Անհետացել է «27»-ի գործով հերթական կարեւոր վկան
Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի անջատված մասով նախաքննություն իրականացնող մարմնին ինքը երեք միջնորդություն է ներկայացրել, երեքն էլ մերժվել է։ Ամենաարտառոց տեղեկատվությունը, որ հաղորդեց Աշոտ Սարգսյանը, այն էր, որ «27»-ի անջատված մասով որպես վկա անցնող Նաիրի Բադալյանը (որի նկատմամբ հարուցված քրեական գործը, նույն «27»-ի մասով, ժամանակին կարճվել է ապացույցների բացակայության պատճառաբանությամբ) մեկնել է ԱՄՆ։ Այս տեղեկությունը փաստաբանին է հաղորդել քննչական խմբի ղեկավար Ջոն Ֆարխոյանը, Աշոտ Սարգսյանի հերթական միջնորդությունը մերժելով։
Փաստաբանի ներկայացրած առաջին միջնորդությունը եղել է սեպտեմբերի 1-ին, որով փաստաբանը առաջարկել է «27»-ի գործով անցնող վկա (ահաբեկիչներին անցագիր դուրս գրած) Անուշ (Վարդուշ) Հարությունյանի՝ դատարանում տված ցուցմունքներում առկա նոր հանգամանքների հիման վրա հարցաքննել ԱՄՆ-ում գտնվող Տիգրան Նազարյանին։ Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանի ցուցմունքում նշված էր, որ Տիգրան Նազարյանն իրեն հրահանգավորել է, թե ինչ վարքագծով ինքը պետք է հանդես գա «27»-ի գործի հետ կապված։ Միջնորդությունից հետո հարցաքննվել է միայն Անուշ Հարությունյանը, որը կրկնել է իր ցուցմունքը։ Տիգրան Նազարյանը դարձյալ չի հարցաքննվել. «քննչական խումբը անզոր թեւերը տարածեց, թե Տիգրան Նազարյանին հարցաքննելու ոչ մի լծակ չունի»։ Ըստ Աշոտ Սարգսյանի՝ բավականին հեշտ էր գտնել եւ հարցաքննել Տ. Նազարյանին («Վարագույր» ծրագրով նա հարցազրույց էր տվել եւ նրա տեղը հայտնի էր), եթե այդ բանն անելու ցանկություն լիներ։
Փաստաբանի հաջորդ միջնորդությունը եղել է 2003-ի հոկտեմբերի 2-ին, որով միջնորդվում էր՝ տեղում ճշտել Նաիրի Բադալյանի ցուցմունքները։ Վերջինիս տված ցուցմունքները՝ ԱԺ-ում իր կատարած գործողությունների մասին, ըստ Աշոտ Սարգսյանի, լիովին հակասում էր քրգործի տվյալներին։ Այս միջնորդությունը, ըստ էության, չի մերժվել, նույնիսկ նշված են եղել քննչական գործողության համար հարկավոր անձինք։ Սակայն այդ գործողությունը հոկտեմբերից ի վեր շարունակ ձգձգվել է։ Աշոտ Սարգսյանն ասաց, որ վերջին հետաձգումը եղել է դեկտեմբերի վերջին, երբ առաջարկվել է սպասել նստաշրջանի ավարտին եւ քննչական գործողությունն ԱԺ-ում իրականացնել խորհրդարանի արձակուրդ գնալու շրջանում։ Մոտ չորս ամիս շարունակվող այս ձգձգումների ընթացքում որեւէ խոսք չի եղել Նաիրի Բադալյանի՝ ՀՀ-ից բացակայելու մասին։ Փաստաբանին տեղյակ է պահվել, որ ի վերջո հունվարի տոներից հետո քննչական փորձարարությունը կկատարվի։ Եվ փետրվարի 17-ին միայն քննչական խմբի ղեկավար Ջոն Ֆարխոյանից փաստաբան Աշոտ Սարգսյանը ստանում է հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր 19.01.04 գրության (որով փաստաբանը շարունակ հիշեցրել է իր միջնորդության մասին.- Մ. Ե.) հայտնում եմ, որ Նաիրի Բադալյանի ցուցմունքները ճշտելու նպատակով ՀՀ ԱԺ-ում քննչական փորձարարություն կատարելու վերաբերյալ Ձեր 02.10.2003 թ. միջնորդությունը մինչեւ օրս չի կատարվել եւ ներկայումս էլ հնարավոր չէ կատարել Նաիրի Բադալյանի բացակայության պատճառով։ Քննությամբ պարզվել է, որ նա դեռեւս 19.10.03 անորոշ ժամանակով մեկնել է ՀՀ-ից»։ Սրանից հետո փաստաբանը հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ։ Եղել է հարց՝ ինչո՞վ եք համոզված, որ Նաիրի Բադալյանը ոչ թե ՀՀ-ից է բացակայում, այլ լույս-աշխարհից։ Պատասխանը եղել է այն, որ մեկնումի տոմսի կտրոնը՝ Երեւան-Ամստերդամ, քննչական խմբի մոտ է։ Ենթադրվում է, որ «27»-ի գործով հերթական կարեւոր վկան մեկնեց ԱՄՆ։ Ինչպես ԱԺ-ի բժշկուհին, բուժքույրը եւ Տիգրան Նազարյանը։
Կարդացեք նաև
Աշոտ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Նաիրի Բադալյանի ԱՄՆ մեկնելու գործում առկա է իշխանության միջամտությունը. «իշխանության միջամտությամբ է ստացվել ԱՄՆ մեկնելու վիզան»։ Մանավանդ, Նաիրի Բադալյանը մի քանի անգամ հայտարարել է իր նյութական անբարեկեցիկ վիճակի, վարձով ապրելու եւ այլնի մասին։ Փաստաբանը ասաց, թե միշտ փորձում էին մեղադրել Դեմիրճյանների ընտանիքին, թե «27»-ի հարցը շահարկելով՝ փորձում են իշխանափոխություն իրականացնել. «եթե մեր միջնորդություններում դուք կգտնեք մեկ իշխանավորի, մեկ քաղաքական ուժի մասին ակնարկ, դուք եւս կարող եք ասել, որ հարցը շահարկվում է։ Մինչդեռ մեր միջնորդությունները վերաբերում են զուտ քրեական գործին, զուտ այդ գործի հանգամանքները պարզելուն։ Որեւէ քաղաքական շահարկում դրանցում չկա»։ Փաստաբանը վերջում հայտարարեց, որ եթե իշխանությունները ուզում են ապացուցել, որ իրենք որեւէ կապ չունեն Նաիրի Բադալյանի անհետացման հետ, ապա միակ ճանապարհը՝ վերջինիս վերադարձնելն է եւ քննչական փորձարարությունն անցկացնելը։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ