Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԱՌԱՆՑ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

Փետրվար 18,2004 00:00

Ալվարդ Բարխուդարյանն իր «Ղարաբաղ. դարավերջ» գրքում ոչ մեկին չի գովերգում եւ ոչ մեկին չի սեւացնում

Ղարաբաղյան ազատամարտի մասին վերջերս շատ են գրում՝ հոդվածաշարեր, վերլուծություններ, փաստագրական եւ գեղարվեստական գրքեր: Բայց դրանք հիմնականում ունեն մի լուրջ թերություն՝ կողմնակալ են: Գրեթե բոլոր դեպքերում դրանք գրվում են որեւէ մեկին գովերգելու կամ հակառակը՝ ինչ-որ մեկի վաստակը նսեմացնելու նպատակով: Առավել անընդունելին այն է, որ հաճախ պատերազմի մասին գրում են մարդիկ, ովքեր ոչ մի վայրկյան չեն եղել Ղարաբաղում՝ պատերազմական տարիներին:

Լրագրող Ալվարդ Բարխուդարյանի «Ղարաբաղ. դարավերջ» («Վան Արյան» հրատարակչություն, 2004 թ.) գիրքը չունի այդ թերությունները: Նրա գրքում, որտեղ հիմնականում ի մի են բերված հայաստանյան մամուլում, հատկապես «Հայք» թերթում 90-ականների սկզբին հրապարակված ղարաբաղյան պատերազմին առնչվող հոդվածները, ակնարկները, հարցազրույցները՝ չկա կողմնակալության նշույլ: Այնտեղ մոռացված չէ Արցախի ազատագրմանն իր նպաստը բերած եւ ոչ մեկը՝ անկախ կուսակցական պատկանելությունից կամ քաղաքական դիրքորոշումներից: Ա. Բարխուդարյանը 1992-1995թթ. մեծ հաճախականությամբ եղել է Ղարաբաղում, կռվի թեժ կետերում: Նա ականատեսն է եղել հաղթանակների եւ պարտությունների, անսպասելի պայթյունների եւ ցավալի մահերի: Նա անձամբ է տեսել ճակատամարտերի հաղթանակների հրճվանքն ու վիրավորների տառապանքը, որդեկորույս մայրերի սուգն ու արյան մեջ ծաղկած թզենիները: Ու այդ ամենին իր ներկայությամբ նա վաստակել է ազատամարտի մասին այս հիշատակարանը թողնելուն:

Գրքում առանց ավելորդ պաճուճանքների ներկայացված են մերօրյա հերոսները՝ գործողության մեջ: Ցավոք, նրանցից լավագույններն այլեւս մեզ հետ չեն: Անցյալ դառնալով, նրանք ապահովել են մեր ներկան: Կենդանի մնացածների ճակատագրերն էլ տարբեր ընթացք են ունեցել: Ոմանք հիմա բարձր պաշտոնյաներ են եւ վայելում են դրա քաղցր պտուղները, ոմանք բանտում են, ոմանք ստիպված լքել են երկիրը, իսկ ոմանք էլ, թուրքի գնդակից չխփվելով, զոհվեցին իրենց դավաճան հայրենակիցների ձեռքով: Կենդանի գույներով, պարզ ու մատչելի լեզվով է ներկայացնում պատերազմի տարիներն Ալվարդ Բարխուդարյանը, եւ նրա ամեն տողից զգացվում է, որ այս գրքում նկարագրված ամեն պահն ապրված է: «Ղարաբաղ. դարավերջ»-ում հիշված են անուններ, որ հիմա ամեն կերպ փորձում են մոռացության տալ կամ սեւով պատել: Բայց պատմությունը կեղծիքներ չի հանդուրժում, քանի դեռ կան մարդիկ, ովքեր եղել են այդ պատմության ականատեսներն ու գրառողները, ինչպես Ալվարդ Բարխուդարյանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել