Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ»

Փետրվար 18,2004 00:00

Պնդում են իշխանամետ պատգամավորները, իսկ թե ի՞նչ կա՝ չեն ասում

Խորհրդարանի աշխատանքները բոյկոտելուց հետո «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե խոսքը ոչ թե բոյկոտի, այլ՝ քաղաքական ճգնաժամի մասին է։ «Առավոտը» երեկ փորձեց ճշտել մի շարք քաղաքական ուժերի կարծիքը խնդրո առարկայի վերաբերյալ՝ իրո՞ք առկա է քաղաքական ճգնաժամ, թե՞ ստեղծված իրավիճակը քաղաքագիտական բառարաններում բացատրություն չունի եւ միայն մեր հոգեկերտվածքին հատուկ պայմաններ են առաջացել։ Կոալիցիոն քաղաքական ուժերը գրեթե միաձայն պնդեցին, որ որեւէ քաղաքական ճգնաժամի մասին խոսելն ավելորդ է։ ՕԵԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի պնդմամբ. «Կա բեւեռացում, կա քաղաքական պայքար, որը սուր բնույթ է կրում։ Սակայն քաղաքական կյանքը ինքը այդպիսին է եւ չի կարելի կատարվածը գնահատել որպես քաղաքական ճգնաժամ»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով եւս. «Ո՛չ, ոչ մի ճգնաժամ էլ չկա։ ԱԺ-ում չկա, քաղաքական դաշտում՝ չկա, տնտեսության մեջ՝ չկա։ Ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող»։ Հետո պարոն Սահակյանը, հատուկ «Առավոտի» համար բացատրեց՝ «ճգնաժամ, տնտեսության համար նշանակում է ետընթաց, քաղաքական դաշտում եւ խորհրդարանում եթե լիներ, կնշանակեր, որ խորհրդարանը օրենքներ չի ընդունում, քննարկումներ չի կատարում եւ այլն։ Բայց ինչպես տեսնում եք՝ այդպես չէ»։

Պատգամավոր Մանուկ Գասպարյանի պնդմամբ՝ «ճգնաժամ՝ դե-ֆակտո, կա։ Հիմա, ճիշտ է, ինչ-որ չափով ԱԺ աշխատանքները շարունակվում են, բայց ճգնաժամն առկա է, եւ այս ճգնաժամի հաղթահարման համար կողմերը պետք է նստեն, հարաբերությունները ճշտեն։ Սա շատ վատ հետեւանքներ է ունենալու։ Վերեւից տրված հրահանգը չի համապատասխանում այսօր ժողովրդի մեջ առկա հուզումներին ու խմորումներին։ Եվ սա շատ պայթյունավտանգ իրավիճակ է։ Հիմա ինֆորմացիոն բլոկադա է, ժողովուրդը ճիշտը չի իմանում եւ վաղը ընդդիմության առաջին իսկ կանչով մեծ մասամբ լցվելու են փողոց եւ հետագայում կարող է անկառավարելի իրավիճակ ստեղծվել։ Եվ նաեւ՝ ընդդիմության մեջ չկա այն հեղինակությունը, որը կկառավարի ժողովրդական այդ հուզումը»։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի գնահատմամբ քաղաքական ճգնաժամը բացարձակապես ուրիշ կատեգորիա է եւ չի առնչվում միայն խորհրդարանի հետ. «թերեւս կարելի է բանավիճել խորհրդարանական ճգնաժամի առումով, բայց ես գտնում եմ, որ այդպիսի ճգնաժամ չկա, որովհետեւ նման ճգնաժամ առաջանում է, երբ խորհրդարանը չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել։ Ինչպես դուք համոզվում եք, նման բան տեղի չի ունենում։ Իհարկե, ցավալի է, որ ընդդիմությունը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին»։

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանի կարծիքով, թերեւս, արժե խոսել խորհրդարանական ճգնաժամի մասին, այն էլ՝ մասամբ. «բոյկոտը դեռ կարճ ժամանակ է ընդգրկում, որպեսզի վերջնական գնահատականները տանք։ Ինձ թվում է՝ եւս մեկ եռօրյա, եւ կարելի է վերջնական պատկերացում կազմել, թե որքանով է բոյկոտն ազդում խորհրդարանի բնականոն աշխատանքի վրա։ Ընդհանուր առմամբ, քաղաքական ճգնաժամի դասական հատկանիշները դեռ ի հայտ չեն եկել»։

Հասկանալի է, որ ընդդիմադիր պատգամավորների կարծիքը նույնի մասին պետք է տարբերվի վերը նշված իշխանական կարծիքներից։ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանի կարծիքով ճգնաժամն ակնհայտ է. «միայն խորհրդարանում չի այդ ճգնաժամը (թեպետ դա էլ ոչ մի կերպ չեն ուզում տեսնել), հասարակության մեջ էլ լուրջ ճգնաժամ կա, իշխանության տարբեր թեւերի մեջ էլ ճգնաժամ կա։ Դա չտեսնելն ուղղակի անթույլատրելի է։ Ես խորհուրդ կտամ ճգնաժամի առկայությունը չընդունող մարդկանց, մի քանի անգամ երթեւեկել 50 դրամանոց ավտոբուսներով, անպայման կհամոզվեն դրանում։ Կամ էլ՝ շրջաններում թող հանդիպեն հասարակ մարդկանց հետ»։ Ըստ Աղասի Արշակյանի, ճգնաժամ կա նաեւ իշխող կոալիցիայի ներսում։ Որպես ասվածի ապացույց ներկայացվեց ՀՅԴ-ՀՀԿ լեզվակռիվը՝ ՀՅԴ 29-րդ ընդհանուր ժողովի բացումից հետո։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել