Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սպիտակ եղեռն՝ գիտության հանդեպ»

Փետրվար 19,2004 00:00

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը երեկ հրավիրած ասուլիսում մեկ անգամ եւս կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ երկխոսություն սկսել «Զինապարտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի շուրջ:

Նախագիծն, ըստ խմբի անդամների, սպիտակ եղեռն է՝ սեփական գիտության հանդեպ:

Նախագծի հիմնական դրույթներից մեկի համաձայն, բուհ ընդունված ուսանողները բակալավրիատն ավարտելուց հետո չեն ունենա մագիստրատուրա ընդունվելու հնարավորություն, մագիստրատուրայում սովորողները չեն կարող առանց ընդհատման շարունակել իրենց կրթությունն ասպիրանտուրայում: Նրանք բոլորը կզորակոչվեն բանակ: Այս մտահոգությամբ է ստեղծվել նշյալ՝ ասպիրանտների, ուսանողների, գիտության եւ կրթության ոլորտի աշխատողների նախաձեռնող խումբը:

«Իր ողջ պատմության ընթացքում Հայաստանն աշխարհին ներկայացել է նախեւառաջ իր գիտական հզոր պոտենցիալով: Գիտության զարգացումը պայմանավորված է առաջին հերթին գիտական կադրերի եւ նրանց գիտելիքների մշտական նորացումով»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե նախագծի այս դրույթի համաձայն կբարձրանա բանակի մակարդակը, ԳԱԱ ասպիրանտ Արարատ Միրզոյանը նշեց, որ դա կլինի միայն առաջիկա 2 տարում: Իսկ դրանից հետո պարզապես կբացառվի մագիստրոսի եւ գիտությունների թեկնածուի մուտքը բանակ: «Օրենքի ընդունումը անխուսափելիորեն կհանգեցնի, այսպես կոչված, ուղեղների հերթական արտահոսքին»: Նախագիծն ունի նաեւ մի դրույթ, ըստ որի, այս ուսանողները բանակում կծառայեն ըստ իրենց մասնագիտությունների: Բայց, հետաքրքիր է, ինչպես է բանակում ծառայելու բանասերը կամ պատմաբանը՝ ըստ մասնագիտության:

Բժշկական համալսարանի կլինիկական օրդինատոր Նարեկ Զեյնալյանը ներկաներին հիշեցրեց օրերս ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությունը, ըստ որի, հավելյալ զորակոչիկների պարագայում բյուջեից հավելյալ հատկացումներ չեն արվելու: Այսինքն՝ թեկուզ հենց սննդի հարցում ավելացումներ չեն արվի, եւ այդքանից հետո մենք կունենանք «առավել մարտունակ» բանակ:

Նախաձեռնող խումբն ունի իր առաջարկները. ասենք՝ վերաբացել բուհերի զինվորական ամբիոնները: Կոնկրետ առաջարկներ նրանք կներկայացնեն առաջիկայում: Խմբագրությունն ունի բազմաթիվ առաջարկներ ու բողոքներ հարցի առնչությամբ՝ ՀՀ պետական 12 բուհերի ուսանողական խորհուրդներից, որոնց կանդրադառնանք հաջորդաբար: Ավելացնենք, որ, մեր տվյալներով, ուրբաթ օրը նախատեսվում է պաշտպանության նախարարի հանդիպումը ասպիրանտների հետ:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Ըստ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի, այս նախագիծը ոչ
թե «ազդեցության գործակալների» (օտար ուժեր) ձեռքի գործն է, ինչպես ոմանք
կարծում են, այլ որոշ շահամոլների։ Ա. Սադոյանի հետ հարցազրույցը՝ վաղվա
համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել