Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՀԵՏ ՉԷ

Փետրվար 20,2004 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՀԵՏ ՉԷ ԿԳՆ Գիտության եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ Արամ Քոսյանը մեզ հետ զրույցում «Զինապարտության մասին» օրենքի նախագծի՝ գիտությանը վերաբերող վիճարկելի կետերի առնչությամբ ասաց իր կարծիքը. «Եթե նույնիսկ բակալավրիատից բանակ գնացողների 100 տոկոսն էլ վերադառնա ու շարունակի ուսումը, ապա այդ 2 տարվա զինծառայությունը բացասաբար կանդրադառնա նրանց ուսման որակի վրա»: Ըստ Արամ Քոսյանի, երկու զորակոչը (գարնանային եւ աշնանային) միասին 1000-ից էլ պակաս է բանակ զորակոչվող ասպիրանտների եւ մագիստրոսների թիվը: Հիշեցնենք, որ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը, օրինագիծը լրագրողներին ներկայացնելիս, ասել էր, թե նրանց թիվը մոտ 1000 է՝ յուրաքանչյուր զորակոչին: Ինչ վերաբերում է այն կետին, թե գիտության թեկնածուն բանակում կծառայի ըստ իր մասնագիտության, պրն Քոսյանը նշեց, որ զրուցել է ՊՆ որոշ աշխատակիցների հետ, եւ պարզել, որ վերջիններս էլ չեն պատկերացնում, թե ինչպես, ասենք, հասարակական գիտությունների թեկնածուն կամ մաթեմատիկոսը իր տեղը գտնի բանակում: ԿԳ նախարար Սերգո Երիցյանն այս մասին դեռեւս լռում է: Երեկ նա մեզ հայտնեց, որ հարցին կանդրադառնա Սերժ Սարգսյանի՝ ուսանողների հետ այսօր կայանալիք հանդիպումից հետո, հավանաբար եկող շաբաթ: Իսկ այսօր կայանալիք այդ հանդիպումը, պարզվում է՝ այն չէ, ինչ սպասում էինք: Նախ լինելու է փակ՝ առանց լրագրողների մասնակցության: Բացի այդ, հանդիպումն իրականում Սերժ Սարգսյանի եւ «յուրային»՝ Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի (նախագահ՝ Վազգեն Խաչիկյան) միջեւ է: Այս մասին մեզ հայտնեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ, ԳԱԱ ասպիրանտ Արարատ Միրզոյանը: Վերջինս նաեւ հայտնեց, որ իրենց խումբը հանդիպմանը չի մասնակցի, որովհետեւ 120 հրավիրվողներից միայն մի քանի տեղ է հատկացվել խմբին, եւ օրակարգում ընդամենը մեկ կետով է ընդգրկված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հարցը, որի շուրջ պարզաբանումներ է տալու պաշտպանության նախարարը: «Իսկ մենք այդ պարզաբանումների կարիքը չունենք, այդ հանդիպման ժամանակ հնարավոր չի լինի կոնստրուկտիվ բանավեճ անցկացնել, այդ պատճառով նպատակահարմար չենք գտնում մասնակցել դրան: Մենք հանդիպում ենք ուզում նախարարի հետ այնպիսի պայմաններում, երբ հնարավոր կլինի մանրամասն քննարկում անցկացնել օրենքի վիճահարույց կետերի շուրջ»,- ասաց Արարատ Միրզոյանը: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել