Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱԼ ՄԱՐՏԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՃՈՎ

Փետրվար 14,2004 00:00

ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱԼ ՄԱՐՏԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՃՈՎ «Առավոտի» մարզասեր ընթերցողներին տեղեկացրել ենք, որ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամները վերջին ստուգողական մրցամարտերն անցկացրին նաեւ օլիմպիական վարկանիշային միավորներ բերող այդ մրցամարտից առաջ ու փետրվարի 16-ին մեկնելու են Խորվաթիայի Պուլա քաղաք: Փորձամրցումներին հետեւում էր նաեւ մարզաձեւի մեր երախտավորներից մեկը՝ Օլիմպիական մարզաձեւերի համակարգման վարչության պետ, նախկին մարզիկ եւ վաստակաշատ մարզիչ Լեւոն Հովհաննիսյանը: Նրան էլ խնդրեցինք կիսել մարտերից ստացած իր տպավորությունները: – Տպավորությունս այն է, որ բռնցքամարտիկներն այս փուլի համար ֆունկցիոնալ առումով վատ վիճակում չեն: Սակայն, իմ կարծիքով, անելիքներ դեռ կան: Նախ, պետք է մարզիկներն աշխատեն արագության վրա, չնայած, հավաքականի առաջին համարները ցույց տվեցին, որ, կարծես, ճիշտ ճանապարհով են ընթանում: Իմ նկատած թերությունները սուբյեկտիվ են, վերջնական խոսքն, անշուշտ, գլխավոր մարզչինն է: Նա կարող է համաձայնել կամ չհամաձայնել իմ տեսակետին: Բայց շարունակեմ. դեռ ժամանակ կա ու հնարավոր է, այս հանգամանքը մարզիչները հաշվի առնեն: Ինքս, որպես մասնագետ, որոշ լարվածություն նկատեցի տղաների մեջ: Բայց նաեւ տեսա, որ տղաները շարունակում են մարզաձեւի հայկական դպրոցի ավանդույթները՝ դավանում են տեխնիկային, այսպես կոչված, խաղային ոճին: – Այսօրվա մարտերի արդյունքով ու՞մ կառանձնացնեիք: – Անուններ այս պահին չէի ցանկանա տալ: Բայց, այնուամենայնիվ, նշեմ Ալեքսան Նալբանդյանին եւ Անդրանիկ Հակոբյանին: Սակայն վերջինը պետք է կարողանա պահպանել լավ մարզավիճակը: – Տղաները տեխնիկապես վատ չեն, բայց ժամանակակից բռնցքամարտում գնահատվում են նաեւ այլ չափորոշիչներ: – Անշուշտ: Դրանք են արագությունը, հարվածների հստակությունները: Հայ բռնցքամարտիկներին բնորոշ են հարուստ զինանոցը, այսինքն, հարձակվողական, հակահարձակվողական ոճերը, մերձամարտը, միջին եւ հեռու տարածություններից մենամարտելը, այլ որակներ: Մերոնք, կարծես, ֆիզիկապես էլ վատ չեն եղել: Տղաներին հուշելու կարգով մի բան եմ ուզում ասել. եթե առաջ ռաունդը տեւում էր երեք րոպե եւ այդ որակները բաշխվում էին այդ ժամանակահատվածի վրա, հիմա այդ ամենի համար տրվում է ընդամենը երկու րոպե: Հետեւաբար, պետք է կարողանալ հստակ կատարել երկու րոպեում, խտացված կարգով: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել