Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է շարժելու Ռուսաստանը

Փետրվար 18,2004 00:00

Ի՞նչ է շարժելու Ռուսաստանը Ընդունված է կարծել, թե ամենալավ առեւտրականները հրեաներն են կամ, ծայրահեղ դեպքում՝ լեհերը: Մինչդեռ ռուսները դիդակտիկ կերպով ապացուցում են, որ գոնե քաղաքական առեւտրի ասպարեզում իրենք անգերազանցելի են: Վերջերս Մյունխենում կայացած Անվտանգության քաղաքականության միջազգային համաժողովի ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովն ուղղակի ցնցեց արեւմտյան պատվիրակներին, հայտարարելով, թե Ռուսաստանն ուսումնասիրում է Եվրոպայում զորքերի ու սովորական սպառազինությունների տեղաշարժը սահմանափակող պայմանագրից դուրս գալու հնարավորությունը: Որոշ դիտորդներ հակված են կարծել, որ եվրոպական եւ ամերիկյան ռազմական չինովնիկներին շոկի մեջ գցած այդ հայտարարությունն այլ բան չէ, քան քաղաքական առեւտրի բավականաչափ հանդուգն հայտ, քանզի հիշյալ պայմանագիրը Եվրոպայի անվտանգությունն ապահովող ամենալուրջ երաշխիքներից է, եւ Ռուսաստանի նման քայլն ուղղակի որեւէ կերպ չպատճառաբանված խելահեղություն կդիտվեր: Իսկ ո՞րն է առեւտրի բուն առարկան: Սերգեյ Իվանովը զուտ «պրոտոկոլային» հարթության մեջ ՌԴ-ի այդ մտադրությունը հիմնավորում է նրանով, որ խնդրո առարկա պայմանագիրը ժամանակին կազմվել է ՆԱՏՕ-ի եւ «Վարշավյան պայմանագրի» իրողությունների հաշվարկով, մինչդեռ երկրորդ բլոկն այսօր գոյություն չունի, իսկ առաջինն արեւելաեվրոպական երկրների հաշվին ծավալվում եւ ընդհուպ մոտենում է Ռուսաստանի սահմաններին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ռուսաստանն օրինաչափորեն փորձում է դիմագրավել ՆԱՏՕ-ի ծավալմանը, ուստի՝ մտադիր է վերանայել իր անվտանգության հայեցակարգը: Իրականում, սակայն, Իվանովի այս հայտարարությունը ռազմական դոկտրինի վերաձեւման հետ որեւէ առնչություն չունի, քանի որ դրա համար միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ, ինչը Ռուսաստանը պարզապես չունի: Բացի այդ, Ռուսաստանը վաղուց է հաշտվել ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկարի հետ եւ այժմ ընդամենը ձգտում է առավելագույն տնտեսական դիվիդենդներ քաղել Եվրոպայում ընթացող ինտեգրացիոն գերնոր պրոցեսներից: Հարց է ծագում. ինչո՞ւ է Ռուսաստանը ցանկանում Եվրոպայում ավելի ազատորեն տեղաշարժել իր զորքերը, երբ այդպիսիք պարզապես գոյություն չունեն: Ռուսաստանի արտաքին «եվրոպական» ողջ զորակազմն այսօր բաղկացած է ընդամենը Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում տեղակայված մի քանի ռազմակայաններից, հետեւաբար՝ ի՞նչն է պատրաստվում շարժել Ռուսաստանը եւ ո՞ւմ դեմ: Այս հարցերի հստակ պատասխանը տալիս են հենց իրենք՝ ռուսները, երբ ամերիկացիների հետ սակարկում են Վրաստանի տարածքից իրենց ռազմակայանների դուրսբերման գնի շուրջ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը պատրաստ է Վրաստանը «ռուսազերծված» տեսնելու հաճույքի դիմաց Ռուսաստանին վճարել շուրջ 5 մլրդ դոլար: Վերջինս դժգոհում է եւ փորձում բարձրացնել այդ թիվը, փաստարկելով, թե այդ գումարը բավարար չէ նման խոշորամասշտաբ գործողության համար: Հետաքրքիր վիճակ է ստեղծվում. փաստորեն, Ռուսաստանն Արեւմուտքին սպառնում է առանց փողի անել մի բան, ինչը, ըստ նույն Ռուսաստանի, հնարավոր չէ անել անգամ 5 մլրդ դոլարով: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ հնարքը ցանկալի տնտեսական արդյունք է ունենում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել