Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է

Փետրվար 19,2004 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տարածել է մի հաղորդագրություն, որում նշված են 2004թ. ֆուտբոլային աշխարհում տեղի ունենալիք այն հիմնական իրադարձությունները: Մասնավորապես, երեկվանից Կիպրոսում ընթանում է միջազգային ավանդական մրցաշար, որին մասնակցելու նպատակով կիրակի օրը այդ երկիր է մեկնել Հայաստանի ազգային հավաքականը հետեւյալ կազմով. Սարգիս Հովսեփյան, Արման եւ Արտավազդ Քարամյաններ, Արա Հակոբյան, Եղիշե Մելիքյան, Բարսեղ Կիրակոսյան, Արթուր Ոսկանյան, Ռոմիկ Խաչատրյան, Արման-Դանիել Համբարձումյան, Էդել Ապուլա Էդիմա Բետե, Կառլ Լոմբե, Աղվան Մկրտչյան, Տուդոր Մարիան Զեչու, Ալեքսանդր Թադեւոսյան, Կարեն Ալեքսանյան, Լեւոն Պաչաջյան, Էդգար Մանուչարյան, Դավիթ Գրիգորյան, Գալուստ Պետրոսյան: Նույն օրը Կիպրոս է մեկնել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Նա, ինչպես նաեւ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կողմից հրավիրվել են որպես մրցաշարի պատվավոր հյուրեր: Փետրվարի 15-ից Կիպրոսում են մեր մինչեւ 17 տարեկանների հավաքականը՝ գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը»: Այս տարի մայիսի 21-ին ՖԻՖԱ-ն Փարիզում տոնելու է հիմնադրման 100-ամյա հոբելյանը: Տարելիցի առիթով այդ կազմակերպությունը ամբողջ տարվա ընթացքում նախատեսել է բազմաթիվ տոնական միջոցառումներ: Մասնավորապես, փետրվարի 27-ից մարտի 1-ը Լոնդոնում մեծարվելու են բրիտանական չորս ասոցիացիաները, Անգլիայի թագուհին Բուկինհեմյան պալատում կազմակերպելու է հատուկ ընդունելություն, որին կհաջորդեն ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի նիստը եւ բրիտանական ակումբների մեծարման արարողությունը: Մարտի 4-ին կկազմակերպվի «ՖԻՖԱ-ն հարյուր տարեկան է» խորագրով ցուցահանդես, որում կներկայացվեն Պելեի ընտրած հարյուր ֆուտբոլիստների գեղարվեստական լուսանկարները, կիրականացվի «ՖԻՖԱ-ն հարյուր տարեկան է» գրքի՝ ամբողջ աշխարհով բաշխելու ծրագիրը, Քրիստիի բարեգործական աճուրդը, Ցյուրիխում՝ ֆիլատելիստական ծրագրի շնորհանդեսը: Ապրիլի 22-23-ին Կիպրոսում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 28-րդ կոնգրեսը, որին յուրաքանչյուր երկրից, այդ թվում Հայաստանից, կմասնակցի երեքական ներկայացուցիչ: Իսկ նախօրեին ՈՒԵՖԱ-ի գործկոմը կգումարի իր ժողովը: Այս ամենից հետո պատվիրակները կմասնակցեն Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի կազմակերպած ընդունելությանը: Այս տարի տեղի են ունենալու նաեւ բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց, անկասկած, ամենաակտիվ գործնական մասնակցություն կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այն, ինչ ներկայացվեց, սոսկ տոնակատարություններ չեն: Կասկածից վեր է, որ դրանց ընթացքում կլինեն բազմակողմ հանդիպումներ, կքննարկվեն օրախնդիր հարցեր, ձեռք կբերվեն համագործակցության փոխշահավետ պայմանավորվածություններ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել