«ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ» «Զինապարտության մասին» օրենքի նախագծի որոշ վիճարկելի դրույթների մասին է խոսում Արշակ Սադոյանը: – Վերջերս կայացավ մտավորականների հավաք, որի ժամանակ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը եւ Դուք բարձրացրիք նաեւ գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձանց ուսումից կտրելու հարցը: Սակայն ոչ բոլոր մտավորականներն են այսօր բարձրաձայնում այս մասին: – Կարծում եմ, որ իսկապես կարեւորագույն հարց է: Սա այն դեպքն է, որ համաժողովրդական ճնշմամբ կարող ենք հասնել հաջողության: Ես այն կարծիքին չեմ, որ օտար ուժեր փորձում են հիմարացնել մեր ժողովրդին՝ զրկելով նրան գիտական աստիճաններ ստանալու ռեալ հնարավորություններից: Դրա բուն պատճառը վերից վար կուռումպացված իշխանական համակարգն է, որի ժամանակ ավելի հեշտ է օրենքով թույլ չտալով, փորձել իշխանական լծակների օգտագործմամբ, կաշառք վերցնելով՝ ազատել մարդկանց բանակից եւ ոչ թե իրավունք տալ շնորհալի մեր երիտասարդներին՝ շարունակել իրենց ուսումը: Եվ կարծում եմ, բոլորն էլ հստակ հասկանում են, որ այդ շնորհալիների չնչին քանակը չէ, որ ազդելու է մեր բանակի քանակի վրա, սա ուղղակի լրացուցիչ մեխանիզմ է՝ նորից հնարավորություն տալ զինակոչով զբաղվող որոշ շահամոլների՝ փողով ազատելու ինչ-որ մարդկանց երեխաների: Օգտվելով ընդդիմության բոյկոտից, ձեռքի հետ փորձում են անցկացնել մի խայտառակ օրենք, որի հեղինակները չեն մտածում այն մասին, որ եթե 2 տարով կտրում են երիտասարդին գիտությունից, ապա նրանցից շատերն այլեւս հետ չեն վերադառնա: Ուզում եմ դիմել Ռոբերտ Քոչարյանին. եթե դուք մտահոգ եք, որ Ալբերտ Ազարյանի դպրոցը 3 ամիս չջեռուցելու դեպքում 5 երեխայից 2-ն էլ կարող է չվերադառնալ սպորտ, ապա Ձեր կարծիքով, 2 տարի կտրվելով կրթական համակարգից, քանի՞ հոգի կվերադառնա մագիստրատուրա, եւ դրա պատճառով հայ ժողովուրդը որքա՞ն գիտական կարողություն կկորցնի: – Նախագծի մի դրույթում ասվում է. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գիտական աստիճան ստացող ՀՀ քաղաքացիները զորակոչվում եւ զինվորական ծառայություն են անցնում ստացած մասնագիտությանը համապատասխան»: – Մարդկանց հիմարի տեղ են դնում։ Բոլորս էլ հասկանում ենք: Չեմ էլ պատկերացնում, թե կենսաբանը, աշխարհագրագետը, երկրաբանը ինչով պետք է զբաղվեն, դա ծիծաղելի է: – Ընդդիմությունը ինչպե՞ս է պատրաստվում պայքարել իր համար անընդունելի օրենքների դեմ, եթե բոյկոտում է ԱԺ նիստերը: – Մեր բոյկոտը երկսայրի սուր է. մի կողմից դա մեկ անգամ եւս շեշտում է՝ ինչքան խայտառակ վիճակ է տիրում ոչ լեգիտիմ այս օրենսդրական մարմնում, մյուս կողմից ընդդիմությանը զրկում է հնարավորությունից՝ քննարկումների ժամանակ ուղղակիորեն ցույց տալ, թե ինչ խայտառակ օրենքի նախագիծ է բերված: Կարծում եմ, ընդդիմությունը կփորձի այս հարցին ԶԼՄ-ներով անդրադառնալ, ժողովրդին ցույց տալ, թե ինչ վտանգավոր օրենք է: Առաջիկայում հանրահավաքներ կլինեն, այս հարցն էլ կբարձրացնենք: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ