«Թուրքիային ուզում են դարձնել եվրոպական արժեքների հետեւորդ» Ահազանգում է Պարույր Հայրիկյանը Երեկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը լրագրողներին հրավիրել էր կիսելու իր տպավորությունները Եվրոպական ժողովրդական կուսակցության 16-րդ համագումարից։ ԱԻՄ առաջնորդը փետրվարի 4-5-ը մասնակցել է համագումարի աշխատանքներին՝ որպես մեր երկրում քրիստոնեադեմոկրատական ուժերի գաղափարակից քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Այդ հավաքը Հայրիկյանը կարեւորում է նրանով, որ. «Եվրոպայում Հայաստանի հետ կապված որեւէ որոշում ընդունող հիմնական ուժը՝ եվրոպական խորհրդարանում մեծամասնություն կազմող այս ուժն է»։ Համագումարին մասնակցել են եվրոպական քսանից ավելի երկրների քրիստոնեադեմոկրատական ուղղվածության կուսակցություններ, համաեվրոպական կուսակցության անդամ 62 կուսակցությունների պատվիրակներ: Քսանից ավելի վարչապետներ ու հայտնի քաղաքական գործիչներ ելույթներ են ունեցել։ Համագումարում հստակեցվել է 2004- 2009 թթ. աշխատանքային ծրագիրը, ընդունվել են նախընտրական հռչակագիրը (մեկ ամսից Հունաստանում տեղի են ունենալու Եվրախորհրդարանի ընտրությունները), բանաձեւը եւ կանոնադրական փոփոխություններ։ Հայրիկյանի մատուցմամբ, Հայաստանի կարգավիճակի երկրներից ներկայանալի պատվիրակություններ են եղել Ուկրաինայից, Մոլդովայից եւ Ռուսաստանից։ Հայաստան երկիրը, հավանաբար, եվրոպական նոր դիրքորոշումների արդյունքում, մասնակցության հրավեր չի ստացել։ Ի դեպ, ըստ Պ. Հայրիկյանի, մոլդովական պատվիրակության ծախսերը նույնիսկ հոգացել են այդ երկրի կոմունիստական իշխանությունները։ Մինչդեռ, ժամկետի երկարացման նպատակով նախագահի աշխատակազմ ուղարկված ԱԻՄ նախագահի դիվանագիտական անձնագիրն առգրավվել է. «Եթե մինչ այդ ունեցած էլ չլինեի, պիտի այդ հրավերի համար տրամադրեին, էս չտեսները եղածը վերցրին, որպեսզի ինձ խոչընդոտեն»,- հայտարարեց ԱԻՄ նախագահը։ Համագումարին Թուրքիայի արտգործնախարար Գյուլի ներկայությունը, մանավանդ նրա ջերմորեն ընդունված ելույթը, Հայրիկյանին ստիպել են Հայաստանի ներկայությունը հիշեցնելու քայլ անել։ Գյուլը շեշտադրումներ է արել Եվրոպական միության անդամ դառնալու իր երկրի ձգտումների վերաբերյալ, քրիստոնեադեմոկրատների վերաբերյալ դրական դիրքորոշում արտահայտել իրենց պահպանողական ուղղվածության համար եւ հիշեցրել, որ. «Թուրքիան այն տարածքն է, որտեղ ձեւավորվել է եվրոպական մշակույթը»։ Ի հակադրություն սրա, Հայրիկյանը մի ուղերձ է տարածել, որում մասնավորաբար նշել է, որ Հայաստանը դժվարություններ ունի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հաստատման պայքարում եւ, որ Եվրոպայի օգնությունը կնպաստի այդ ամենի հաղթահարմանը։ Չի մոռացել նշել, որ մեր քաղաքական դաշտը լցված է հատուկ ծառայությունների գործակալներով եւ այս մարդիկ Հայաստանի հիմնական ռեսուրսները նվիրել են ՌԴ-ին։ Նաեւ հավատք է արտահայտել, որ իրենց կարեւոր նպատակը՝ ժողովրդավարության կառուցումը, այսօր արդեն ամիսների խնդիր է։ Հայրիկյանը խոստովանեց, որ Էստոնիայի պատվիրակության ելույթի ժամանակ համակվել է ծանր զգացողությամբ եւ ինչպես գրել է ՀՀ արտգործնախարարին ուղղված իր նամակում. «Դժվար է անտարբեր լինել, երբ տեսնում ես, թե ինչպես ենք մենք ետ մնում կարեւոր գործընթացներից միայն այն պատճառով, որ մի խումբ գավառամիտ տգետներ իրենց ցածրորակ ճաշակին են հարմարեցնում մեր ժողովրդի ճակատագիրը»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ