Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆԵՍՈՏԱՅԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Փետրվար 19,2004 00:00

ՄԻՆԵՍՈՏԱՅԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ Սառցե պալատը կառուցվում է 12 տարին մեկ ԱՄՆ Մինեսոտա նահանգն ունի 10 հազարից ավելի լիճ, իսկ լճերից մեկն էլ Հայաստանի տարածքը գերազանցում է 3 անգամ։ Նահանգի ամենամեծ քաղաքը, ուր ապրում է 350 հազարից ավելի մարդ, Սեն Պոլն է, որն ունի ուրույն ճարտարապետական դիմագիծ։ Դպրոցների թիվը 200 է, 70-ը հանրային են։ Դպրոցներում իմ գտնվելու օրերին ամենաաշխույժ զրույցի թեման պատմական դեմքերի եւ դեպքերի, պատմության վերաարժեւորման մասին հարցադրումներն էին։ Քննարկվում էր մասնավորապես այն հարցը, թե Կոլումբոսը նոր աշխարհամասի հիմնադի՞ր է, թե՞, օրինակ, հնդկացիների դեմ կազմակերպած ցեղասպանության պատասխանատու։ Ցրտաշունչ Սեն Պոլում, ուր ձյան շերտը հասնում է 20-25 սմ-ի, տեղացիների եւ զբոսաշրջիկների համար «Գառնի-Գեղարդը» սառցե պալատն է։ 12 տարին մեկ քաղաքն ապրում է սառցե ամրոցի անակնկալներով (այդ առումով բախտս բերել էր՝ պալատի շինարարությունը համընկավ իմ այցելության հետ)։ Միայն փետրվարի 1-15-ը ընկած ժամանակահատվածում 750 հազար մարդ տոմս է գնել եւ այցելել այդ հրաշք կառույցը։ Սառցե «աղյուսները» ահա այսպես բերվել էին հատուկ արկղերով։ Պալատը շրջապատված էր գեղեցիկ քանդակներով, որոնք գիշերային լապտերների լույսի ներքո առանձնահատուկ տեսք էին ստանում։ Երբ ձյունը սկսեց հալչել, գործադիր իշխանություններին արդեն մտահոգում էր սառցե պալատի հետագա ճակատագիրը։ Որոշվեց, որ 27 հազար սառցե «աղյուս» (տուֆ քարի չափով) պետք է փլվի կազմակերպված, «ապահով» ձեւով։ Առաջին փուլը՝ «ապամոնտաժումը» արդեն սկսված է։ Ամբողջ հարցն այն է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ սառցե պալատը կփլվի եւ կխաթարվի քաղաքացիների անվտանգությունը, էլ չենք խոսում առաջացած ջրի վտանգի մասին։ Ապամոնտաժման ժամանակ տեղացիները գրեթե լաց էին լինում։ Սեն Պոլի հաջորդ հրաշքը «Խաղաղության տեսիլք» քանդակն է, որը նկարելու համար ինձ հարկավոր եղավ լինել 18 հարկանի շենքի 3 տարբեր հարկերում։ Այդ քանդակը գտնվում է նահանգային դատարանի շենքում։ Այն 12 մետր է, իսկ պղնձի քաշը՝ 60 տոննա։ Արձանը պտտվում է եւ յուրաքանչյուր պտույտը տեւում է 2,5 ժամ։ Դատարանում գտնվելուս ընթացքում ճշտեցի, որ 2,5 ժամում դատարանը կարողանում է կայացնել 60-70 վճիռ, այսինքն՝ 70 տուժած կամ դատական նիստը շահած քաղաքացի կարող է մասնակից լինել «տեսիլքի» պտույտին։ Իսկ արձանի իմաստն այն է, որ սուրբ հոգեւոր արարողության պահ է, «սուրբ ծխամորճ» է ծխում խաղաղության խորհրդանիշ կինը։ Նրա ոտքերի տակ եւս 5 անձ են, որոնց հանդիպման հետ գալիս է խաղաղությունը։ Մինչ կինը ծխում էր ծխամորճը, դատարանի առաջին հարկի սրահում քաղաքացիների հերթերն են. հայցեր են ընդունվում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել