Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը ամեն մասնագետի կարիք էլ ունի՞

Փետրվար 21,2004 00:00

Բանակը ամեն մասնագետի կարիք էլ ունի՞

Երեկ տեղեկացրել էինք, որ Հայաստանի երիտասարդների ազգային խորհուրդը
նախաձեռնել էր հանդիպում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, որի
ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկում պետք է անցկացվեր «Զինապարտության
մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման»
նախաձեռնող խումբը չէր մասնակցում հանդիպմանը, որովհետեւ վստահ էր, որ իրենց
հնարավորություն չի տրվի կոնստրուկտիվ բանավեճ ծավալելու նախարարի հետ:
Երեկ մեզ հետ զրույցում, ՀԵԱԽ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը նշեց, որ հանդիպման 80-90 տոկոսը նվիրվել է հիշյալ հարցի քննարկմանը, եւ հանդիպմանը մասնակցելու ցանկություն հայտնած մագիստրոսներին ու ասպիրանտներին հնարավորություն է տրվել բարձրացնել իրենց հուզող հարցերը:

ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Մարկոս Շիրինյանը հանդիպման մասին պատմեց հետեւյալը. «Համոզված կարող եմ ասել, որ եթե ներկաների մի մասը ինչ-որ խնդիր էր տեսնում ու սուր հարցադրումով էր հանդես գալիս, վերջում ասում էր՝ այո, ես էլ եմ պատրաստ ծառայել: «Այո»-ն դառնում էր իրենց պատասխան խոսքի առաջին բառը՝ նախարարի խոսքից հետո: Բազմաթիվ երիտասարդներ եղան, որ ասում էին՝ «մենք գնալու ենք 2 տարի փչանանք (ի դեպ, շատ հանգիստ, անկաշկանդ մթնոլորտում էին նրանք խոսում): Հետո նախարարը բացատրում էր՝ ոնց, ով, որտեղ, ինչու»,- ասաց Մ. Շիրինյանը: Հանդիպման ժամանակ նաեւ մեկ տասնյակից ավելի մասնագիտություններ են հնչել եւ նախարարը բոլորի համար պատասխան է գտել՝ «նախարարն ասաց, որ կա բանակ, մի համակարգ, որտեղ բոլոր տիպի մասնագիտություններն էլ պետք են՝ սկսած ծրագրավորումից: Պաշտպանության նախարարությունն անցնում է ավտոմատ կառավարման, որտեղ 2500-ից ավելի համակարգիչ է լինելու»: Վազգեն Խաչիկյանը եւս հավաստիացնում է, որ ՊՆ-ում բոլորի համար էլ հաստիք կճարվի, ոչ թե գնալ, ասենք, դասադուլի:

Հարցի առնչությամբ ՀԵԱԽ-ի առաջարկները տարբեր են, դրանք կներկայացվեն ավելի ուշ: Մ. Շիրինյանը խորհուրդ է տալիս հակառակ կողմին՝ հանդես գալ լուրջ առաջարկություններով:

Մի նկատառում եւս. վիճարկելի օրենքի հետ գրեթե միաժամանակ շրջանառության մեջ մտած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 3-ի («Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը եւ քաղաքացիների իրավունքների պետական երաշխիքները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում») 2-րդ կետը պահանջում է «կրթության անընդհատություն, հաջորդայնություն եւ շարունակականություն»:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել