Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանակը չի շահի, գիտությունը կտուժի

Փետրվար 20,2004 00:00

Եթե «Զինապարտության մասին» օրենքի նախագիծն ընդունվի, գիտությունը զառամյալ էլ կմնա

Խմբագրությունն այս օրերին բազմաթիվ բողոքներ է ստանում հասարակության տարբեր խավերից, ուսանողներից ու գիտնականներից՝ կապված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի՝ կառավարության առաջարկած նախագծի հետ:

Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝ հատվածաբար: Ճարտարագիտական, Տնտեսագիտական, Մանկավարժական, Բժշկական պետական համալսարանների, Գյուղատնտեսական ակադեմիայի, ԵՊՀ-ի, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի, Գեղարվեստի ակադեմիայի, Երեւանի պետական լեզվաբանության համալսարանի, Ֆիզկուլտինստիտուտի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական խորհուրդների նախագահների անունից մեզ հղված նամակում մասնավորապես ասվում է. «Բուհերում առկա է գիտամանկավարժական կադրերի պակաս: Մեր կարծիքով, «Զինապարտության մասին» օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հակասում է պետության կողմից երիտասարդության, կրթության եւ գիտության նկատմամբ իրականացրած քաղաքականությանը՝ երիտասարդացնել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների համար»:

ԵՊՀ ուսանողներն, իրենց հերթին դիմելով «Առավոտին», գրում են. «ԿԳՆ նախարարին առաջարկում ենք արմատապես վերանայել առաջարկվող նախագծի կրթությանն ու գիտությանը վերաբերող առանցքային հիմնադրույթները: Լիովին ընդունելով Հայոց ազգային բանակի մարտունակության կարեւորությունը, զինված ուժերում կրթական մակարդակի բարձր լինելու անհրաժեշտությունը, վստահ ենք, որ այն չպետք է իրականացվի բարձրագույն կրթության եւ գիտության հաշվին: Բարձր մակարդակի գիտություն ունենալը շատ անգամ ավելի օգտակար կարող է լինել մեր բանակի ուժեղացմանը, քան գիտությամբ զբաղվող մի քանի հարյուր հոգուն բանակ զորակոչելը»:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ունկնդիր Սերոբ Անտինյանը հիշում է եւ հոռետեսորեն կանխատեսում. «1995-99 գումարման Ազգային ժողովը շատ կտրուկ արձագանքեց Վազգեն Սարգսյանի նախաձեռնությանը՝ պետական բուհերի ուսանողներին տարկետման իրավունքից զրկելու մասին, եւ համապատասխան օրինագիծը մերժվեց: Այն ժամանակվա ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանն այդ օրերին նույնիսկ հրաժարականի դիմում ներկայացրեց: Հաշվի առնելով, որ ներկայիս ԱԺ-ում գիտնականներն ու մտավորականները «փոքր-ինչ» պակաս են ներկայացված, դժվարանում եմ վստահորեն ասել, թե օրինագծին սպասվում է նույն ճակատագիրը»:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ
Թեմային առնչվող ԱԺՄ վարչության հայտարարությունը կարդացեք 6-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել