Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԻՐԵՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԴԵՐ Է ՎԵՐԱՊԱՀԵԼ

Փետրվար 21,2004 00:00

Հեգնում
է ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որը թեեւ միջադեպը սպառված է համարում,
սակայն կարծում է, թե ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն պիտի հետեւություններ անեն տեղի ունեցածից:

– Դուք ՀՅԴ Ընդհանուր ժողովի ավարտին էիք հետաձգել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի ելույթին հանգամանալից անդրադարձը, որ հավասար պայմաններում լինեք եւ դաշնակցականները պատասխանելու հնարավորություն ունենան: Ահա եւ նրանք պատասխանեցին, թե նպատակ չեն ունեցել որեւէ մեկին վիրավորելու կամ մեղադրելու:

– Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հաստատեց այն ենթադրությունը, որը ես արել էի «Առավոտում». այն է, թե այդ ելույթն առաջին հերթին ինքնաքննադատություն էր: Կարծում եմ՝ սա բավականին հարցեր հստակեցնում է: Այդ լույսի ներքո դիտարկելով այս զեկույցը՝ տրվում են շատ հարցերի պատասխաններ:

– Սակայն Դուք ինքնաքննադատության մասին ենթադրությունը հայտնել էիք այն առնչությամբ, թե գուցե Հրանտ Մարգարյանը հենց ՀՅԴ-ին է նկատի ունեցել, երբ նշել էր, թե «ոմանք ընձեռված լծակներով ու կարելիություններով հասան ընտրությունների՝ իրենց համար նպաստավոր արդյունքների»։ Մինչդեռ նա պնդեց, որ ՀՅԴ-ն ընտրախախտումներ չի արել:

– Ինքնաքննադատության մասին իմ դիտարկումը միայն ընտրախախտումներին չէր վերաբերել, այլ այն ամենին, ինչ ասել էր պրն Մարգարյանը: Իսկ ընտրախախտումների առնչությամբ ՀՀԿ-ն չի տեսնում իրեն ուղղված որեւէ մեղադրանք: Շատ լավ է, որ պրն Մարգարյանն ընդունում է, թե որպես ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչ ունեցած կուսակցություն՝ ՀՅԴ-ն նույնքան պատասխանատվություն էր կրում, որքան ՀՀԿ-ն: Իսկ մնացածի մասին խոսելը կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, երբ որոշակի մատնանշվեն ընտրախախտում անողների անունները եւ հետագայում էլ հետամուտ լինենք, որ պատժվեն այդ անձինք կամ խմբերը, որպեսզի այդ ամենը չկրկնվի հաջորդ ընտրություններում:

– Կոալիցիայի նիստում, ենթադրելի է, որ առավե՞լ որոշակի եք խոսել Հրանտ Մարգարյանի ելույթի առանձին դրույթներից դժգոհության առնչությամբ:

– Այո: Ճիշտն ասած, համաձայն չեմ պրն Մարգարյանի այն դիտարկմանը, թե ինչ-որ կուսակցություններ հանիրավի իրենց վրա են վերցրել որոշ դիտողություններ, որոնք միգուցե իրենց չէին վերաբերում: ՀՀԿ-ն նման բարդույթ չունի: Այլ խնդիր կա, որ արտահայտված էին մի շարք մոտեցումներ, որոնք մեզ համար իսկապես անընդունելի են: Նախ՝ կարծում ենք, որ դաշինքի մեջ միավորված եւ, առավել եւս՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորած կուսակցությունները պիտի միմյանց նկատմամբ (հատկապես հրապարակային ելույթներում) լինեն ավելի զուսպ: Հրանտ Մարգարյանը չի համաձայնում այս տեսակետին եւ, կարծում եմ՝ այնքան էլ արդարացի չէ: Քանի որ զուսպ լինելը չի նշանակում թաքցնել իրողությունները: Կամ՝ ամեն ինչ չէ, որ ճիշտ է անմիջապես հենց հրապարակավ ասելը, եթե ունես գործընկերներ:

Այդ զեկույցի մեջ շեշտադրումներ կան, որոնք առանձնահատուկ դեր են վերապահում ՀՅԴ-ին. մասնավորապես՝ թե ինչու Դաշնակցությունն ընդգրկվեց կոալիցիայում եւ կառավարությունում: Ի վերջո՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրել իր ճանապարհը, մասնակցել-չմասնակցելը եւ տեղին չեն նման հղումները. «Թվում էր՝ մեր դեմ աշխատողները այլեւս մեզ իրենց կողքին չպետք է ցանկանային տեսնել, թվում էր, թե մասնավոր ճիգեր գործադրած եւ մեծամասնություն ապահոված ուժերը, ձեռք ձգած արդյունքը լավապես օգտագործելով, իրենց ուսերին պետք է առնեին պատասխանատվության ամբողջական բեռը։ Բայց այդպես չեղավ»։ Կարծում եմ՝ այստեղ այլ կարծիք լինել չի կարող, որ սա վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին: Նախ՝ «մեր դեմ աշխատողների մասին». եթե խոսքն ընտրությունների ժամանակ պայքարի մասին է՝ այստեղ որեւէ վատ բան չեմ տեսնում, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը ներկայացնող թեկնածուները մի շարք տեղերում մրցակցել, պայքարել են միմյանց դեմ: Սա նաեւ եղել է փոխադարձ համաձայնության շրջանակներում եւ գոնե հանրապետականները չեն խախտել այդ համաձայնությունները: Իսկ եթե չուզենայինք ՀՅԴ-ին մեր կողքին տեսնել՝ այդ մասին հստակ կասվեր: Ինչ վերաբերում է նրան, թե «պատասխանատվության ամբողջ բեռն իրենց ուսերին չվերցրին»՝ կարծում եմ, գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն 3-4 տարի միայնա՛կ, առանց տրտնջալու կրել է պատասխանատվության բեռը՝ ունենալով ավելի քիչ պատգամավորներ, քան ունի այս խորհրդարանում: Եվ մենք որեւէ պատճառ չունեինք հրաժարվելու կրկին պատասխանատվության ամբողջական բեռից: Այլ բան է, որ կոալիցիոն կառավարություն ձեւավորելիս եղել է նաեւ հստակ համաձայնություն, որ բոլո՛րը՝ անկախ իրենց ունեցած պատգամավորների կամ նախարարների թվից՝ կրում են ամբողջական պատասխանատվություն: Թե չէ ի՞նչ է ստացվում, ինչպես պրն Մարգարյանն է ասում՝ «Մենք պարզերես ենք մեր նախարարների, մարզպետների գործունեության համար»: Այսինքն՝ համարվում է, որ ամեն ինչ շատ լավ է ՀՅԴ-ն ներկայացնող պաշտոնյաների գործունեության մեջ, իսկ մյուսները լուրջ թերություններ ունեն, եւ դրանց համար ՀՅԴ-ին հանիրավի՜, կամ՝ ինչպես Հրանտ Մարգարյանն է ասում. «Մենք անարդարորեն պատասխանատու ենք համարվում բոլոր այն ոլորտների համար, որոնց հետ ո՛չ հեռվից եւ ո՛չ էլ մոտիկից որեւէ առնչություն չունենք»։

– Սակայն ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն այժմ ճշտեց, որ իրենք ոչ թե հրաժարվում են պատասխանատվությունից, այլ ուղղակի չեն կարողանում այն իրականացնել:

– Այո, զեկույցի համեմատ էական տարբերություններ կան, եւ լուրջ վերանայումներ են արվել թե՛ հայտարարություն ընդունելիս, թե՛ ասուլիսի ժամանակ: Բայց ինչ ասված է՝ ասված է: Եվ դժգոհությունն ակնհայտ էր զեկույցում՝ այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Հայերենն առանձնապես շատ երկիմաստություն իր մեջ չի պարունակում, եւ ակնհայտ է, թե ինչ է նշանակում «անարդարորեն պատասխանատու ենք համարվում» արտահայտությունը: Կամ ասվում է՝ «Առայժմ մեզ չի հաջողվել կառավարության մեջ ստեղծել հավաքական ղեկավարություն»: Շատ պարզ է, թե ինչ սկզբունքով է գործում կառավարությունը՝ որոշումներն ընդունվում են կառավարության նիստերում քննարկման ու համաձայնության արդյունքում: Ի՞նչն է, որ չի հաջողվել: Ինչ խոսք, ամենուրեք կան թերություններ: Բայց նման արտահայտություններով խոսելն այդ թերությունների մասին՝ դժվար թե ճիշտ համարվի: Ասում է՝ «Պատասխանատու ենք համարվում այս ամենի համար, երբ մեր իսկ առաքելությունն այդ երեւույթների դեմ պայքարն է»: Բոլորի համար ակնհայտ է, որ իշխանությունը միշտ պատասխանատու է այն ամենի համար, ինչ կա երկրում՝ նաեւ արատավոր երեւույթների: Եվ այո՛, հենց իշխանության առաքելությունն է նման երեւույթների դեմ պայքարելը. սա շատ պարզ բան է՝ այստեղ դժգոհելու, նեղվելու, նեղսրտելու ի՞նչ կա՝ ուղղակի անհասկանալի է:

– Այս բոլոր խնդիրների քննարկումից հետո կարելի՞ է ասել, որ միջադեպը սպառված է, թե՞ խնդիրները մնում են:

– Այն առումով, որի առնչությամբ տարբեր կանխատեսումներ էին արվում՝ իհարկե՛, սպառված է միջադեպը, քանի որ ՀՀԿ-ն միշտ հանդես է եկել համագործակցության օգտին: Եվ բնական է, որ այն ինչ կատարվեց Ընդհանուր ժողովում՝ չի կարող հիմք լինել համագործակցության վերանայման համար: Բայց կարծում եմ՝ ե՛ւ ՀՅԴ-ում, ե՛ւ ՀՀԿ-ում պետք է արվեն անհրաժեշտ հետեւություններ: Սա ամենակարեւորն է, քանի որ մեզ համար շատ տարօրինակ կլինի, եթե նորից հնչեն նման ձեւակերպումներ: Ի վերջո՝ կա՛մ կուսակցությունը կոալիցիայի մեջ է, կառավարություն է ձեւավորել եւ բոլոր թերությունների մասին խոսում է իսկապես ներսից, կա՛մ՝ եթե դրսից է խոսում՝ ապա այդ ժամանակ ինչպե՞ս հասկանալ կոալիցիոն կառավարության մեջ դերակատարությունը: Կարծում եմ՝ այնուամենայնիվ հնարավոր կլինի հետագայում խուսափել նման կոշտ գնահատականներից եւ այնպիսի ձեւակերպումներից, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է լինում եւս մեկ անգամ պարզաբանումներ տալ:

Զրուցեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել