրեթե հիսուն տոկոսը: Օրինակ, 51կգ քաշային կարգում մեր Վաչագան Ավագյանի բախտն այս առումով չբերեց: Վաչագանը, որ Պուլա մեկնելուց առաջ Արարատի «Այգ» մարզաբազայում կազմակերպված վերջին փորձնական մենամարտում վատ տպավորություն չթողեց, հենց մեկնարկում հարկադրված եղավ հանդիպել Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Գեորգի Բալակշինի հետ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հայ բռնցքամարտիկը առաջին երեք ռաունդներում իսկապես զիջել է ուժեղ մրցակցին, սակայն միավորների փոքր տարբերությամբ: Իսկ վերջին ռաունդը մրցավարները տվել են Վաչագանին: Ափսոս, որ դա մարտի վերջնական արդյունքը չի փոխել հայ մարզիկի օգտին: 81կգ քաշային կարգում Արտակ Մալումյանը անցել է առաջին փուլը եւ մտել 1/8 եզրափակիչ: Այս մասին երեկվա «Առավոտում» նույնպես գրել ենք: Արտակն աչքի է ընկնում ռինգում խելացի ու մտածված գործողություններով: Նա որպես կանոն չի ենթարկվում մրցակցի սադրանքներին, պաշտպանվում է հմտորեն, ինքն էլ գրոհելիս ավելորդ շտապողականություն հանդես չի բերում: Ու դա նրա առվելությունն է մրցակիցների նկատմամբ: Համենայնդեպս, նրան այդպես բնութագրում են մասնագետները: Եվ հենց այս որակների շնորհիվ Արտակը միավորներով համոզիչ հաղթանակ տարավ բռնցքամարտի հարուստ ավանդույթներ ունեցող ռումինական դպրոցի ներկայացուցչի նկատմամբ: Հուսանք, որ հաջողությունը հետո էլ երես չի թեքի Արտակ Մալումյանից: Երեկ ՀՀ բռնցքամարտիկներից ռինգ պետք է մտնեին 57կգ քաշային Հարություն Թովմասյանը եւ Անդրանիկ Հակոբյանը՝ 75կգ քաշային կարգ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ