Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օբյեկտների տերերը կոյուղի են կառուցելու

Փետրվար 20,2004 00:00

Երեկ կառավարությունը քննարկել է «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու որոշման նախագիծը, որի վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չի կայացվել:

Այնուամենայնիվ, այն որպես հիմք է ընդունվել եւ ուղարկվել շահագրգիռ գերատեսչություններ՝ առաջարկությունների, դիտողությունների եւ վերջնական տեսքի բերելու համար: Լիցենզիայի փոփոխության համար, հիշեցնենք, հիմք էր ընդունվել նաեւ բաց ժողովի նախագահողի եզրակացությունը: Երեկ կառավարությունը քննարկել է շարժական (բջջային) կապի եւ ինտերնետի միջազգային ելքի (տվյալների փոխանցում) ծառայությունների մատուցման մենաշնորհից զրկելու հարցը: Լավատեղյակների հաշվարկներով, «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու վերջնական որոշումը մայիսից շուտ պատրաստ չի լինի: Քննարկված տասնյակ հարցերից կառավարությունը կարեւորել էր Երեւանի 2004-2007 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթների հաստատման որոշումը: Քաղաքապետ Երվանդ Զախարյանի ներկայացմամբ, սա առաջին ծրագրային մոտեցումն է Երեւանին: Ըստ նրա, հիմնադրույթները ներառում են մայրաքաղաքի բոլոր ոլորտները՝ քաղաքաշինա-ճարտարապետականից մինչեւ սոցիալական, երիտասարդական ու մշակութային: Ըստ պարոն Զախարյանի, 2006 թվականին էլ պատրաստ կլինի Երեւանի նոր գլխավոր հատակագիծը: Միեւնույն ժամանակ, ավարտված կլինի նաեւ Հյուսիսային պողոտայի շինարարությունը: Դրան զուգահեռ, նախատեսվում է, որ Հյուսիսային պողոտայի աջ եւ ձախ կողմերի «կիսախարխուլ տնակները» կքանդվեն, որի տեղը, ինչպես նաեւ Կոնդի եւ մի քանի այլ փողոցների հին տների տեղում նոր շենքերի կառուցում է նախատեսվում: Ընդհանուր առմամբ, ճարտարապետա-քաղաքաշինական ոլորտում 11.7 միլիարդ դրամի աշխատանք կա: Քաղաքապետարանը նախատեսում է կարգի բերել նաեւ Հրազդանի կիրճը: Կկառուցվի կոյուղին, կվերակառուցվեն ճանապարհները: Սրան մասնակից կդարձվեն նաեւ կիրճում հանգրվանած «նավերի» ու մեծ օբյեկտների տերերը: Ավելին, նրանք ստիպված կլինեն նաեւ իրենց օբյեկտներից դուրս եկող կեղտաջրերի հորերի մաքրման կայաններ կառուցել, ինչը, քաղաքապետի հաշվարկներով, մեծ ծախսեր չի պահանջում:

Նախատեսվում է նաեւ ասֆալտապատում, վթարային շենքերի ամրացում, ավտոբուսների ներկրում եւ այլն, որոնք ահռելի ծախսեր են պահանջում: Հարցին, թե քաղաքապետարանն ինչ միջոցներով է պատրաստվում իրականացնել այս աշխատանքները, Երվանդ Զախարյանը պատասխանեց՝ համայնքների բյուջեների, պետական բյուջեի դոտացիաների եւ դոնոր կազմակերպությունների: Քաղաքապետը նշեց, որ այժմ Դալմայի այգիներում կառավարությունը գույքագրում է անցկացնում ՝ պարզելու համար՝ որքան վարձակալության պայմանագրեր, ազատ հողակտորներ կան եւ այլն: Չի բացառվում, որ հողերի վարձակալության պայմանագրերը երկարաձգվեն: Սակայն նման տարածքների նկատմամբ մինչ այժմ եղած մոտեցումը հաշվի առնելով, կարելի է ասել, որ այդ հողերը հետզհետե կօգտագործվեն քաղաքաշինական նպատակներով: Այն պարզ հիմնավորմամբ, որ գյուղատնտեսական նշանակության հողերն էժան են՝ քառակուսի մետրը $1, իսկ քաղաքաշինական նշանակության հողերը՝ մի քանի հարյուր անգամ թանկ: Այս պարզ հաշվարկների ընթացքում մինչ այժմ քաղաքային իշխանությունները հաշվի չեն առել կամ ավելի ճիշտ՝ անտեսել են բնապահպանական խնդիրները, որոնք միշտ մարդկանց վրա անհամեմատ թանկ են նստում:

ԱՐՄԻՆԵ ՈւԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել