ԱՖՂԱՆՑԻՆԵՐԻՆ ՕԳՆԵԼ Է ՊԵՏՔ 15 տարի առաջ՝ 1989 թվականի փետրվարի 15-ին ԽՍՀՄ Զինված ուժերի ստորաբաժանումների վերջին զինվորը դուրս եկավ Աֆղանստանից: Աֆղանական պատերազմից Հայաստան վերադարձած 3700 մարտիկներից 800-ը հետագայում, սոցիալական դժվար կացությանը չդիմանալով, հեռացան Հայաստանից: Մնացածներից շատերի վիճակն էլ առանձնապես բարեկեցիկ չէ. 300 «աֆղանցի» տարբեր կարգի հաշմանդամներ են, մոտ հազարը պատերազմում վերքեր եւ հիվանդություններ են «վաստակել» եւ ապրելով ծայրահեղ ծանր պայմաններում, տառապում են սրտանոթային եւ թանկ բուժում պահանջող այլ հիվանդություններով: Սրա պատճառը ոչ միայն ժամանակին կիսատ-պռատ բուժումն է, այլ նաեւ Աֆղանստանից անմիջապես հետո մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին: Աֆղանական պատերազմի վետերանների միությունը փորձում է օգնել «աֆղանցիների» ընտանիքներին, սակայն ակնհայտորեն զգացվում է պետության աջակցության անհրաժեշտությունը: Ուստի միությունը առաջարկել է ՀՀ կառավարությանը՝ իրենց տրամադրել Հայաստանի չգործող առողջարաններից մեկը՝ վերականգնողական կենտրոն ստեղծելու համար: Զգացվում է նաեւ դեղ-դեղամիջոցների պակաս, որը նույնպես կարող է լրացվել այլոց օժանդակությամբ: Դեռեւս ՀԽՍՀ կառավարությունը Երեւանի մատույցներում առանձնացրել է 17,5 հեկտար տարածք՝ «աֆղանցիների» համար տներ կառուցելու նպատակով: ԽՍՀՄ փլուզումից հետո ծրագիրը դադարեց, սակայն, եթե լինեն աջակցողներ-հովանավորներ, շինարարությունը կարող է վերսկսվել: «Աֆղանցիները» փորձում են բախտակիցների օգնությամբ լուծել որոշ հարցեր: Մասնավորաբար՝ կապեր կան աֆղանական պատերազմի մասնակից գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովի ղեկավարած տեղային հակամարտությունների եւ զինված բախումների վետերանների միջազգային միության հետ: ԱՊՀ «աֆղանցիները» տեղյակ են մերոնց հուզող խնդիրներին: Ա. Զ.