ՍԱՈՒՆԱՆ ՕԳՏԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ Բայց վտանգավոր՝ շենքի համար Մաշտոցի 40ա շենքի բնակիչներն իրենց նկուղում իրականացվող շինարարության դեմ բողոքել են, բնականաբար ոչ միայն «Առավոտին», այլեւ՝ իշխանություններին: Ըստ դիմում-բողոքի, «Մաշտոցի 40ա շենքի նկուղային հարկում մեզ անհայտ անձանց կողմից կատարվում է ինչ-որ օբյեկտի շինարարություն: Քանդվում է շենքի հիմքը, կտրում172հանում են հիմնասյուներն իրար կապող երկաթբետոնե գոտիները՝ շենքը զրկելով սեյսմակայունությունից»: Բնակիչներին հասած լուրերի համաձայն, շենքի նկուղի մոտ 240քմ տարածքում կառուցվելիքը շոգեբաղնիք է, դրան հարազատ ատրիբուտներով՝ բար, հանգստի եւ մերսման սենյակներ: Եթե այդպես է, որքանով է նպատակահարմար բնակելի տան մի հատվածը հատկացնել ժամանցի վայրի: Բնակիչները մտավախություն հայտնեցին, որ անվտանգության կանոնների խախտումներով իրականացվող շինարարությունը 12 հարկանի շենքի համար վատ հետեւանքներ կունենա. «Շենքը դարձնում են վթարային, նույնիսկ թույլ ցնցումների դեպքում հարյուրավոր բնակիչների վտանգ է սպառնում»: Երեկ «Առավոտը» եղավ Մաշտոցի 40ա շենքում՝ փորձելով տեղում պարզել բողոքում նշված փաստերը: Թեեւ հիշատակված հասցեում ամեն ինչ նկարագրվածի պես էր՝ շինարարությունը սկսված էր, շենքի շրջակայքում շինարարական աղբ ու ավազ էր թափված, սակայն այդ պահին կառույցի հեղինակին կամ աշխատող բանվորներին տեղում չգտանք, իսկ օբյեկտի մուտքի դուռը կնքված թղթիկով փակ էր: Ավելի ուշ Կենտրոն համայնքի թաղապետարանից տեղեկացանք, որ կոմունալ տնտեսության բաժնի պետ Միքայել Դավթյանի՝ օրերս շինարարության վայր այցելելուց հետո շինաշխատանքները դադարեցվել են, իսկ կառույցի հեղինակին ծանուցագիր է ուղարկվել՝ համապատասխան փաստաթղթերով թաղապետարան ներկայանալու համար: Մ. Դավթյանի խոսքերով, այժմ թաղապետարանի կողմից գործը ուսումնասիրվում է: Երեկվա դրությամբ, շինարարության հեղինակի՝ թաղապետարանին տրամադրած փաստաթղթերը թերի էին, ինչը կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցներին շփոթության մեջ էր գցել: Ուշագրավ էր այն, որ օբյեկտի տիրոջ ներկայացրած նկուղի սեփականության վկայականը «Պրոգրես 2000» ՍՊԸ-ի անունով էր, իսկ մյուս՝ «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի կողմից տված սեյսմակայունության վերաբերյալ տեղեկանքը տրված էր Հրազդան քաղաքի բնակիչ Վահան Մկրտչյանի անունով: Մ. Դավթյանը հավաստիացրեց, որ եթե կառուցապատողը համապատասխան փաստաթղթեր չներկայացնի, ապա նրան կպարտադրվի տարածքը բերել նախկին տեսքի: Սակայն խիստ հավանական է, որ շինարարությունը շարունակվել է թաղապետարանի զգուշացումից հետո էլ, որովհետեւ մենք հայտնաբերել էինք, որ օբյեկտն ունի երկրորդ դուռ, որը կնքված չէր: Բացի այդ, մեր այցելությունից մի քանի րոպե առաջ, ինչպես հավաստեցին բնակիչները, շենքի բակում օբյեկտի տերը կրկին ավազ էր լցրել: Երեկ Մ. Դավթյանից տեղեկացանք, որ կառուցապատողն ապօրինի է գործում, քանի որ թաղապետարանի կողմից չունի շինարարության համար անհրաժեշտ թույլտվություն: Իսկ բնակիչները «խոստացան», որ պատկան մարմինների կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելու եւ անօրինականությունը չկանխելու դեպքում շուրջօրյա ցույցերով կխոչընդոտեն շինարարությանը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ