Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիկոսի մահի» մոտիվներով

Փետրվար 21,2004 00:00

«Կիկոսի մահի» մոտիվներով Մտավորականները պատրաստվում են գտնել նոր նախագահացու, քանի որ նրանց համար «Քոչարյանն արդեն չկա»: Ղարաբաղյան շարժման 16-րդ տարելիցին էր նվիրված Հայ մտավորականների համաժողովի երկրորդ հավաքը, որը, չնայած որոշ խոչընդոտների, երեկ տեղի ունեցավ Գրողների միության շենքում: Թեեւ հավաքի հիմնական նպատակն էր քննարկել Արցախի հերոսամարտի տարելիցին նվիրված հարցը, ինչպես նաեւ փաստաթուղթ ընդունել ընդդեմ «Զինապարտության մասին» օրենքի նախագծի, սակայն մտավորականների հավաքի առաջին մեկուկես ժամը նվիրված էր քաղաքականությանը, ավելի ստույգ՝ ՀՀ նախագահի վերջին հեռուստահարցազրույցին: Իրենց մեկնաբանություններով հանդես եկան գեներալ Էդուարդ Սիմոնյանցը եւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը: Նրանց երկուսի տպավորությամբ՝ Ռ. Քոչարյանը խիստ փոխվել էր: Եթե Է. Սիմոնյանցը այդ փոփոխությունը գնահատեց որպես անցում «խիստ ու դաժան» խոսելաոճից դեպի «ավելի հանդուրժողական ու մեղմ» ոճը, ապա Ռաֆայել Ղազարյանը ավելի հեռուն գնաց: Նա նախ համեմատեց Քոչարյանի այդ ելույթը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հեռուստաելույթի հետ: Պրն Ղազարյանի տպավորությամբ, երկուսն էլ այդ պահերին զգում էին, որ չեն կարող «մարսել զեղծարարությամբ իշխանության գալը»: Սակայն ակադեմիկոսը նկատել էր նաեւ մի լուրջ տարբերություն. «Եթե Տեր-Պետրոսյանը պարտվեց ու հեռացավ, ապա Քոչարյանն ուղղակի տապալված է: Լեւոնը երբեք չտապալվեց, նա հասկացավ իր պարտությունն ու հեռացավ: Նրա կրթական բարձր ցենզը եւ նրա վաստակը մեր պետության կայացման մեջ անհամեմատելի են: Քոչարյանը տապալված է: Նա չունի ոչ այդ կրթական ցենզը, ոչ վաստակը: Իսկ Լեւոնը, չտապալված գնալով, մնաց վտանգավոր: Դրա համար եմ ես անընդհատ զգուշացնում՝ նրա անունը տալիս, ու դրա համար արժանանում իմ ընկերների դիտողությանը: Քոչարյանը միայն կարողացավ այս տարիների ընթացքում իր դեմ տրամադրել ողջ ժողովրդին: Նա ղարաբաղցիների՝ հպարտ, ուժեղ, հայրենասեր, պայքարող մարդկանց կերպարը ոչնչացրեց, եւ հիմա ղարաբաղցին լրիվ այլ իմիջ ունի՝ լկտի, անշնհորք, ինքնահավան: Եվ դա նրա մեղքն է: Այս տարիների ընթացքում նա իրեն այնքան վատ պահեց, որ պաշտպանելու տեղ չի մնացել: Անգամ Վանոյին, եթե նա դատարանի առջեւ կանգնի, ես պաշտպանելու խոսքեր կունենամ, բայց Քոչարյանին՝ ոչ»: Պրն Ղազարյանը եզրակացնելու համար, որ «Քոչարյանը տապալված է», հիմնվել էր հեռուստաելույթի ժամանակ նախագահի պահվածքի վրա. «Չկար նախկին ինքնահավան, ծուռ ժպիտով բազմոցին փռված Քոչարյանը: Ես տեսա վախվորած, գանգատվող մի պատանու»: Իսկ քանի որ «Քոչարյանը տապալված է», ի՞նչ է մնում անելու մտավորականներին՝ «պետք է հավաքվենք, որոշենք, թե ո՞վ է գալու նրա փոխարեն, նա արդեն չկա, նա գնացող է»: Եվ որոշեցին հիմնովին քննարկել այս հարցը: Հեռատեսությունը լավ բան է, բայց իրադարձությունից առաջ ընկնելը՝ անլրջություն: Դժվար է ասել՝ մեր մտավորականները հեռատե՞ս են, թե՞ անլուրջ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել