ՄՈԳԻ «ՍԱՅՈՒԶՆԻԿՆ» ԱՐԺԵ $1500 «Սայուզնիկն» ամրացվում է մարմնին՝ տիեզերքի հետ կապ հաստատելու համար Վերջին շրջանում շատացել է մարդկանց թիվը, ովքեր խոստանում են հիվանդություններ բուժել մագիայի միջոցով, պատրաստել հաջողության թալիսմաններ, վերադարձնել սիրելիներին լքվածների մոտ, քանդել թուղթուգիր: Իրենց հրաշագործությունների մասին «բուժողներն» ազդարարում են ամենատարբեր լրատվամիջոցներով: Նման մի հայտարարության հետքերով «Առավոտը» հայտնվեց Օրան էկզոտիկ անունով մոգի «բժշկանոցում», ուր առաջին այցի եւ մոգի հետ ծանոթանալու համար նախ պետք է 1000 դրամ վճարես: Մոգը շատ բարեհամբույր ներկայացրեց առաջարկվող ծառայությունների գնացուցակը եւ իր մեթոդի բացառիկությունը: Օրինակ, ընկերուհուս «ախտորոշելով»՝ նա տիեզերքից ինֆորմացիա ստացավ ոչ միայն հիվանդության, այլեւ բուժման համար պահանջվող գումարի չափի մասին, այն է՝ $250: Իսկ ինձ խոստացավ հաջողակ դարձնել ավելի մատչելի գնով՝ $50-ով: Ընդ որում, «բուժումը» իրականացվում է առանց «բուժվողի» ներկայության։ Կարեւորը՝ գումարը վճարված լինի։ Իհարկե, Օրանը հաջողակ եւ առողջ դարձնելու իր չափանիշներն ու մեթոդներն ունի: Նա մանրամասն բացատրեց, որ հաճախորդների մարմիններին ամրացնում է՝ իր բառով, «սայուզնիկ», որը, չնայած մահկանացուներիս համար անտեսանելի լինելուն, ապահովում է տիեզերքի հետ կապը: «Սայուզնիկ» կոչվածն էլ հոգի է, բայց ոչ մեռած մարդու, որը, անկախ մեր կամքից, ուղղորդում է մեր բոլոր գործողությունները։ «Սայուզնիկատերը» այդպիսով ապահովագրվում է անհաջողություններից ու հիվանդություններից: Մոգի մեկնաբանությամբ, հիվանդությունները տիեզերական ծագում ունեցող «աստրալ մարմիններ» են՝ նյութական բովանդակությամբ, հետեւաբար դրանք կարելի է վանել մոգի օգնությամբ՝ տիեզերքի հետ կապի միջոցով: «Սայուզնիկի» գինը, ըստ մոգի, կախված պատվիրատուի երեւակայությունից, վերջինիս նպատակների թվից ու ցանկություններից, կարող է աճել մինչեւ $1500: Օրանի աշխատասենյակում ամեն ինչ արված էր այցելուի վրա տպավորություն թողնելու համար: Ալ կարմիր վարագույներ, սեւ սփռոց սեղանին, դռան բռնակի փոխարեն՝ սեւ ժապավեն: Սեղանին էլ մոմ էր վառվում, խաղաթղթեր էին դրված, երկնային համաստեղությունների քարտեզ ու մեկ էլ մոգության հիմնական գործիքը՝ իլիկանման առարկա, որը ճոճելով՝ Օրանը ինֆորմացիա է ստանում վերին ուժերից: Մոգը տեղեկացրեց, որ ընդունում է միայն եվանգելիստական եկեղեցին, թեեւ հոգեւորականների մեջ ծանոթներ ու անգամ ոսկե թերթերով Աստվածաշունչ ունի: Նա չթաքցրեց, որ ժամանակին համագործակցել է նաեւ բժիշկների հետ, սակայն «նրանք հանդես են եկել ընդամենը՝ որպես շտապօգնություն»: Իր երեւանյան «կոլեգաներին» մոգը «շառլատաններ» անվանեց, իսկ ինքը ներկայացավ որպես մենտալյան մագիայի 3 ասերից մեկը ԱՊՀ 8211ում: Առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Շահե քահանա Հայրապետյանից փորձեցինք պարզել ինչպե՞ս է վերաբերվում Հայ առաքելական եկեղեցին մոգությանը, գուշակություններին ու թալիսմաններին: «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգությամբ զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով…»,- Հին կտակարանը վկայակոչելով ասաց հոգեւորականը: Տեր Շահեի հավաստմամբ՝ Ժամանակակից քաղաքակրթության պայմաններում շատերը այնուամենայնիվ կապված են ստորին կարգի սնոտիապաշտության՝ հմայությունների եւ կախարդությունների հետ: Ըստ տեր Շահեի, աչքի ուլունքները, պայտերը, փշերը, զանազան բժժանքները չարի խորհրդանիշ են եւ «հազարամյա քրիստոնեություն ունեցող ժողովրդի համար ամոթ է կառչած մնալ չարի կապանքներից»: Նման բաներով տարվելու փոխարեն՝ տեր Շահեն մոլորվածներին խորհուրդ տվեց հաճախակի շփվել հոգեւորականների հետ եւ մասնակցել հոգեւոր դասընթացների, որոնք շաբաթական երկու օր կազմակերպվում են Երեւանի բոլոր եկեղեցիներում: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ