Օգնեք մեզ, երգենք մերը Մեր մանկական երգերի մասին նման դիրքորոշում ունի կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը Տարիներ շարունակ հայ երեխաները դաստիարակվել են ռուս կոմպոզիտորների, մասնավորապես Վլադիմիր Շաինսկու երգերով։ Այսօր էլ տոնական առիթներով նախադպրոցական ու դպրոցական հիմնարկներում հնչում է ոչ հայկական երաժշտություն։ Նման մտահոգություն ունի նաեւ բազմաթիվ մանկական ստեղծագործությունների հեղինակ, կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը։ «Կուզեմ հավատալ, որ իմ ստեղծագործությունները, այդ թվում՝ եւ մանկական, չեն մնա անտեսանելի ու անլռելի եւ չեն լրացնի մակուլատուրային քանակ»,- հուսով է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Արեգ Լուսինյանը։ Կոմպոզիտորի մանկական ստեղծագործությունները հնչել են Հայաստանում ու արտերկրում, սկսած 1956-ից։ «Իմ գործը ստեղծագործելն է, իսկ պրոպագանդելը (հրատարակում, ձայնագրություն, եթեր) այն մարդկանց ձեռքին է, ովքեր զբաղեցնելով աթոռ, պետք է ունենան նպատակ ու ճաշակ։ Նրանք պետք է գիտակցեն սերունդների հայեցի դաստիարակման անհրաժեշտությունը՝ սկսած նախադպրոցական տարիքից»,- ասում է Ա. Լուսինյանը։ Կոմպոզիտորի «Երաժշտական այբուբենը» հրատարակվել է Մոսկվայում երկու անգամ՝ 1985-ին ու 87-ին՝ 5000 տպաքանակով։ Նա հեղինակ է նաեւ «Ռուսական այբուբենի», որը պարբերաբար հրատարակվում է Մոսկվայում նույնիսկ վերջին տարիներին։ Այս ձեռնարկով Մոսկվայում ուսուցանվում է երաժշտություն՝ դպրոցական ու նախադպրոցական հիմնարկներում։ Կոմպոզիտորի բախտը մինչ այսօր բերում է արտերկրում՝ մանկական ստեղծագործությունները ուշադրության են արժանանում ու գնահատվում այլ ժողովուրդների կողմից։ 2001-ին էլ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստել էր «Մեր փոքրիկը մեծանում է» տեսաֆիլմը՝ Արեգ Լուսինյանի երաժշտությամբ՝ երեխաների կրթության ու անհատականության ձեւավորման խնդիրներով զբաղվող մասնագետների, երիտասարդ ծնողների համար։ Կոմպոզիտորը հիշեց՝ երբ 80-ականներին հրավերով գտնվում էր Ֆլորենցիայում, ամենահայտնի ու թանկ թանգարաններում հաճախակի հանդիպում էր ճապոնացի երեխաների խմբերի։ Հետաքրքրվելով փոքրիկների՝ նման վայրեր այցելելու անհրաժեշտությամբ, կոմպոզիտորը խմբերի ղեկավարներից պարզում է, որ նպատակը փոքրիկներին համաշխարհային մշակույթին ծանոթացնելն է եւ դա արվում է պետության հովանավորությամբ։ Արդեն տարիներ շարունակ հրատարակման են սպասում կոմպոզիտորի «Հայրենյաց տաղարան» (հայրենասիրական թվով 24 մանկական երգեր), «Լուսայգի երգեր» (հայկական ժողովրդական 50 երգերի մշակումներ) ժողովածուները։ «Ժողովածուներում տեղ գտած երգերում «յար» ու նման բառեր խմբագրված են մեր բանաստեղծների կողմից։ Կան զուտ մանկական ժողովրդական երգերի իր մշակումներն ու երեւի քչերին է հայտնի, որ ունենք նման երգեր»,- տեղեկացրեց Ա. Լուսինյանը։ Նա հիշեց իր «Ծիտը», «Ուլիկը», «Երկինքը փուլ է գալիս» մանկական մյուզիքլների մասին՝ ըստ Հովհաննես Թումանյանի երկերի։ «Առավոտի» հարցին՝ այնուամենայնիվ, այսօր մեր երեխաները երգում են դարձյալ Շաինսկու երգերը, իսկ ո՞ւր են ձեր եւ ձեր կոլեգաների մանկական ստեղծագործությունները։ Ա. Լուսինյանն՝ ի պատասխան ասաց. «Սկսած Դանիել Ղազարյանից, Գուրգեն Միրզայանից, Մարտին Մազմանյանից, հետո՝ Ստեփան Նաղդյան, Ռոբերտ Պետրոսյան, Գեղունի Չթչյան, Էմմա Միհրանյան, Ստեփան Բաբաթորոսյան, գրել են ու գրում են այդպիսի երգեր։ Իհարկե, հրամցվում են նաեւ ոչ պրոֆեսիոնալ հեղինակների գործեր, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ հասկանալի պատճառով։ Հարցի պատասխանը մեկն է՝ պրոպագանդա չկա։ Հասարակ օրինակ. ինչո՞ւ մեր հայրենական մանկական արտադրանքի ռեկլամում (Գրանդ Քենդի) հնչում է Շաինսկի։ Ձեզ եմ հարցնում՝ ինչո՞ւ, երբ ունենք մերը»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ