Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանության մեջ պայքարողը

Փետրվար 20,2004 00:00

Իշխանության մեջ պայքարողը

Երեկ ասուլիսից հետո «Առավոտը» ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ
Մարգարյանին խնդրեց պարզաբանել մի քանի հարցեր եւս: Ընդհանուր ժողովի բացմանն
իր ելույթում նա հայտարարել էր. «Նախագահը՝ մասամբ պարտադրված փաստերով,
մասամբ՝ անհրաժեշտ վճռականություն չցուցաբերելով, հանդուրժեց երկրում կոռուպցիայի,
անարդարության՝ արդեն վաղուց մեկնարկած հաղթարշավը»:
Քանի որ ասվածը վերաբերում էր 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակին, հետաքրքրվեցինք, թե արդյոք համարո՞ւմ է, որ այս գնահատականները ճիշտ են նաեւ այսօրվա համար: «Մենք կարծում ենք, որ այսօր երկրում կոռուպցիա գոյություն ունի: Իսկ մեկնաբանությունները Դուք արեք»,- պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Առկա իրավիճակի այս եւ ելույթում հնչած գնահատականները չե՞ն վկայում, թե կոալիցիային մաս կազմելով՝ ՀՅԴ-ն ոչինչ չի հաջողել փոխել, բացի որոշ պաշտոններ ձեռքբերելուց՝ հարցադրմանը պրն Մարգարյանը պատասխանեց. «Ո՛չ: Կարծում եմ, որ հստակ արդյունքներ կան, բայց՝ ոչ բավարար»: Նրա ելույթի վերոհիշյալ դրույթին արձագանքել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը եւ նշել. «ՀՀ նախագահը ներքին քաղաքականության ոլորտում որեւէ պարտադրված քայլի չի դիմել»: Մեր հարցին, թե չի՞ ստացվում, որ Դաշնակցությունը փորձում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դերը ստանձնել, երբ նա չունի դրա կարիքը՝ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Ո՛չ, ես իմ տեսակետը հայտնեցի»: Հետաքրքրվեցինք, թե Ռոբերտ Քոչարյանի պարզաբանումներից հետո մտադի՞ր են հաշտվել, որ Հայաստանում շարունակելու են դերակատար լինել օլիգարխները, ապաքաղաքական ու տնտեսական տարրերը: Հրանտ Մարգարյանն ի պատասխան ասաց, որ գիտակցում է, թե երկրում չի կարող իդեալական վիճակ լինել. «Առկա թերությունների, դժվարությունների, սխալների դեմ պայքարելու ենք: Պայքարելու տարբեր ձեւեր կան. ընդդիմությունը որդեգրել է իշխանափոխության մեթոդը, մենք որդեգրել ենք՝ իշխանության մեջ լինելով, այդ սխալների դեմ պայքարը: Մինչեւ այն ժամանակ, երբ այս հավատամքը մեզ մոտ կամք է ղեկավարելի գործընթաց՝ ես մտահոգվելու բան չունեմ կուսակցության ընթացքի մասին»: Իսկ անդրադառնալով ՀՀԿ գործիչների այն կշտամբանքին, թե Դաշնակցությունը փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ասաց. «Հակառա՛կը: Մենք ասել ենք, որ ոչ թե պատասխանատու չենք, այլ՝ որ չե՛նք կարողանում պատասխանատու լինել: Այս երկուսի մեջ մե՜ծ տարբերություններ կան: Մենք համարվում ենք պատասխանատու եւ, վեճ չունեմ՝ ուզո՛ւմ ենք պատասխանատու լինել: Բայց կարողանո՞ւմ ենք մեր պատասխանատվությունն իրականացնել, թե՞ ոչ՝ սա է հարցը: Եվ այսօրվա փաստն է, որ չե՛նք կարողանում, ուստի մտահոգ ենք, ու ճիգ ենք թափում հասնել այն մակարդակին, որ իսկապես կանգնենք մեր պատասխանատվության տեղը եւ ոչ դա լինի ձեւական: Ինչո՞ւ է այսքան վատ հասկացվում այս ամենը՝ ես զարմանում եմ: Չի՞ կարելի հանգիստ ու պարզ խոսել»: Մեր դիտարկմանը, թե երեւի մինչ այժմ չէր խոսել՝ արձագանքեց. «Ես ե՞րբ եմ խոսել որ: Մի տարի առաջ եմ խոսել, մի հատ էլ հիմա խոսեցի՝ կրակն ընկա»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել