Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տխուր է դարձել՝ ապրել այս երկրում»

Փետրվար 17,2004 00:00

Իշխանափոխություն է պահանջում նույնիսկ նախկին իշխանավոր Հովհաննես Հովհաննիսյանը

«Այս տարի մեր երկրում պետք է լինեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»,- երեկ Ազատական-առաջադիմական կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց այդ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։ Իրավիճակից ելքը պրն Հովհաննիսյանը միայն այդ կերպ է պատկերացնում։ Ընդ որում՝ «եթե այսպես շարունակվի՝ հեղափոխությունն անխուսափելի է»,- հայտարարեց նորընծա ընդդիմադիրը։ Վասն հայության նա նաեւ խոստովանություն արեց. «Ժամանակին մենք էլ ենք վագոնից վագոն անցել։ Այս ամենի մեջ (նկատի ունի ներկայիս իրավիճակը.- Ն. Գ.) ես էլ իմ մեղքը ունեմ, բայց հիմա այլ ճանապարհ չկա։ Կամ մնում ենք փակուղում եւ կորցնում ամեն ինչ, կամ՝ շահում ենք»։ Ապա հավելեց, որ կոմունիստներից ցայսօր՝ իր բարեկեցիկ կյանքի, տարբեր տրամաչափի պաշտոնների համար պարտական է ժողովրդին, իսկ հիմա եկել է հատուցման ժամանակը. «մենք ձեզ տալիք ունենք։ Եթե լուծենք ձեր խնդիրները՝ պարզ ճակատով կնայենք ձեզ, եթե՝ ոչ, դաշտը կլքենք»,- խոստացավ Հ. Հովհաննիսյանը։

Մինչ այս ամենը բանախոսն անդրադարձավ ներկայիս ցավոտ հարցերին։ Դրանք են՝ արտաքին քաղաքականություն (ըստ Հ. Հովհաննիսյանի՝ շատ վտանգավոր), ընտրական գոյություն չունեցող համակարգ, պետական կառավարման համակարգի սնանկություն, քաղաքական էլիտայի չգոյություն, օլիգարխային կոռումպացված տնտեսություն։

Ազատական առաջադիմական կուսակցությունն արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի հեռանկարը տեսնում է միմիայն Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ), որտեղ Կովկասը մեկ միավորով պետք է ներկայացված լինի։ Կուսակցությունը կարծում է, որ իրական հայտ պետք է ներկայացնենք եվրոպական ընտանիքին անդամագրվելու եւ անհրաժեշտություն են տեսնում վերանայելու Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում։ ՌԴ-Հայաստան հարաբերություններում Հ. Հովհաննիսյանին զայրացնում է հատկապես այն, որ 15 տարի առաջ վաստակած անկախությունը նորից փոխարինվեց մեծ ու փոքր եղբայրների հարաբերությունների։ Ու այդ հարաբերություններում «ոչ մի պոզիտիվ» բան չտեսնելով, բանախոսը հանգեց նրան, որ՝ «ՌԴ-ն մեր երկրի վրա արդեն քաղաքական ազդեցություն ունի։ Նրանք չեն ուզում ժողովրդավարական, ազատական Հայաստան, ընտրված նախագահ, նախընտրում են իրենց հարմար իշխանություններ։ Չպետք է թույլ տանք, որ 15-20 տարի հետո մեր երեխաները նորից անկախության համար կռիվ տան»։

ԼՂՀ հարցում Հ. Հովհաննիսյանը զարմանում է, որ՝ «մեզ թելադրում են, եւ մենք համաձայնվում ենք»։ Նկատի ունի Իլհամ Ալիեւի՝ բանակցությունները զրոյից սկսելու առաջարկը։ «Էս կառավարությունն ու ԱԺ-ն ԼՂՀ-ի հարցի լուծման բեռը քաշել չեն կարող։ Մենք այսօր ԼՂՀ հարցից ավելի ենք հեռացել, քան մինչեւ 88-ը»,- արձանագրեց նա։

Ի դեպ, համագումարին ներկա միակ իշխանական ՀԳԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը ի պատասխան մեր հարցադրման՝ «համաձա՞յն եք արծարծված հարցերի, մասնավորապես, իշխանափոխության անհրաժեշտության հետ», պատասխանեց. «Դա կանխատեսում է, ինձ համար չբացահայտվեց, թե ինչ գործընթացներ կան, որոնք կհանգեցնեն դրան։ Միտքը նորություն չէ, բայց Հովհաննիսյանի ելույթն ավելի շատ առկա ստվերային երեւույթների վերլուծություն էր, բայց ոչ ճարտարապետ -նախագծողի»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել