Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում շենքեր են փլուզվում

Փետրվար 18,2004 00:00

Ինչպես հայտնի է, Գյումրիի վթարային շենքերի մեծ մասը՝ թվով 32, վերանորոգվեցին «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Վթարայնության 3-րդ աստիճան ունեցող Թբիլիսյան խճուղու 40 շենքը չընդգրկվեց վերանորոգման ոչ այս, ոչ էլ պետական ծրագրի մեջ:

Բազմիցս դիմելով քաղաքաշինության նախարարություն եւ ստանալով անորոշ պատասխաններ, բնակիչները եկել են այն համոզման, որ ծրագրերի մեջ ընդգրկվելը եւս «ծանոթով» է: Օրերս նրանք նամակ էին հղել «Առավոտին», որտեղ, ներկայացնելով իրենց շենքի ծայրահեղ վատ վիճակը՝ ամեն վայրկյան փլուզվելու վտանգը (պատերը հեռացել են միմյանցից), խնդրում էին ճշտել իրենց հուզող հարցի պատասխանը: Նրանց դժգոհությամբ, տեղական կառույցները աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրից «անհիմն» դուրս էին մղել իրենց շենքը, մինչդեռ նույն ծրագրում հերթագրված մյուս բնակելիներն արդեն ամրացվել են: Բնակիչների ենթադրմամբ, կառավարությունը որոշել է «էժան» պրծնել՝ շրջանցելով արտաքնապես քիչ թե շատ նորմալ շենքերը: Ի դեպ, հիշյալ շենքը պահպանված է խնամքով, այն երկրաշարժից հետո չի թալանվել ու այժմ ամբողջապես բնակեցված է։ «Եթե ճարահատյալ բնակվում ենք, դա չի նշանակում, թե բնակության ենթակա է: 1989-ին հայտարարեցին, որ կառույցը վտանգավոր է, հետո արհեստականորեն դարձրին 3-րդ կարգի վթարային, այժմ էլ բնակության համար լիարժեք պիտանի»,- զայրանում են բնակիչները:

«Լինսի» գրասենյակի գլխավոր մասնագետ Ալբերտ Գարեգինյանը պարզաբանեց, որ ծրագրում չեն կարող ընդգրկվել այն շենքերը, որոնք ունեն բացվածքներ՝ սպասարկման օբյեկտներ: «Չէ՞ որ «Լինսին» բարեգործական է, իսկ այս դեպքում նշանակում է խթանել բիզնեսի զարգացմանը, որը եւ անհարիր է ծրագրի սկզբունքներին»,- ասաց պարոն Գարեգինյանը: Նույնիսկ ցանկություն է եղել ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող Գյումրիի, այսպես կոչված, «լոդկա» շենքը ընդգրկել ծրագրում, բայց բացվածք ունենալու պատճառով մերժվել է: Իսկ ընդհանուր առմամբ իրենք ինքնուրույն ոչինչ չեն անում. օրինակ՝ Երեւանյան խճուղու շենքերի ամրացման համար եղել է բաց քննարկում, որին մասնակցել են բոլոր կառույցները: Այդպես էլ տեղը չբերելով, թե մեր խոսքը որ շենքի մասին է՝ Գարեգինյանը հաղորդեց, որ ամրացվող շենքերի ցանկը տրամադրում է մարզպետարանը: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից մեզ հայտնեցին, որ հիշյալ շենքը աղետի գոտու վերանորոգման առաջնահերթ ծրագրից դուրս է մնացել բնակեցված լինելու պատճառով: Վերանորոգման համար առնվազն անհրաժեշտ է մեկ տարի, իսկ բնակիչներին տարհանելու դեպքում կառաջանան ավելորդ պրոբլեմներ, օրինակ՝ նրանց անհրաժեշտ է համապատասխան կացարաններով ապահովել, լուծել վարձավճարների հարցը: Քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանը հաստատեց, որ շենքն ունի վնասվածության 3-րդ աստիճան եւ ենթակա է ամրացման, սակայն նշեց, որ բնակիչները սխալվել են. այն ներկայացված է կառավարության ուշադրությանը: «Գյումրիում կա նմանատիպ 39 շենք, եթե մի հարուստ ձյաձյա գտնվի, սրանց հարցն արագ կլուծվի»,- կատակեց քաղաքաշինության վարչության պետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել