Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փարիզը Երեւանի հետ չես համեմատի»

Փետրվար 19,2004 00:00

Նման
եզրահանգման եկավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի մեներգչուհի Գայանե
Գրիգորյանը:
Հունվարի 25-ին եւ 31-ին Գայանե Գրիգորյանը Փարիզի Սուրբ Կաթողիկե եկեղեցում ու Ֆրենի կոնսերվատորիայի դահլիճում մենահամերգներ է ունեցել։

Երգչուհին, որ օրերս է վերադարձել, դեռ ապրում է փարիզյան տպավորություններով։ Իր խոսքերով. «Դա այն երկիրն է, որտեղ ստեղծագործող անհատը կարող է մտածել, որ հենց այնպես զոհողությունների չի գնացել։ Մեզ մոտ, ցավոք, պահ է գալիս, երբ արվեստագետը զղջում է կատարածի համար, անգամ եթե զոհողություններն արվել են հանուն իր կարիերայի»։ Ըստ Գ. Գրիգորյանի, իր սերնդի երգիչները Ֆրանսիայումշոշափելի արդյունքների են հասել: Երգչուհին տեղեկացրեց, որ անհիմն են այն շշուկները, թե իբր նրանք Փարիզում այստեղ-այնտեղ երգելով միայն գոյություն են պահպանում։ «Մեր օպերային թատրոնի նախկին մեներգիչ Մկրտիչ Մկրտչյանը, մենահամերգներին զուգահեռ, դասավանդում է Ֆրենի կոնսերվատորիայում, պատրաստվում էր բեմ դուրս գալ Էսկամիլիոյի դերերգով՝ Բիզեի «Կարմենում»։ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ Սուրեն Շահիջանյանին պարզապես ձեռքից ձեռք են խլում։ Աստղիկ Դեդեյանը մեծ կարիերա է անում, ճանաչված է դաշնակահար, դարձյալ մեր կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգոր Ասմարյանը (ի դեպ, նա նվագակցել է երգչուհուն՝ փարիզյան համերգներին)»,- տեղեկացրեց Գ. Գրիգորյանը։

Երգչուհու ներկայացմամբ, հիմնական մշակութային աշխատանքը Ֆրանսիայում իրականացնում են քաղաքապետարանները: Ֆրանսիացին իր քաղաքապետարանում տարի առաջ արդեն ծանոթանում է նախատեսված մշակութային միջոցառումներին ու նշում ցանկալի երեկոներին իր մասնակցության մասին։ Քաղաքապետարանների գործունեության արդյունքում (որը հիմնականում այս կամ այն կատարողի գովազդն է փաստորեն) ոչ մի մշակութային երեկո չի անցնում կիսադատարկ սրահում։ Գ. Գրիգորյանը հիացած է սփյուռքահայ աշխարհահռչակ երգչուհիներ, Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի մեներգչուհի Լին Դուրյանի ու Հերմինե Երիցյանի՝ իր նկատմամբ ցուցաբերած հոգատարությամբ։ Ի դեպ, աշխարհահռչակ Լին Դուրյանը պատրաստվում է գարնանը այցելել Հայաստան եւ հանդես գալ դուետներով՝ մեր օպերային երգիչների ընկերակցությամբ։

Գ. Գրիգորյանը հյուրընկալվել է Փարիզի հայկական ռադիոյին։ Մեր հետաքրքրությանը՝ անակնկալ ի՞նչ հարցեր եղան, երգչուհին ասաց. «Հիմնականում նրանց հուզում էր մեր արվեստագետների ֆինանսական վիճակը ու չէին մոռանում անընդհատ կրկնել, որ շշմեցնող վոկալ դպրոց ունենք Երեւանում։ Իմ աշխատավարձի մասին հարցը ես պարզապես շրջանցեցի»։ «Առավոտի» հաջորդ՝ համեմատեք Երեւանի ու Փարիզի ձեր հոնորարները առաջարկին Գ. Գրիգորյանը պատասխանեց. «Խնդրում եմ, թույլ տվեք այս անգամ էլ, ձեզ համար գոնե հասկանալի պատճառով չբարձրաձայնել»։ Նա ասաց, որ կցանկանար միայն, որպեսզի հայաստանցի մեծահարուստները հաճախ աջակցեն մեր մշակույթին, ինչպես իր CD-ի թողարկմանը օգնեցին փարիզաբնակ Մադլեն եւ Հայրապետ Սերադաղները։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել