Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնում է սպանել նախկին պատգամավորին

Փետրվար 21,2004 00:00

Մամուլի
ազգային ակումբը երեկ հրավիրել էր լրագրողներին՝ հանդիպելու քաղաքացի Արծրուն
Ահարոնյանին
«Ահարոնյանը փորձում է ետ բերել իր սեփականությունը, սակայն չի հաջողվում։ Նրա կինը՝ Մերի Ահարոնյանը, սթրեսից մահացավ»,- լրագրողներին ասաց ՄԱԱ համանախագահ Նարինե Դիլբարյանը։ «Առավոտն» արդեն գրել էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «Արարատ» կոոպերատիվը հափշտակելու մասին. 191 հազար 820 ԱՄՆ դոլար արժողության շշալցման հոսքագիծը գողացվել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վրեժ Շահգելդյանի կողմից։ Գլխավոր դատախազությունն այդ կապակցությամբ հարուցել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 86 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Իրավապահները արձանագրել էին, որ հոսքագծի գողը՝ Վրեժ Շահգելդյանը, հափշտակել է ոչ միայն նշված հոսքագիծը, այլեւ՝ «ահաբեկելով եւ խաբեությամբ 1993-94թթ. ընթացքում տիրացել է Ա. Ահարոնյանի ձեռնարկությանը պատկանող փայտամշակման արտադրամասին, T-40 մակնիշի տրակտորին, վառելիքաքսուքային նյութերի վաճառքի կետին, որտեղ գտնվող 11 ցիստեռններից 4-ը վաճառել է, 7-ը՝ տեղափոխել նույն գյուղում գտնվող իր ֆերմայի տարածք» (սա մեջբերում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ Մ. Ալեքսանյանի 06.08.2001թ. որոշումից)։ Գործը Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունից ուղարկվեց Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազություն, ապա՝ Կենտրոնի դատախազություն։ Հենց այնտեղ էլ գործի ընթացքը կասեցվել է:

Արծրուն Ահարոնյանը երեկ տեղեկացրեց, որ դիմել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, գլխավոր դատախազ Արամ Թամազյանին, սակայն, ինչպես պնդեց. «Վերջնականապես համոզվեցի, որ Վրեժ Շահգելդյանն ունի շատ մեծ բարձրաստիճան հովանավորներ կառավարության եւ դատախազության կառույցներում, որոնք իրենց անմիջական միջամտությամբ խանգարում են քրեական գործի օբյեկտիվ քննությանը»։ Ա. Ահարոնյանը նաեւ հայտարարեց. «Եթե այս գործը մոտակա ժամանակում օբյեկտիվ լուծում չստանա, ապա ես իմ արժանապատվությունը պաշտպանելու համար ստիպված կլինեմ գործել վենդետայի կանոններով»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել