Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ «ԲՌՆՎԵՑԻՆ»

Փետրվար 18,2004 00:00

Պայքար
մաքսանենգության դե՞մ, թե ԱԱԾ-մաքսային վարչություն հակասություններ
Մաքսային պետական կոմիտեի եւ մասնավորապես պետի նկատմամբ ԱԱԾ-ի ոչ սիրալիր վերաբերմունքն ու մաքսանենգության դեպքերի հայտնաբերման տեսքով դրա դրսեւորումների մասին արդեն վաղուց է հայտնի: Նման դեպքերի մասին «Առավոտը» գրել է:

Այս անգամ ԱԱԾ-ի «մաքսանենգության կանխարգելիչ միջոցառումը» տեղի է ունեցել Բագրատաշենի մաքսակետում: Մեր աղբյուրների տվյալներով, խնդիր է առաջացել Լեհաստանից եկող բեռի հետ, որը մաքսավորները ենթադրաբար քիչ են ձեւակերպել կամ չեն ձեւակերպել ընդհանրապես, որ քիչ հավանական է: Քանի որ այժմ նախաքննություն է ընթանում (ի դեպ, դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին), մեր աղբյուրներն ավելին հաղորդել չկարողացան: Նույն աղբյուրի տվյալներով, երկու շաբաթից ավելի է, ինչ Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի պետ Արման Ղազարյանը ձերբակալված է: Իսկ մաքսակետի պետ Մովսես Ստեփանյանը արձակուրդում է: ԱԱԾ աշխատակիցները չեն կարողացել նրան հարցաքննության հրավիրել: ԱԱԾ մեր աղբյուրի տվյալներով, որոնք պաշտոնապես չհաջողվեց ճշտել, Ա. Ղազարյանը մաքսակետի պետի համար անբարենպաստ ցուցմունքներ է տվել: Իմիջիայլոց, Բագրատաշենի մաքսակետի պետի եղբայրն էլ Արարատյան մաքսատան պետն է, որին մեր աղբյուրները որեւէ կերպ դեպքի հետ չկապեցին:

Ազգային անվտանգության ծառայությունից դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալ չհաջողվեց՝ «Առավոտից» անկախ պատճառներով: Իսկ Մաքսային պետական կոմիտեից հայտնեցին, որ այս գործի կապակցությամբ որեւէ մեկին հարցաքննելու միջնորդագիր չեն ստացել: Ինչպես նաեւ բեռի վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին:

Չնայած պայքարին, բոլոր երկրներում էլ մաքսանենգության փաստեր գրանցվում են: Սովորական է, երբ դրանք հայտնաբերում են կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները: Մեր դեպքում վիճակագրությունն ու հայտնաբերող մարմնի հանգամանքն է հետաքրքիր, որոնք ընդգծում ենք առանց սեփական մեկնաբանության. առաջին դեպքը չէ, որ այդպիսի փաստեր հայտնաբերում են ԱԱԾ աշխատակիցները:

Վերջերս էլ ոստիկանության աշխատակիցներն էին մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերել: Արդյոք ներգերատեսչական ինտրիգների հե՞տ գործ չունենք:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել