Ինչպես են կուսակցությունների հանդիպումները ընտրողների հետ ազդում տնտեսության, ներդրումների եւ անշարժ գույքի գների վրա:
Երեկ ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկին հետաքրքրեց ՄԱԿ խմբակցության ղեկավար, գործարար Գուրգեն Արսենյանի կարծիքը՝ Ռ. Քոչարյանի այն հայտարարության առնչությամբ, թե կուսակցությունների այցելությունները մարզեր եւ միտինգային տրամադրությունները բացասաբար են ազդում տնտեսության, ներդրումների, մասնավորապես, անշարժ գույքի շուկայի վրա: «Նայած տնտեսության ո՞ր ճյուղերի մասին է խոսքը. ներքաղաքական լարումը միշտ տնտեսության մի ճյուղի վրա բացասաբար է ազդում, մյուսի վրա՝ դրականորեն: Օրինակ՝ այդպիսի պայմաններում ալկոհոլային խմիչքների, ծխախոտի սպառումն ավելանում է բոլոր երկրներում: ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի սպառումը կտրուկ աճ ունեցավ: Հիմա դա դրակա՞ն միտում է, թե՞ բացասական»,- հարցրեց պարոն Արսենյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն էլ անդրադարձավ իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ-ի, դեպի մարզեր կատարվող այցելություններին: Դրանք ընդդիմադիր ուժերի քարոզարշավին հակակշռելո՞ւ փորձ է, թե՞ ինչ-որ նոր ու մոտալուտ նախընտրական արշավ: Պատասխանելով այս հարցադրմանը խմբակցության ղեկավարը շեշտեց. «Կուսակցություններն իրենց քաղաքականությունը որոշում են ըստ քաղաքական կացության վերաբերյալ իրենց գնահատականի: ՀՅԴ-ն էլ, ի դեմս իր պատգամավորների, հիմա հանդիպումներ է ունենում մարզերում: Բայց, խնդրում եմ, սա ամենեւին էլ չկապեք քաղաքական իրավիճակի, տարբեր տիպի «ճգնաժամային» երեւույթների հետ: Եղանակներն էլ տրամադրող են, եւ մենք այցելում ենք մարզեր՝ պարզապես մեր ժողովրդի հետ կապ պահպանելու, մեր տեսակետները նրանց հայտնելու եւ մեր տեղական կառույցներին օգնելու համար»: «ՀՅԴ-ն մարզեր այցելելով կատարում է ընդամենը իր պատգամավորների խոստումը: Այսինքն, մենք մեր գրասենյակներում ենք լինում, եւ չենք հանդիպում զանգվածային հանրահավաքներում: Գրասենյակներում մարդկանց ընդունելություն է կազմակերպվում եւ մարդիկ իրենց խնդիրներով դիմում են մեզ: Ընդդիմությունը գնում է ժողովրդին լարելու ճանապարհով, նորից իշխանափոխության խնդիրներ է բարձրացնում: Ես եւս այն կարծիքին եմ, որ նորից ժողովրդին ոտքի բարձրացնելով, իշխանափոխության խնդիր դնելով, ժողովրդին քաղաքականացնելով մենք որեւէ կերպ ՀՀ ոչ տնտեսական, ոչ քաղաքական առաջընթացին չենք նպաստում»,- պարզաբանեց Լ.Մկրտչյանը:
Իսկ ՕԵԿ-ի ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը նկատեց, թե՝ իր կուսակցության նախաձեռնած հանդիպումները մարզերում նորություն չեն: Ըստ նրա, դրանք եղել են նաեւ «ՕԵԿ-ի ստեղծումից ի վեր, գուցե՝ ավելի վաղ շրջանում եւս», եւ դա կապ չունի ներքաղաքական պրոցեսների, առավել եւս՝ հնարավոր նոր ընտրությունների հետ:
Թույլ տանք մեզ ենթադրել, որ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի հանրահավաքները անշարժ գույքի գները չեն գցում: Ալկոհոլի մասին դժվարանում ենք ասել:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ