Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա մորը էդպե՞ս են պահում»

Փետրվար 17,2004 00:00

«Բա մորը էդպե՞ս են պահում» Խորեն Աբրահամյանը՝ մայր-թատրոնի մասին Փետրվարի 20-ին կնշվի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի 80-ամյակը։ «Առավոտը» պարզեց, որ հոբելյանական երեկոյի սցենարով՝ թատրոնի պատմության 80 տարիները կբաժանվեն 4 մասի։ Ամեն 20-ամյակ կունենա իր կարեւոր էջերը, ինչպես նաեւ անհատ արվեստագետները՝ բեմադրիչ, դերասան, դրամատուրգ։ Նպատակն է չանտեսել ոչ մի ստեղծագործական հաղթանակ եւ իրադարձություն թատրոնի կյանքից։ Անցյալի մեծ արվեստագետները կներկայացվեն սլայդների միջոցով։ Ներկայացումը կընթանա ճոխ պարահանդես-դիմակահանդեսի տեսքով, որը կսկսվի մուտքից, շքեղ հրավառությամբ եւ 80 մոմերով զարդարված հոբելյանական տորթով։ «Առավոտը» ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանից հետաքրքրվեց. մասնակցելո՞ւ է հոբելյանական երեկոյին։ «Երբ հրավիրեն՝ կմտածեմ»,- պատասխանեց դերասանը։ Մեր հանդիպման սկզբում դերասանը հիշեց Ավետարանից հետեւյալ միտքը. «Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը», այսպես որակելով մայր թատրոնում տիրող մթնոլորտն ու ներկայացումների գեղարվեստական որակը։ «Թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որը ստորագրում է աֆիշների տակ, մեծ պատասխանատվություն պետք է կրի ներկայացումների որակի համար։ Վերջին տարիներին ամեն ինչ դրված է մի կողմ, մոդեռն բաներ են անում՝ իբր ժամանակին համահունչ»,- նկատեց պարոն Աբրահամյանը։ Բոլորը Սունդուկյանի անվան թատրոնը կոչում են մայր թատրոն։ «Չգիտեմ, ով է առաջինը մայր բառով կոչել թատրոնը, բայց՝ բռավո։ Միանշանակ ճիշտ է եղել։ Արդեն ավելի քան 7-8 տարի թատրոնը գործում է անառողջ մթնոլորտում»,- նշեց դերասանը։ Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ քանիցս դիմել է հանրապետության նախագահին, նախկին ու ներկա մշակույթի նախարարներին՝ մտահոգված թատրոնի ճակատագրով եւ այնտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով, «Բայց՝ ի՜նչ բարքեր ու կարգեր, ի՜նչ գեղարվեստական արժեքներ։ Բա մորը էդպե՞ս են պահում»։ Այսօր, Խ. Աբրահամյանի խոսքերով. «Ամենասոսկալին մեր դերասանների (այլ ոչ բլբլացողների)՝ Վարդուհի Վարդերեսյանի, Ժենյա Ավետիսյանի եւ մյուսների համառ լռությունն է»։ Ըստ Խ. Աբրահամյանի, այժմ մայր թատրոն չկա. «Սա նորություն չէ, բոլորին է հայտնի»։ Դերասանը չի կարող ընդունել այն մարդկանց աշխատանքը, որի արդյունքում ներկայացվում են Թումանյան ու Անդրանիկ՝ իսկը իրենց նկարագրին մոտ (նկատի ունի Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը»), այսինքն, նրանք ներկայանում են «յուրովի»՝ իրենց բաժին ուրախությամբ։ Զրույցի ավարտին Խ. Աբրահամյանը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է իր «Առաջին սիրո երգը» ֆիլմի սցենարը ու նկատեց, որ 50 տարի հետո ֆիլմի շարունակությունը հանդիսացող նոր նկարում «էն օյինը, ինչ հանել է Արսեն Վարունցը իր հոր ու ընտանիքի գլխին, նույնը տարիներ անց խաղում է իր երեխան»։ Դերասանը շեշտեց, որ «վաղը մեր էրեխեքի պատասխանը մեզ լինելու է այսօրվա օրը, եթե, իհարկե, ամեն ինչ ու ամեն ոք իր տեղում չլինի»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել