Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին մաս-մաս են անում

Փետրվար 17,2004 00:00

Գյումրիի
Արեւելյան թաղամասը կամ, որ նույնն է՝ օդանավակայանի տարածքը, հանձնվել է
Ազատանի համայնքին:
Այս մասին բնակիչները տեղեկացել են բոլորովին վերջերս: Մի քանի օր է, նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում Գյումրիի քաղաքապետարանի դիմաց՝ անգամ սպառնալով արգելել ինքնաթիռների թռիչքը: Բնակիչների դժգոհությամբ, իրենց իրավունքները ոտնահարվել են, կարգավիճակ փոփոխելիս իրենց կարծիքն ընդհանրապես հաշվի չեն առել, իսկ իրենք «գյումրեցուց վերածվել են իսկական գյուղացու»: Պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմեցինք քաղաքապետարանի տարածքային զարգացման, քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի բաժնի պետ Հրայր Կարապետյանին: Նրա մեկնաբանությամբ, կառավարության թիվ 180 որոշմամբ հաստատված քաղաքի գլխավոր հատակագծում այն նշված է որպես Գյումրիի տարածք: Քաղաքի նոր հատակագիծը դեռեւս հաստատված չէ, չնայած դարձյալ նախագծված է որպես Գյումրիի տարածք: Ստեղծված խառնաշփոթի պատճառը անցած տարի կառավարության որոշման համաձայն մարզերում անցկացված քարտեզագրումն է: Ազատանի համայնքի պահանջով այն քարտեզագրվել եւ հիմա դիտվում է որպես Ազատանի տարածք: Այդ ընթացքում Գյումրիի քաղաքապետարանը նամակ է հղել ՀՀ անշարժ գույքի կադաստրի վարչության պետին՝ խնդրելով Արեւելյան թաղամասում ժամանակավորապես կասեցնել հողերի սեփականաշնորհումն ու ապօրինի տների օրինականացումը, մինչեւ քաղաքի նոր հատակագծի հաստատումը: Կադաստրի վարչությունից նամակին չեն պատասխանել, արդյունքում՝ հատկապես անօթեւանների հերթացուցակում ընդգրկված գյումրեցիները անելանելի վիճակում են հայտնվել:

Կան որոշակի կարծիքներ, որ հիշյալ տարածքի՝ Ազատանի ենթակայությանը անցնելու հարցում ամենից շատ շահագրգռված էր Ախուրյանի կադաստրի պետ Լոր (անձնագրով՝ Լյովա) Շահինյանը: Ի դեպ, սա Ազատանի համայնքի կողմից Գյումրիի տարածքներ յուրացնելու առաջին փորձը չէ: Հրայր Կարապետյանի հավաստմամբ, վերջերս փորձում էին տիրանալ նաեւ Ստրոմմաշ գործարանի տարածքին, սակայն քաղաքապետը ճիշտ ժամանակին կարողացել է կանխել:

Գյումրիի քաղաքապետարանին հատկապես մտահոգում է այն հարցը, որ սա վատ օրինակ կարող է ծառայել շատերի համար: Հրայր Կարապետյանի ասելով, Գյումրին ունի այլ «վիճելի» տարածքներ եւս՝ Քեթիի, Մայիսյանի հողերը: Սակայն չի կարելի քաղաքը մասնատել՝ հաշվի չառնելով ժողովրդի կարծիքը: «Եթե չկա կառավարության որոշում, հազար գյուղապետ ու կադաստրի պետ լինի, ի՞նչ իրավունքով են քաղաքն իր տարածքից զրկում»,- ասաց քաղաքաշինության բաժնի պետը՝ միաժամանակ զարմանալով, որ Նոյի թվին հատկացված տարածքները նորից հետ են ուզում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել