Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխության փաթեթային տարբերակ

Փետրվար 21,2004 00:00

Հայաստանում Ռ.Քոչարյանից ազատվելու միակ տարբերակն, ըստ Վազգեն Մանուկյանի, հենց Քոչարյանի հրաժարականն է:

Այս տեսանկյունից ԱԺՄ նախագահն իր երեկվա ասուլիսում լիովին համաձայն էր Քոչարյանի օրերս հայտնած այն տեսակետի հետ, թե Սահմանադրության միջոցով նախագահ փոխելը գործնականում անհնար է: Իր հնչեցրած հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր Քոչարյանից ազատվել, պարոն Մանուկյանն ինքն էլ պատասխանեց. «Նա պետք է ստիպված լինի գնալ, կամավոր հրաժարական տալ, ինչպես 98-ին դա արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Միակ ձեւը դա է»:

Իհարկե, Վ.Մանուկյանն այնքան միամիտ չէ կարծելու համար, թե Ռ.Քոչարյանը վաղը հենց այնպես վեր կկենա ու ինքնակամ հրաժարական կտա: Ուստի նա հատուկ շեշտեց, որ նախագահը հրաժարական կտա այն ժամանակ, երբ «նրա դեմ մեծ ուժ հավաքվի. ամբողջ ժողովուրդն իր ցասումով ցանկություն հայտնի նրան փոխել»: Պարոն Մանուկյանը վերապահում արեց. «Կարծում եմ դա էլ լրիվ բավական չէ: Ըստ որում, եթե մենք նույնիսկ Սահմանադրության կետերով առաջնորդվենք, «Հանրաքվեի մասին օրենքն» ընդունենք ու նա վստահության չարժանանա, միեւնույնն է՝ նրա պաշտոնանկությունը պետք է Սահմանադրության դրույթներին համապատասխան լինի: Պետք է դա հասկանալ: Եթե մենք զուտ Սահմանադրական կետերով ենք շարժվում, մտնում ենք փակուղի: Նորից եմ ասում. ինքը պետք է գնա եւ գնա ժողովրդի ցասումով: Բայց այս խնդիրը, ինչպես Ղարաբաղի հարցը, փուլային լուծել չի լինի. դա պետք է «փաթեթային» լինի»:

ԱԺՄ նախագահի կարծիքով, «ընդդիմությունը պետք է միավորվի եւ հայտարարի, որ մենք Ռ.Քոչարյանի հրաժարականն ենք պահանջում, մենք վերցնում ենք իշխանությունը, մեզնից մեկին դարձնում ենք նախագահ, բայց նա նախագահ կլինի ժամանակավորապես՝ երկու տարով: Այդ ընթացքում իշխանության որակական փոփոխություն պետք է կատարվի. պետք է ընդունվի օրենք «Անվտանգության խորհրդի մասին», որտեղ ներկայացված կլինեն եւ ընդդիմադիր, եւ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները եւ կվերահսկեն պետությունը: Երկու տարվա ընթացքում պետք է փոխվի Սահմանադրությունը, ընդունվի Ընտրական նոր օրենսգիրք, ընտրվի նոր ԱԺ եւ, եթե Սահմանադրությամբ սահմանվի կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգ՝ ընտրվի նոր նախագահ: Իսկ ժամանակավոր նախագահն այդ դեպքում այլեւս իր թեկնածությունը առաջադրելու իրավունքը չպետք է ունենա: Նա պետք է հեռանա՝ ապահովելով արդար ընտրություններ»,- պարզաբանեց Վ.Մանուկյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինքն իրեն տեսնո՞ւմ է այդ ժամանակավոր նախագահի դերում, Վ.Մանուկյանը խոստովանեց. «Ես ինձ ե՛ւ ցանկացած պահ տեսնում եմ նախագահ, ե՛ւ ցանկացած պահ դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում, անկեղծ ասած»:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ԱԺ-ում ընդդիմադիրների բոյկոտը որքա՞ն է տեւելու, եւ արդյոք կան նախադրյալներ, որ դրանք կբերեն ցանկալի արդյունքի, պարոն Մանուկյանն իր կարծիքը հայտնեց. «Բոյկոտով մենք փորձելու ենք ժողովրդին ոտքի հանել եւ «Հանրաքվեի մասին օրենքն» անցկացնել: Եթե այդ օրենքը ընդունվի, նշանակում է իշխանություններն արդեն ջարդված են, եւ պրոբլեմները կարող են լուծվել այս կամ այն հերթականությամբ: Եթե դա տեղի չունենա, ապա՝ ընդդիմությունն ունի երեք ճանապարհ. ա/ ետ վերադառնալ խորհրդարան՝ ինչին ես կտրականապես դեմ եմ, բ/ շարունակել այսպես բոյկոտել, ինչն անիմաստ է, գ/ մանդատները դնել եւ գնալ ավելի սուր պայքարի»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել