Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ մարզպետին բաժին հասավ

Փետրվար 19,2004 00:00

Դարձյալ մարզպետին բաժին հասավ Երեքշաբթի տեղի ունեցավ Գյումրիի ավագանու ամենապատասխանատու նիստը. քննարկվեց համայնքի 2003 թ. բյուջեի կատարողականը եւ հաստատվեց 2004-ի բյուջեն: Նիստը սկզբից մինչեւ վերջ ուղեկցվեց մարզպետին ու փոխմարզպետներին հասցեագրված քննադատություններով: Չնայած քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «հատուկ» հրավերին՝ վերջիններս հարկ չէին համարել ներկայանալ: Հասկանալի էր, որ այդ փաստը քաղաքապետը բավականին ծանր տարավ: Իմիջիայլոց, սա բյուջեի առաջին քննարկումն էր, որին մարզպետարանից ներկայացուցիչ չէր մասնակցում: Ու որքան էլ ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը փորձում էր մեղմել քաղաքապետարանի պաշտոնյաների զայրույթը, թե մարզպետի փոխարեն «ես եմ ներկայացել», միեւնույն է, նրանք չդադարեցրին իրենց ռեպլիկները: 2003թ. բյուջեի եկամուտների առաջադրանքը կատարվել է 94 տոկոսով: Ամբողջ մարզը բյուջեն կատարել է 30 տոկոսով: Ավագանու անդամների ու քաղաքապետի մեկնաբանմամբ, անցած տարվա հետ համեմատ սա լուրջ թիվ է: Թերակատարվել էր հատկապես գույքահարկն ու հողի հարկը: Քաղաքապետի դժգոհությամբ, հատկապես ունեւորներն են խուսափում հարկերից՝ գտնելով ստվերում մնալու բոլոր հնարքները: Իսկ հողի հարկի պարտք ունեցող հիմնարկների թիվն անհաշվելի է: Իմիջիայլոց, այս տարի 100 մլն դրամով կրճատվել է կառավարության կողմից հատկացվող դոտացիան, որն էլ Գյումրիի քաղաքապետին անչափ զայրացել է: «Նոր Նորքն ունի 142 հազար բնակիչ, իսկ Գյումրին՝ 170 հազար, Նոր Նորքին տրամադրվել է 625 մլն դրամ, իսկ մեզ՝ 590 մլն եւ այն դեպքում, երբ հանրապետական բյուջեն ավելացել է»,-դժգոհեց քաղաքապետը՝ տրամաբանություն չտեսնելով կատարվածի մեջ: Համայնքի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարվեց, որ ինչքան եկամուտ, այնքան էլ ծախսեր են նախատեսել: Նախատեսվածի մասին Վարդան Ղուկասյանը խոսում էր մեծ ոգեւորությամբ՝ անգամ շանս չտալով զեկուցողին՝ ֆինանսական բաժնի պետ Միշա Գրիգորյանին ավարտելու իր խոսքը: Ներկաներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ տարածքների մաքրման հետ կապված գումարներ չի նախատեսվում, քաղաքապետը պատասխանեց. «30 մլն դրամը մարզպետարանը շահի՝ աղբերը մե՞նք մաքրենք»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել