Ընտրություն ազգային (իրատեսական) եւ ազգայնական (իդեալական)
տարբերակների միջեւ
Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ՝ Ղարաբաղը որպես պատրվակ օգտագործելով։ Անշուշտ, նա կարող էր ավելի լուրջ կամ պակաս կարեւոր առիթներ ունենալ, ասենք, տնտեսական բարեփոխումների ձախողում, ազատական արժեքների ճգնաժամ, կառավարման համակարգի կրախ, ազգային անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգ եւ այլն, եւ այլն։ Առանձին վերցրած այդ նախադրյալներից յուրաքանչյուրը կարող էր իշխանափոխություն կատարելու պայման լինել, բայց նա Հարվարդի տնտեսագիտականը չէր ավարտել, ազատական արժեքների ջատագով չէր, «շոկային թերապիայի» հատուկ կուրսեր չէր անցել, ազգային անվտանգությանը հաղորդ էր այնքան, որքան Դաշնակցությունը՝ սկսած 1890 թվականից։ Նա ուրիշ առաքելություն ուներ՝ Ղարաբաղի նեղ մասնագետ էր։ Այն վեց երջանիկներից, որ փորձագիտական մակարդակով լավագույնս տիրապետում էր խնդրի նրբություններին։ Չհաշված պատերազմի ընթացքին եղած բանակցությունները, Քոչարյանը նաեւ տեղյակ էր զինադադարին հաջորդած չորս տարիներին Ղարաբաղի խնդրում ՀՀ վարած արտաքին քաղաքականության մանրամասներին եւ հազիվ թե 97-ի վերջերին մամուլի ասուլիսին եւ առանձին հոդվածում արտահայտված Լ. Տեր-Պետրոսյանի կարծիքը նորություն լիներ նրա համար։ Այդ հարցում առաջին նախագահի քաղաքականությունը զարմանալի հետեւողական էր եւ չէր կարող նորություն լինել անգամ լայն հանրության, ուր մնաց մերձավոր զինակիցների համար։ Իհարկե, նրան ընդդիմանում էին Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ն եւ մյուս ավանդական հակառակորդները, բայց հանրապետության նախագահի հրաժարականի մասին խոսելիս հարկ է ընդգծել, որ նրա հրաժարականը պահանջեցին եւ դրան հասան ոչ թե ուժեր, որ նույնիսկ պատերազմի ամենաթեժ ժամանակներում միայն այդ պահանջն էին դնում, որոնք նաեւ սկսած 96-ից կասկածում էին նրա նախագահ լինելու օրինականությանը, այլ նրանք, ովքեր մինչ այդ ոչ մի կասկած չէին հայտնել օրինականության առթիվ, առավել եւս՝ այդ կապակցությամբ Քոչարյանը հատուկ ողջունել էր։ Ուրեմն ո՞րն էր Քոչարյանի եւ նրան սատարող Վազգեն Սարգսյանի ու Սերժ Սարգսյանի հակափաստարկը նախագահի առաջարկած լուծմանը, որը, կրկնում եմ, բնավ նորություն չէր հաշվված օրերի ընթացքում հրաժարական պահանջող ջահակիրների համար։
Բնականաբար, անարդար կլինի կարծելը, թե իշխանության գալով, Քոչարյանը որեւէ ծրագիր չուներ։ Ոչ պակաս անարդար կլինի ենթադրել, թե նա ոչինչ չարեց, որ իր ծրագիրը կյանքի կոչվի։ Եվ ուներ, եւ փորձեց կյանքի կոչել։ Առաջնահերթ, սակայն, նվազագույն ծրագիրը իրագործվել էր՝ հասավ իշխանության։ Սրտամոտ էր նաեւ պատրվակը՝ Ղարաբաղի խնդիրը, որ վերջին տարիների բերումով նաեւ նեղ մասնագիտություն էր։ Սակայն այլ բան է նրա ծրագրին այսօր տրվող գնահատականը եւ միանգամայն այլ՝ այդ ծրագիրն իրագործելու կամքը։ Եթե ընդհանուր գծերով ներկայացնելու լինենք Քոչարյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի ծրագրերը եւ նրանց միջեւ եղած տարբերությունը, կհանգենք մի պարզ եզրակացության։ Խոսքը «փաթեթային» կամ «փուլային» տարբերակների մասին չէ. դրանք ավելի շուտ մարտավարություն են թելադրում, քան ռազմավարություն, չնայած խորապես քննելու դեպքում երկրորդ մոտեցումը աչքի զարնող առավելություն ունի։ Այսպես, ըստ այդ վարկածի, հակամարտության լուծման ընթացքում հակառակորդ կողմերից յուրաքանչյուրի զիջման մեկ քայլին հետեւում է մյուսի քայլը եւ ցանկացած պահի կարելի է առկախել հաջորդ քայլը, եթե հակամարտող կողմը համապատասխան, պայմանավորված քայլը չի անում։ Ինչ խոսք, այդ դեպքում էլ կորուստներ լինելու են, բայց դրանք փոխհատուցելի են եւ փոքրիկ, մեկքայլանոց կորստի դեպքում ունենում ենք ոչ միայն հաջորդ քայլը չանելու իրավունքը, այլեւ, ինչքան էլ մեզ չսիրեն մեր թշնամիներն ու բարեկամները, ստիպված են ընդունել հաջորդող քայլերը չանելու իրավացիությունը։
Բայց, ինչպես ասացի, խոսքը փաթեթային կամ փուլային տարբերակների տարբերությանը չի վերաբերում, այլ հարցի ազգային եւ ազգայնական դրվածքին։ Երկու ծրագրերն էլ այնքան համապարփակ են եւ կառուցիկ, որ մեդիտացիայով զբաղվողների համար կարող է հիանալի նյութ ծառայել։ Այդ է պատճառը, որ իշխանափոխությունից 6 տարի անց, երբ ընդդիմությունը փորձում է նոր խոսք ասել, ընտրում է կողմերից մեկի դիրքորոշումը եւ ստիպված է կրկնել դրույթներ, որոնք վաղուց շրջանառության մեջ են։ Այդ չի նշանակում, իհարկե, թե բոլորը միասին նույն լուծումը գիտեն, այլ, ինչպես քաղաքագետ ընկերս է պնդում՝ «լուծման աղոտությունն ու հեռանկարի բացակայությունը փոխարինում են «Ղարաբաղը մերն է» մանթրայով»։
Իսկ հարցի ազգային եւ ազգայնական դիրքորոշումների միջեւ՝ անկախ փուլային թե փաթեթային տարբերակի, մի մեծ տարբերություն, այնուամենայնիվ, կա. մեկը լուծում է առաջարկում Ղարաբաղի անվտանգության խնդիրը (ազգային), մյուսը՝ անկախության (միջազգային)։ Ինչ խոսք, երկուսն էլ հեշտ լուծելի խնդիրներ չեն, սակայն առաջինը շատ ավելի իրատեսական է թվում, այսինքն՝ երկու կողմի համար էլ ընդունելի, երկրորդը՝ իդեալական, այսինքն՝ ընդունելի միայն մեզ համար։ Բնականաբար, Ադրբեջանն էլ կունենա իր իրատեսական եւ իդեալական տարբերակները, որ հիմա ձեւակերպվում է որպես ձգձգում, ինչին արդեն 6 տարի համերաշխորեն արձագանքում են հայաստանյան իշխանությունները։
«Վատ սցենարների ակնկալիքով ապրող ժողովուրդ ենք», դառնանում է ազգային հոգեկերտվածքով իմաստնացած Քոչարյանը։ Հուսահատությունը իրոք մեղք է, աստվածաբանում էր դանիացի փիլիսոփա Կերկեգորը։ Բայց ավելի մեծ մեղք չէ՞ չընդունել դրա իրողությունը, որը գոնե հույսի ելք է թողնում ապագայի համար, որտեղ զոհի հոգեբանությամբ ապրելը ամենեւին էլ մեղքերի քավություն չէ, այլ եւս մեկ ծառայություն պատմության մեր պատկերացման դժոխային ընթացքին։
ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ