Խորհրդարանական լրագրողներին երեկ անկեղծ զվարճության բազմաթիվ պահեր պարգեւեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքը, որ քննարկման ժամանակ անվանում էին «շատ անհրաժեշտ» օրենք:
Նման գնահատական տվեց, մասնավորապես, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը՝ կասկածի տեղիք տալով, թե արդյոք նա ընդհանրապես ընթերցե՞լ է այս փաստաթուղթը: Այլապես չէին կարող ուշադրություն չգրավել կառավարության այս նախաձեռնության մի շարք, մեղմ ասած, զավեշտալի դրույթները: Թվարկենք դրանցից մի քանիսը միայն: Նախագծի 2-րդ հոդվածում, որտեղ նշված է, թե ինչ հասկացություններ են օգտագործվում օրենքում՝ սահմանվում է, թե «կազմակերպված հետիոտնային շարասյունը ճանապարհով շարժվող մարդկանց խումբն է» կամ, որ «հարկադրված կանգառ»-ը նշանակում է տրանսպորտային միջոցի երթեւեկության ընդհատում՝ կապված, մասնավորապես «վարորդի կամ ուղեւորի ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետ»: Օրենքի հեղինակներն անգամ հայտնագործել են, թե ինչ է հեծանիվը՝ «երկու եւ ավելի անիվ ունեցող տրանսպորտային միջոց, որը շարժման մեջ է դրվում դրանց վրա գտնվող մարդկանց մկանային ուժի օգնությամբ»: Ոչ պակաս գյուտ է նաեւ «հետիոտն» բնորոշումը՝ «տրանսպորտային միջոցից դուրս՝ ճանապարհին գտնվող եւ դրա վրա աշխատանք չկատարող անձ»: Լրագրողներից մեկն առաջարկեց, որ օրենքում անպայման լրացում արվի, թե նկատի ունեն նաեւ մտավոր աշխատանքը, ուստի եթե ճանապարհին մտածում ես՝ այլեւս հետիոտն չես: Ըստ օրինագծի՝ հետիոտներին են հավասարեցվում այն անձինք, որոնք «տանում են հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ եւ քաշում (հրում) բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ»: Զգացի՞ք տարբերությունը. սրանք թեեւ աշխատանք են կատարում, սակայն մեծահոգաբար դուրս չեն մնում հետիոտների ստվար շարքերից: «Ճանապարհային երթեւեկություն» հասկացությունը նախագծում բացատրվում է այսպես՝ «հասարակական հարաբերություններ, որոնք առաջանում են ճանապարհներին տրանսպորտային միջոցների տեղաշարժի, տրանսպորտային միջոցներով կամ առանց դրանց՝ մարդկանց եւ բեռների փոխադրման ընթացքում»: Երթեւեկո՜ւմ ես քեզ համար ու չես էլ պատկերացնում, թե այդ ընթացքում դու իրականում հարաբերվում ես: Իսկ «Ճանապարհ»-ի բացատրությունը բացառիկ հանճարեղ է՝ «երթեւեկության համար կահավորված կամ հարմարեցված գոտի»: Ընդսմին նշված է. «Ճանապարհն իր մեջ ներառում է մեկ կամ մի քանի երթեւեկելի մասեր, մայթեր, կողնակներ, իսկ առկայության դեպքում նաեւ՝ տրամվայի գծեր»: Վերջին ճշգրտումը խիստ կարեւոր է՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ արեցին տրամվայի գծերի հետ:
Հեղինակների երկնած անկասկած ամենադիպուկ բնորոշումներից մեկը «վարորդ» հասկացության բացատրությունն է՝ «որեւէ տրանսպորտային միջոց ղեկավարող, ճանապարհով բեռնակիր եւ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձ»: «Անասուններ քշող» այս վարորդները, ճիշտ կլինի, որ ծանոթանան օրենքի նախագծի 18-րդ հոդվածին, որով սահմանվում են երթեւեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Ըստ այդմ՝ նրանք պարտավոր են «բեռնակիր եւ հեծկան կենդանիները քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով»: Խիստ կարեւոր սահմանումներ էլ կան. «Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին» ու նաեւ՝ «Երկաթուղային գծանցներով կենդանիներ քշելիս՝ անասունները պետք է բաժանվեն այնպիսի թվաքանակով խմբերի, որպեսզի՝ անասնավարների քանակից ելնելով, հնարավոր լինի ապահովել անցման անվտանգությունը»: Նշենք նաեւ, որ օրինագծով թույլատրվում է «բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել 14 տարին լրացած անձանց»: Այնպես որ՝ անասուններ քշող վարորդները պարտավոր են ծննդյան վկայականները մոտները պահել: Կենդանիներն էլ դուրս չեն մնացել օրենսդրական կարգավորման ոլորտից: Նույն՝ 18 հոդվածով սահմանվում է, որ «բեռնակիր եւ հեծկան կենդանիների շարասյուները երթեւեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ մինչեւ 10-ական»: Ավելին՝ «խմբերը վազանցելը հեշտացնելու համար դրանց միջեւ հեռավորությունը պետք է լինի 80-100մ»: Հետաքրքիր է, եթե որեւէ էշ կամ այլ բռի անասուն հրաժարվի կատարել օրենքի այս պահանջները՝ ոստիկանները նրանց եւս տանելո՞ւ են տուգանային հրապարակ:
Դժնի օրեր կգան այս օրենքի ընդունումից հետո, քանզի վարորդներին կարգելվի «տրանսպորտային միջոցի ղեկավարումը հանձնել հիվանդ կամ հոգնած վիճակում» անձանց: Հոդված 20-ում նշվում է, թե «ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցները պարտավոր են կանգնեցնել», մասնավորապես, երբ «հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է հիվանդ կամ հոգնած վիճակում»: Ուստի ոստիկանները պիտի կարողանան նաեւ բժշկական ախտորոշում կատարել՝ ընթացքի ժամանակ: Աշխատանքից վերադարձող հոգնած վարորդներն է՞լ են տարվելու տուգանային հրապարակ:
…ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն իր ելույթում հայտարարեց, թե «այս օրենքի մասին խոսելիս՝ պետք է շատ լայն սպեկտրի պրոֆեսիոնալ լինես, որ կարողանաս դիտողություններ անել»: Մինչդեռ օրենքն ընթերցած լրագրողներից մեկը ցանկանում էր անպայման պարզել, թե ով է այս նախագծի հեղինակը ու լուսանկարվել այդ հանճարի հետ: Նշենք նաեւ ամենակարեւորը՝ այս օրենքը նախատեսվել է կառավարության 2002-ի ծրագրի ապահովման միջոցառումներով:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ