Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅԴ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ԵՎՍ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է

Փետրվար 20,2004 00:00

ԱՅԴ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԸ ԵՎՍ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է Երեկ տեղի ունեցավ «Արդարություն» դաշինքի հանդիպումը բյուրեղավանցիների հետ Ռոբերտ Քոչարյանն իր հեռուստաելույթում հայտարարեց՝ քանի դեռ ընդդիմության գործողությունները ձեւավորվում են երկրի Սահմանադրության շրջանակներում, իշխանությունները որեւէ միջամտություն չեն ունենա այդ գործողություններին։ Սակայն հաջորդ օրն իսկ իշխանությունը խախտեց իր խոսքը՝ բավականին ակտիվ միջամտություն ունենալով երեկ Բյուրեղավանում վաղօրոք հայտարարված «Արդարություն» դաշինք-ժողովուրդ հանդիպմանը։ Բյուրեղավանի բնակիչների վկայությամբ, փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը անքուն ու լարված ժամեր են անցկացրել Կոտայքի մարզպետը, տարածքային ոստիկանները եւ այլ բարձրաստիճան անձինք։ Բյուրեղավանցիները վստահ էին, որ վերջիններս հրահանգ էին ստացել ամեն գնով խանգարել նախօրոք հայտարարված հանդիպումը «Արդարություն» խմբակցության եւ բնակիչների միջեւ։ Այս ուղղությամբ իրականացված մի քանի կոնկրետ քայլերի նաեւ մենք ականատես եղանք։ Բյուրեղավանի մշակույթի տան հրապարակում (որտեղ պետք է տեղի ունենար եւ տեղի ունեցավ հանդիպումը) քարերի մի հսկայական կույտ էր լցվել։ Վարչական կալանքի էր ենթարկվել հանդիպման մասին բնակիչներին բարձրախոսով տեղեկացնող Գագիկ Գեւորգյանը։ Երեկ առավոտից չէր աշխատում Աբովյան-Բյուրեղավան ավտոերթուղին։ Բազմաթիվ բյուրեղավանցի ուսանողների ծնողներ բողոքում էին, որ երթուղու աշխատանքները դադարեցնելու պատճառով իրենց ուսանող երեխաները չէին կարողացել տուն հասնել։ Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ, որոնցից ոչ բոլորին էին բյուրեղավանցիք ճանաչել, շրջել էին տնետուն, փողոցներում հանդիպել էին մարդկանց եւ «ընկերական խորհուրդ» էին տվել՝ չգնալ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման։ Միակ լավ բանը, որ արել էին տեղական իշխանությունները, այն էր, որ մշակույթի տունը չէին հոսանքազրկել։ Հանդիպումը կայացավ, եւ ոչ միայն բյուրեղավանցիք էին մասնակցում, այլեւ Աբովյանից եւ հարակից բնակավայրերից էին մարդիկ ոտքով եկել հանդիպման։ Հանդիպմանը մասնակցում էր «Արդարություն» խմբակցությունն ամբողջ կազմով (բացակայում էին միայն Արամ Զ. Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը)։ Հանդիպմանը հեռվից հետեւում էին եւ բոլոր ելույթներն ուշի-ուշով լսում էին Աբովյանի տարածքային միլիցիայի պետը, նրա տեղակալները, նաեւ ՆԳ վարչության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանդիպման մասնակիցներից մեկը (նկատի ունեցեք, որ բյուրեղավանցիք խուսափում էին ներկայանալ անուն-ազգանունով) հիշեցրեց, որ 88-ի շարժումը եւս սկսվեց Աբովյանից եւ բոլորովին պատահական չհամարեց հենց փետրվարի 19-ին հրավիրված հանդիպումը եւ իշխանությունների «հատուկ» վերաբերմունքը դրան։ Բոլոր ելույթ ունեցողները իրենց խոսքում անդրադարձան նախորդ օրը չորս հեռուստաընկերություններին տրված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։ Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ այդ հարցազրույցում որեւէ խոսք չասվեց ժողովրդի մասին, խոսվեց միայն ուժային կառույցների մասին. «որեւէ բան ժողովրդի մասին չասվեց։ Քանի որ ժողովուրդը նրան չի ընտրել, հետեւաբար՝ նրա հույսը ուժային կառույցներն են։ Եվ այս պարագայում, եթե ժողովուրդը «Արդարություն» եւ «ԱՄ» խմբակցության հետ միասնաբար շրջապատի ԱԺ-ի շենքը եւ պահանջի վստահության հանրաքվեի հետ կապված օրենքի ընդունում, իշխանափոխությունը կլինի անխուսափելի»։ Բոլոր հռետորներն անխտիր շեշտում էին, որ «ժողովրդի հետ, ժողովրդի աջակցությամբ ՀՀ-ն պետք է ազատագրել ղարաբաղյան կլանից եւ նրա երկու պարագլուխներից»։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը նկատեց, որ այսօր իշխանությունները շատ երկար պիտի մտածեն՝ ժողովրդի վրա կրակելու հրաման տալուց առաջ. «եւ այն մարդիկ, ովքեր կփորձեն զենք բարձրացնել ժողովրդի վրա, պատասխան են տալու եւ իրենց ընտանիքի անդամներն են պատասխան տալու»։ Իր ելույթը Ալբերտ Բազեյանը եզրափակեց այսպես. «ամենաբարեպահ իրավիճակում կանգնելու ենք եւ չենք հեռանալու, մինչեւ Ռոբերտ Քոչարյանը հրաժարական չտա»։ Մարդիկ տեղերից կոնկրետ ժամկետ էին պահանջում՝ «ե՞րբ, շուտ արեք» եւ այլն։ ԱԺ պատգամավորները շարունակ դիմում էին ոստիկանությանը՝ կալանավորված Գագիկ Գեւորգյանին ազատ արձակելու պահանջով։ Նրա մեղքն այն էր, որ նա նախորդ օրը մարդկանց հրավիրում էր հանրահավաքի։ Հանդիպման ավարտին Բյուրեղավանի ոստիկանական կենտրոնի մոտ հավաքված պատգամավորներն ու ժողովուրդը հասան իրենց նպատակին, եւ Գագիկ Գեւորգյանն ազատ արձակվեց։ «Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին ժողովուրդը դիմավորեց գրեթե նույնպիսի ոգեւորությամբ, ինչպես դա տեղի էր ունենում ուղիղ մեկ տարի առաջ։ Դիմելով հավաքվածներին, Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ անցած մեկ տարում խորացել է հուսալքությունը, տեղի է ունեցել գների թանկացում, սոցիալական բեւեռացում։ Անդրադառնալով նախորդ օրվա հեռուստահարցազրույցին, Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց. «բերվեց Գերմանիայի օրինակը, թե այդտեղ թեկնածուներից մեկը հաղթեց մեկ տոկոս ձայների առավելությամբ, բայց հակառակ կողմը ժողովրդին ոտքի չհանեց»։ Սա գնահատելով որպես ցինիզմ, Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց. «նախագահական ընտրությունների ամենաթեժ փուլում ես ինքս էի ասում, որ կարելի է հաղթել ընդամենը մեկ տոկոսի առավելությամբ եւ լեգիտիմությունը որեւէ մեկը կասկածի տակ չդնի։ Եվ կարելի է նկարել ոչ թե 67, այլ՝ 90 տոկոս, միեւնույն է՝ մնում ես ոչ լեգիտիմ։ Ի՞նչ է, Գերմանիայում համատարած լցոնումնե՞ր էին իրականացվում, 200-ից ավելի մա՞րդ էր ձերբակալվել»։ Ստեփան Դեմիրճյանը ժողովրդին վստահեցրեց, որ իրենք շատ լավ գիտակցում են պատասխանատվությունը. «այն է՝ օր առաջ, մեր ժողովրդի աջակցությամբ ազատվել այս ռեժիմից։ Եվ դա մենք անելու ենք, սիրելի հայրենակիցներ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել