Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օգնեք մեզ, երգենք մերը

Փետրվար 18,2004 00:00

Մեր մանկական երգերի մասին նման դիրքորոշում ունի կոմպոզիտոր
Արեգ Լուսինյանը
Տարիներ շարունակ հայ երեխաները դաստիարակվել են ռուս կոմպոզիտորների, մասնավորապես Վլադիմիր Շաինսկու երգերով։ Այսօր էլ տոնական առիթներով նախադպրոցական ու դպրոցական հիմնարկներում հնչում է ոչ հայկական երաժշտություն։ Նման մտահոգություն ունի նաեւ բազմաթիվ մանկական ստեղծագործությունների հեղինակ, կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը։

«Կուզեմ հավատալ, որ իմ ստեղծագործությունները, այդ թվում՝ եւ մանկական, չեն մնա անտեսանելի ու անլռելի եւ չեն լրացնի մակուլատուրային քանակ»,- հուսով է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Արեգ Լուսինյանը։ Կոմպոզիտորի մանկական ստեղծագործությունները հնչել են Հայաստանում ու արտերկրում, սկսած 1956-ից։ «Իմ գործը ստեղծագործելն է, իսկ պրոպագանդելը (հրատարակում, ձայնագրություն, եթեր) այն մարդկանց ձեռքին է, ովքեր զբաղեցնելով աթոռ, պետք է ունենան նպատակ ու ճաշակ։ Նրանք պետք է գիտակցեն սերունդների հայեցի դաստիարակման անհրաժեշտությունը՝ սկսած նախադպրոցական տարիքից»,- ասում է Ա. Լուսինյանը։ Կոմպոզիտորի «Երաժշտական այբուբենը» հրատարակվել է Մոսկվայում երկու անգամ՝ 1985-ին ու 87-ին՝ 5000 տպաքանակով։ Նա հեղինակ է նաեւ «Ռուսական այբուբենի», որը պարբերաբար հրատարակվում է Մոսկվայում նույնիսկ վերջին տարիներին։ Այս ձեռնարկով Մոսկվայում ուսուցանվում է երաժշտություն՝ դպրոցական ու նախադպրոցական հիմնարկներում։ Կոմպոզիտորի բախտը մինչ այսօր բերում է արտերկրում՝ մանկական ստեղծագործությունները ուշադրության են արժանանում ու գնահատվում այլ ժողովուրդների կողմից։ 2001-ին էլ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստել էր «Մեր փոքրիկը մեծանում է» տեսաֆիլմը՝ Արեգ Լուսինյանի երաժշտությամբ՝ երեխաների կրթության ու անհատականության ձեւավորման խնդիրներով զբաղվող մասնագետների, երիտասարդ ծնողների համար։

Կոմպոզիտորը հիշեց՝ երբ 80-ականներին հրավերով գտնվում էր Ֆլորենցիայում, ամենահայտնի ու թանկ թանգարաններում հաճախակի հանդիպում էր ճապոնացի երեխաների խմբերի։ Հետաքրքրվելով փոքրիկների՝ նման վայրեր այցելելու անհրաժեշտությամբ, կոմպոզիտորը խմբերի ղեկավարներից պարզում է, որ նպատակը փոքրիկներին համաշխարհային մշակույթին ծանոթացնելն է եւ դա արվում է պետության հովանավորությամբ։

Արդեն տարիներ շարունակ հրատարակման են սպասում կոմպոզիտորի «Հայրենյաց տաղարան» (հայրենասիրական թվով 24 մանկական երգեր), «Լուսայգի երգեր» (հայկական ժողովրդական 50 երգերի մշակումներ) ժողովածուները։ «Ժողովածուներում տեղ գտած երգերում «յար» ու նման բառեր խմբագրված են մեր բանաստեղծների կողմից։ Կան զուտ մանկական ժողովրդական երգերի իր մշակումներն ու երեւի քչերին է հայտնի, որ ունենք նման երգեր»,- տեղեկացրեց Ա. Լուսինյանը։ Նա հիշեց իր «Ծիտը», «Ուլիկը», «Երկինքը փուլ է գալիս» մանկական մյուզիքլների մասին՝ ըստ Հովհաննես Թումանյանի երկերի։ «Առավոտի» հարցին՝ այնուամենայնիվ, այսօր մեր երեխաները երգում են դարձյալ Շաինսկու երգերը, իսկ ո՞ւր են ձեր եւ ձեր կոլեգաների մանկական ստեղծագործությունները։ Ա. Լուսինյանն՝ ի պատասխան ասաց. «Սկսած Դանիել Ղազարյանից, Գուրգեն Միրզայանից, Մարտին Մազմանյանից, հետո՝ Ստեփան Նաղդյան, Ռոբերտ Պետրոսյան, Գեղունի Չթչյան, Էմմա Միհրանյան, Ստեփան Բաբաթորոսյան, գրել են ու գրում են այդպիսի երգեր։ Իհարկե, հրամցվում են նաեւ ոչ պրոֆեսիոնալ հեղինակների գործեր, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ հասկանալի պատճառով։ Հարցի պատասխանը մեկն է՝ պրոպագանդա չկա։ Հասարակ օրինակ. ինչո՞ւ մեր հայրենական մանկական արտադրանքի ռեկլամում (Գրանդ Քենդի) հնչում է Շաինսկի։ Ձեզ եմ հարցնում՝ ինչո՞ւ, երբ ունենք մերը»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mano says:

    Բարև ձեզ, հիանալի վերնագիրով հոդված է: Հիմա մի խնդրանք: Օգնեցեք, խնդրում եմ, մեզ երգենք մերը: Անհրաժեշտ են Արեգ Լուսինյանի նոտաները, երգի (վոկալ) դասընթացների համար. Համացանցում չկա, հուսով եմ Դուք կոգնեք դրանք գտնել:

    Շնորհակալություն Ջեզ: 🙂

  2. Հարգելի Արեգ Լուսինյանը երեւի մոռացել է,որ կար Նուբար Ասլանյան,որ հավաքեց հայ 10 կոմպոզիտորների 20-ից ավել մանկական երգեր,գործիքավորեց ու մշակեց փողային նվագախմբի համար, եւ իր ղեկավարած մանկական նվագախմբով ,Ֆիլհարմոնիկ դահլիճում ելույթ ունեցավ (ՉԵՂԱԾ ԲԱՆ…ՉԷՐ ԵՂԵԼ ԷՏՊԻՍԻ ԲԱՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ,ընդ որում համերգին ներկա էին բոլոր ՀԵՂԻՆԱԿ 10 կոմպոզիտորները՝ Արեգ Լուսինյան,Ռոբերտ Պետրոսյան,Էմմա Միհրանյան,Գեղունի Չթչյան,Մարտին Վարդազարյան,Գրիգոր Հախինյան,Էդվարդ Բաղդասարյան,Էդվարդ Միրզոյան, Էդգար Հովհաննիսյան ու Նուբար Ասլանյանն էլ ձեզ նվեր:Հետագայում (Համագումարից անմիջապես հետո նվագախումբը հրավիրվեց ռադիո եւ ձայնագրվեց, եւ բոլոր գործերը ֆոնդ ընդունվեցին(ռադիոյի մանկական ֆոնդի ղեկավարը Վալտերն էր),իսկ ամենակարեւորը՝ Էդվարդ Միրզոյանի հովանավորությամբ համագումարում կատարված ողջ մանկական երգերի փողային նվագախմբի համար արված մշակումների նոտաները բազմացվեցին եւ բաժանվեցին Հայաստանի պիոներ ճամբարների մանկական փողային նվագախմբերին եւ ճամբարներում հանգստացող պիոներ-դպրոցականները երեխաները(հատկապես իմ աշխատած «Նաիրիտ»պիոներական ճամբարում) Շաինսկուց բացի,որակյալ նվագակցությամբ երգում էին ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՐԳԵՐԸ….Անցուկը մորցուկ հա՞…..Գեղեցիկ չէ(ի դեպ իմ ճամբարային աշխատանքների համար Հայաստանը ինձ ներկայացրեց Մոսկվա՝ ՀԱՄԿԽ,ով էլ ինձ պարգեւատրեց շատ«հարուստ»,գրքանման ՊԱՏՎՈԳՐՈՎ:Արեգ Լուսինյան ,կհիշե՞ս……..

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2004/02/18/316973/?s=

    © 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից…

Պատասխանել