Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՉ ՈՔ ԻՐ ԼԱՎԸ ՄԵԶ ՉԻ ՏԱ»

Փետրվար 17,2004 00:00

Հ.
Հակոբյանը խոհեմության կոչ է անում բոլորին
«Արհեստածին ստեղծված կոալիցիա կոչվածը անպայմանորեն կփլուզվի եւ այս մեկ տարվա ընթացքում թույլ տրված սխալների համար ժողովուրդը կվճարի»,-մեզ հետ զրույցում նման հոռետեսական կանխատեսումներ արեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածնի տարածքից)։ Ուստի, նրա համոզմամբ, խորհրդարանում պետք է ձեւավորվի նոր ուժ, որը իշխանության պատասխանատվությունն իր վրա կվերցնի։ Մեր զրուցակիցը մատնանշեց նախորդ ԱԺ-ի դրական փորձը, երբ պատասխանատվությունը ստանձնել էր «Հանրապետականը», իսկ ՕԵ-ն եւ ՀՀԿ-ն իրենց կիսաընդդիմադիր կեցվածքով օգնում էին օրենսդիր աշխատանքին։ Այժմ, սակայն, Հ. Հակոբյանը համոզված չէ, որ կոալիցիոն ուժերից որեւէ մեկը կարող է պատասխանատուի դերը ստանձնել. «Երեքից ոչ մեկն էլ մեծամասնություն չունի, պետք է նոր քաղաքական ուժ ձեւավորվի»։ Այդ արբիտրի դերը, պարոն Հակոբյանի համոզմամբ, այժմ շատ թե քիչ «Ժողպատգամավոր» խումբն է իրականացնում (որի անդամն է, ի դեպ, պրն Հակոբյանը)։ Հարցին՝ «հնարավո՞ր է այդ միավորման հիմքով նոր ուժի ձեւավորումը», Հ. Հակոբյանը պատասխանեց, որ խմբում նման խմորումներ չկան։ Ցավալի համարելով վիճակը՝ «երբ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ աշխատանքները, իսկ կոալիցիան չի տիրապետում իրավիճակին», մեր զրուցակիցը դա ճգնաժամ է որակում։ Սակայն դեմ է իշխանափոխության ճանապարհով իրավիճակից դուրս գալուն, որովհետեւ դա լրացուցիչ սթրես է համարում։ Նաեւ՝ «ծիծաղելի վիճակի մեջ ենք ընկնում։ Մեկ տարի էլ չկա, որ նախագահն ընտրվել է, ԱԺ-ն ընդհանրապես ամիսների պատմություն ունի, ասում ենք՝ լուծարենք։ Կան դրական եւ բացասական բաներ, բայց բոլորս պետք է հասկանանք, որ այս երկիրը մերն է, մենք այստեղ ապրել եւ ապրելու ենք։ Ոչ ոք իր լավը մեզ չի տա, այնպես պետք է անենք, որ մեզ համար լավ լինի՝ անկախ նրանից, թե նախագահն ով է, ԱԺ նախագահն ով է»։

ԱԺ պատգամավորին հատկապես անհանգստացնում է, որ մեր հարեւանները արագորեն սկսում են զարգանալ։ «Վրաստանում հինգ տարով գյուղացիներին հարկերից ազատեցին։ Եթե մենք այսօր ադեկվատ քայլեր չանենք, վաղը մրցակցությանը չենք դիմանա։ Վրաստանից գյուղմթերք կներմուծվի Հայաստան՝ դրանով մեկ անգամ էլ մեր գյուղացուն անդունդը կնետենք։ Հիմա դրանց մասին պետք է մտածենք,- իր մտահոգությունները փոխանցեց Հ. Հակոբյանը, հավելելով,- հարկային բեռը ծանր է իր հերթին, երկիրն էլ վստահություն չի ներշնչում, վախ կա, որ պատերազմը կվերսկսվի, պետությունն ու պետականությունն են վտանգված»։

Պարոն Հակոբյանին հիշեցրինք նաեւ, որ ամիսներ առաջ ինքը խոստացել էր հրապարակել բանկային համակարգի այն պաշտոնյաների անունները, ովքեր միտումնավոր խաբված ավանդատուների բանակ են ստեղծում։ Հ. Հակոբյանն սահմանափակվեց վերահսկողության մասին ընդհանուր դատողություններով։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել