Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԱՌԱՆՑ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

Փետրվար 18,2004 00:00

ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԱՌԱՆՑ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ Ալվարդ Բարխուդարյանն իր «Ղարաբաղ. դարավերջ» գրքում ոչ մեկին չի գովերգում եւ ոչ մեկին չի սեւացնում Ղարաբաղյան ազատամարտի մասին վերջերս շատ են գրում՝ հոդվածաշարեր, վերլուծություններ, փաստագրական եւ գեղարվեստական գրքեր: Բայց դրանք հիմնականում ունեն մի լուրջ թերություն՝ կողմնակալ են: Գրեթե բոլոր դեպքերում դրանք գրվում են որեւէ մեկին գովերգելու կամ հակառակը՝ ինչ-որ մեկի վաստակը նսեմացնելու նպատակով: Առավել անընդունելին այն է, որ հաճախ պատերազմի մասին գրում են մարդիկ, ովքեր ոչ մի վայրկյան չեն եղել Ղարաբաղում՝ պատերազմական տարիներին: Լրագրող Ալվարդ Բարխուդարյանի «Ղարաբաղ. դարավերջ» («Վան Արյան» հրատարակչություն, 2004 թ.) գիրքը չունի այդ թերությունները: Նրա գրքում, որտեղ հիմնականում ի մի են բերված հայաստանյան մամուլում, հատկապես «Հայք» թերթում 90-ականների սկզբին հրապարակված ղարաբաղյան պատերազմին առնչվող հոդվածները, ակնարկները, հարցազրույցները՝ չկա կողմնակալության նշույլ: Այնտեղ մոռացված չէ Արցախի ազատագրմանն իր նպաստը բերած եւ ոչ մեկը՝ անկախ կուսակցական պատկանելությունից կամ քաղաքական դիրքորոշումներից: Ա. Բարխուդարյանը 1992-1995թթ. մեծ հաճախականությամբ եղել է Ղարաբաղում, կռվի թեժ կետերում: Նա ականատեսն է եղել հաղթանակների եւ պարտությունների, անսպասելի պայթյունների եւ ցավալի մահերի: Նա անձամբ է տեսել ճակատամարտերի հաղթանակների հրճվանքն ու վիրավորների տառապանքը, որդեկորույս մայրերի սուգն ու արյան մեջ ծաղկած թզենիները: Ու այդ ամենին իր ներկայությամբ նա վաստակել է ազատամարտի մասին այս հիշատակարանը թողնելուն: Գրքում առանց ավելորդ պաճուճանքների ներկայացված են մերօրյա հերոսները՝ գործողության մեջ: Ցավոք, նրանցից լավագույններն այլեւս մեզ հետ չեն: Անցյալ դառնալով, նրանք ապահովել են մեր ներկան: Կենդանի մնացածների ճակատագրերն էլ տարբեր ընթացք են ունեցել: Ոմանք հիմա բարձր պաշտոնյաներ են եւ վայելում են դրա քաղցր պտուղները, ոմանք բանտում են, ոմանք ստիպված լքել են երկիրը, իսկ ոմանք էլ, թուրքի գնդակից չխփվելով, զոհվեցին իրենց դավաճան հայրենակիցների ձեռքով: Կենդանի գույներով, պարզ ու մատչելի լեզվով է ներկայացնում պատերազմի տարիներն Ալվարդ Բարխուդարյանը, եւ նրա ամեն տողից զգացվում է, որ այս գրքում նկարագրված ամեն պահն ապրված է: «Ղարաբաղ. դարավերջ»-ում հիշված են անուններ, որ հիմա ամեն կերպ փորձում են մոռացության տալ կամ սեւով պատել: Բայց պատմությունը կեղծիքներ չի հանդուրժում, քանի դեռ կան մարդիկ, ովքեր եղել են այդ պատմության ականատեսներն ու գրառողները, ինչպես Ալվարդ Բարխուդարյանը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել