Լրահոս
Օրվա լրահոսը

Քիլերները փախուստի մեջ են

Փետրվար 17,2004 00:00

Քիլերները փախուստի մեջ են Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Նուբարաշենի խճուղում հանցավոր խմբի կողմից իրականացված սպանությունների գործի քննությունը։ Ինչպես հայտնի է, չարագործությանը զոհ գնացին Սամվել Ալեքսանյանի եւ Ռուբեն Գեւորգյանի արյունակցական թշնամանքի հետ կապ չունեցող մարդիկ՝ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը եւ տաքսի ավտոմեքենայի վարորդը, որի մեջ նստած զրուցել են ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբոր երկու որդիները։ Արկադի եւ Արտյոմ Գեւորգյաններից մեկը մահացավ, մյուսը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց։ Այս գործում մեղադրվում է 8 անձ։ Հիմնական մեղադրանքը ներկայացված է Արթուր Սարգսյանին (Ֆար), Արտիկ Միրզոյանին, Արթուր Բադալյանին, Հայկ Նիկողոսյանին եւ Մհեր Մարգարյանին։ Մնացած երեքը այնքան էլ գործուն մասնակցություն չեն ունեցել սպանությունների կազմակերպմանը եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը։ Ըստ էության, այս խումբը մեղադրվում է սպանություն կազմակերպելու փորձի մեջ, քանի որ, ըստ քրգործի, հանցագործության անմիջական կատարողներն առայժմ հետախուզման մեջ են։ Կենտրոն համայնքի դատարանի ամենամեծ դահլիճում նեղվածք էր։ Տուժող Գեւորգյանների իրավահաջորդ Ռուբեն Ռշտունին միջնորդեց նորմալ աշխատանքային պայմաններ ապահովել։ 15 րոպե պահանջվեց, որպեսզի որոշվեր՝ բավարարե՞լ միջնորդությունը, թե՞ ոչ։ Ի վերջո, դահլիճում ավելացվեց երկու սեղան։ Հաջորդ միջնորդությունը, որ ներկայացրեց Հայկ Նիկողոսյանի պաշտպան Ֆրունզիկ Խալաթյանը, մասնավորապես, վերաբերում էր իր պաշտպանի խափանման միջոցը փոփոխելուն, վերացնելով նրա նկատմամբ ընտրված կալանքը։ Սակայն ամբաստանյալը չհամաձայնեց իր պաշտպանի միջնորդության այդ մասին։ Ըստ նրա, ինքը բացարձակապես մեղավոր չէ ու թեեւ արդեն կալանավորված է, կմնա մեկուսարանում, մինչեւ պարզվի ճշմարտությունը, իսկ ստորագրությամբ ազատվել կալանքից նա չցանկացավ։ Գեւորգյանների իրավահաջորդներ Ռուբեն եւ Նարինե Ռշտունիները եւ Գ. Հարությունյանի իրավահաջորդ Հայկ Ալումյանը դեմ արտահայտվեցին միջնորդությանն ամբողջությամբ։ Դատարանը որոշեց մերժել այն, պատճառաբանելով, որ գործում եղած ապացույցները որեւէ փոփոխություն չեն կրել։ Այնուհետեւ հարցաքննվեցին ամբաստանյալներ Արմեն Ասատրյանը եւ Կարեն Խալաթյանը, որոնք կալանքի տակ չեն։ Նրանցից վերջինը հայտնեց դատարանին իր վրա քննիչի կողմից գործադրված ճնշման (ոչ ֆիզիկական) մասին, որի արդյունքում ինքը ստիպված ցուցմունքներ է տվել։ Վերջում դատարանը որոշեց ապացույցների հետազոտման կարգը՝ նախ ցուցմունքներ են տալիս ամբաստանյալները, այնուհետեւ տուժածները, վերջում՝ վկաները եւ բերվում են գրավոր ապացույցները։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել