Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիասկո

Փետրվար 19,2004 00:00

Ֆիասկո Հայտնի է, որ համընդգրկուն եւ բազմամարդ զորավարժություններն ավելի շուտ հետապնդում են քաղաքական, քան պարզապես վարժվելու նպատակ: Բարենցի ծովում ռուսական զինուժի աննախադեպ խոշորամասշտաբ զորավարժությունները, կրեմլյան բարձրաստիճանների մտահղացմամբ, խնդիր ունեին միջազգային հանրությանն ապացուցելու, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հզոր միջուկային տերություն: Այդ բանը հաջողությամբ ապացուցելուց հետո Ռուսաստանը, թերեւս, ավելի վստահ կզգար իրեն այսօրվա խիստ արագ փոփոխվող աշխարհում իր պահանջները հնչեցնելու, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ իր ցանկությունները պարտադրելու հարցում: «Բարենցյան» զորախաղերն իսկապես ապացուցողական արժեք ունեցան: Դրանք ակնառու կերպով ցուցադրեցին, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում ռուսական զինուժն ու, մասնավորաբար, ռուսական միջուկային զինանոցը՝ թե տեխնիկական ապահովվածության, թե շահագործող անձնակազմի կարգապահության եւ պատասխանատվության (ավելի ճիշտ՝ դրանց բացակայության) առումներով: Եթե միջմայրցամաքային հրթիռների ցուցադրական արձակումները, որոնց, ի դեպ, սեւ մորթե փափախ դրած եւ սպիտակ ձեռնոցներ հագած անձամբ հետեւում էր ՌԴ նախագահ Պուտինը, ավարտվեին միայն մեկ «չեպե»-ով, դա էլի մի կերպ «կուտվեր»: Ինչպես հայտնի է, երկու օր առաջ Պուտինը «Արխանգելսկ» սուզանավում հեռադիտակն աչքերին սպասում էր՝ ըմբոշխնելու մեկ այլ՝ «Նովոմոսկովսկ» կոչվող սուզանավից արձակվելիք եւ դեպի Կամչատկա ուղղված հրթիռի թռիչքը: Սակայն արձակումն այդպես էլ տեղի չունեցավ, եւ զուր տեղը 20 րոպե սպասելով, ՌԴ նախագահը լքեց սուզանավը: Երեկ հայտնի դարձավ հաջորդ խոշոր ձախողման մասին: «Կարելիա» ատոմային հածանավից արձակված միջմայրցամաքային հրթիռն այս անգամ, ճիշտ է, թռչել է, սակայն թռիչքի 98-րդ վայրկյանից հետո սկսել է շեղվել նախանշված ուղեծրից: Արդյունքում՝ աշխատել է հրթիռի ինքնաոչնչացման համակարգը: Իհարկե հիմա Մոսկվայում կձեւավորվեն տասնյակ հանձնաժողովներ, որոնք «համակողմանիորեն կուսումնասիրեն» ձախողումների պատճառներն ու կպարզեն մեղավորներին: Բնականաբար, կգտնվեն նաեւ մի քանի «կյաժեր», ովքեր ամբողջությամբ պատասխան կտան Ռուսաստանի ողջ հրթիռային տնտեսության անմխիթար վիճակի համար: Այդ հանձնաժողովներն, իհարկե, երբեք պաշտոնապես չեն արձանագրի, որ կատարվածն ընդամենը ոլորտի նկատմամբ ցուցաբերված տասնյակ տարիների անփույթ եւ անպատասխանատու վերաբերմունքի հետեւանքն է, եւ որ վիճակը շտկելու համար ահռելի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Սրանք արդեն բացառապես Ռուսաստանի խնդիրներն են: Սակայն կատարվածը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ում հետ է ռազմավարական գործընկերություն անում եւ ում է վստահել իր անվտանգությունը Հայաստանը: Այդ գործընկերությունը վտանգավոր է թեկուզեւ այն պատճառով, որ համատեղ զորավարժությունների ժամանակ նման սխալների կրկնության դեպքում, գործընկերներից մեկը պարզապես կարող է ոչնչանալ, եւ հասկանալի է, որ այդ մեկը հաստատ Ռուսաստանը չի լինելու: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա հաստատ իր գլխի ճարը կտեսնի: Ասենք՝ միջազգային հանրությունից ու առաջին հերթին ԱՄՆ-ից գումարներ կպահանջի՝ իր միջուկային զինանոցի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով: Եվ կստանա։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել