ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է հայեցողական պաշտոնների ցանկում ընդգրկել նաեւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀՀ նախագահի եւ վարչապետի վերահսկողական ծառայության պետերի պաշտոնները: Քաղծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը նշեց, որ գործող դեսպաններն ու վերահսկողական ծառայության ղեկավարները ետ չեն կանչվի. «Դեսպանների մի մասը դուրս էր մնացել ընդհանրապես եւ նրանք պաշտոնների որեւէ կատեգորիայում նշված չեն եղել. հիմա շտկվեց: Իսկ վերահսկողական վարչության ղեկավարների պաշտոնները մինչ օրս եղել են քաղծառայողների խմբում»: Մանուկ Գասպարյանն այս օրինագծի առնչությամբ իր ելույթում նշեց, թե ի սկզբանե հայտնի են լինում այն անունները, որոնք պետք է զբաղեցնեն այս կամ այն պաշտոնը, եւ մրցույթները զուտ ձեւական բնույթ ունեն: Սրա մի ապացույցը հնչեց քիչ անց: ԱԺ սոցիալական եւ տնտեսական հարցերով վարչությունները միացվել են եւ լուրեր կան, թե վարչության ապագա պետի թեկնածուն Արա Ասլիկյանն է: «ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ եթե պարզվի, որ իսկապես Արա Ասլիկյանն է նշանակվել այդ պաշտոնում՝ կարելի՞ է ասել, թե ճիշտ են գնահատականները, որ նախապես հայտնի են պաշտոնյաների անունները, Մանվել Բադալանը պատասխանեց. «Ձեր հարցադրումը մտածելու տեղիք է տալիս: Բայց, կներեք, ես չեմ կարող միանշանակ ասել, որ ամեն ինչ կանխորոշված է, որովհետեւ նրանք էլ պետք է մասնակցեն նույն մրցույթին: Միգուցե հաղթելու դեպքում հնարավոր լինի ինչ-որ բան խոսել»: Օրինագծով նախատեսվող մեկ այլ փոփոխության շնորհիվ՝ քաղծառայության մրցույթի մասնակիցներն այսուհետ կունենան դրա արդյունքները բողոքարկելու հնարավորություն: Սեփ. լր.