Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկը սպառնում էր իր նախկին հիվանդին

Փետրվար 14,2004 00:00

Բժիշկը սպառնում էր իր նախկին հիվանդին Եվ պնդում, որ հզոր հովանավորներ ունի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում բժիշկ Վաղինակ Դովլաթյանի դեմ ընթացող դատական նիստերը, ըստ տուժածի, որեւէ փաստ ապացուցելու խնդիր չեն հետապնդում, քանզի ինքնին ապացուցված մեղադրանքը հերքելու որեւէ փորձ չի էլ արվում։ «Վ. Դովլաթյանը քաղցկե՞ղ է բուժում՝ բարի,- պարզաբանում է մեղադրող Գեւորգ Երեմյանը,- մենք առաջարկել ենք դատարանին՝ թող բուժի հանրապետությունում այդ հիվանդությամբ տառապող որեւէ մեկին եւ մենք, աշխարհն էլ մեզ հետ, կբղավենք՝ էվրիկա ու բժիշկն էլ, մեղադրյալի աթոռի փոխարեն, կբազմի փառքի գահին։ Հակառակ դեպքում, նրա մեղքն ապացուցված է ինքնին»։ Իսկ շարունակ ձգձգվող դատական պրոցեսը (30 րոպե տեւող նիստը դատավորը ընդմիջում է մոտ 5 ժամով) բերում է լարված վիճակի։ Նախապատմությունը, որին «Առավոտն» արդեն անդրադարձել է, այսպիսին է։ Երեւանի «Էրեբունի» պոլիկլինիկայի բժիշկ, գաստրո-էնտերոլոգ Վաղինակ Դովլաթյանը ձեռքերով հետազոտելով Գոհար Խաչատրյանի (որը նախորդ օրը բողոքել էր ցավերից) որովայնը, նրան ուղարկել է ընդհանուր անալիզներ հանձնելու, որոնց պատասխանի հիման վրա ախտորոշվել է հաստ աղիի քաղցկեղ։ Հիվանդի քրոջն ու ամուսնուն խոստացել է բուժել երեք կուրսով՝ 10-ական ներարկմամբ, յուրաքանչյուր սրվակը $650 արժողությամբ, նախապես խնդրելով խիստ գաղտնի պահել իր՝ քաղցկեղ բուժելու կարողությունը։ Բնականաբար, հարազատները հիվանդին չեն տեղեկացրել մոտալուտ մահվան մասին (բժիշկը 2 ամսվա կյանք է կանխորոշել) եւ համաձայնել են վճարել 20300 դոլար, որի դիմաց բժիշկը կարմիր գույնի ինչ-որ հեղուկ է ներարկել հիվանդին։ Բուժման երրորդ կուրսի կեսից տեղեկանալով, որ իրեն բուժում են քաղցկեղի դեմ, Գ. Խաչատրյանը զարմացել է եւ որոշել է հետազոտվել ուրիշ բժիշկների մոտ, որոնք հայտնաբերել են մի փունջ հիվանդություն, բայց ոչ քաղցկեղ։ Մինչ բժշկի խարդախության հետեւանքով կորցրած գումարը ետ ստանալու ջանքեր էր արվում, մեկ ուրիշ հիվանդ՝ Աշոտ Խաչատրյանը, եւս հայտնվել է խաբեբայի ցանցում։ Նրան նույնպես բուժում էր Վ. Դովլաթյանը եւ բժշկին իր Աստվածը համարելով, խնդրել է Գոհարի ամուսնուն՝ հանգիստ թողնել բժշկին, որպեսզի նա ավարտի իր բուժումը՝ բարեհաջող ելքի դեպքում խոստանալով Խաչատրյանների կորցրած գումարը ինքը վերադարձնել։ Աշոտ Խաչատրյանը, որն, ի դեպ, վճռաբեկ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանի ազգականն է, բուժման համար վճարել է 26800 դոլար։ Եվ քանի որ նա իսկապես տառապում էր քաղցկեղով, 2003-ի մայիսին մահացել է։ Գոհար Խաչատրյանը դիմել է արդարադատությանը։ Հարուցվել է քրեական գործ։ 2003-ի հունիսի 18-ին Վաղինակ Դովլաթյանը կալանավորվել է։ Բժիշկը հրաժարվում է ցուցմունքներ տալ բուժման իր մեթոդների մասին, պատճառաբանելով, թե դա իր հեղինակային գաղտնիքն է։ Սակայն թե՛ ուռուցքաբան Հայրապետ Գալստյանի, թե՛ այլ գործով վկա բժիշկ-մասնագետների հավաստմամբ, հնարավոր չէ այդ եղանակով, որով մեղադրյալը քննել է հիվանդին, քաղցկեղ հայտնաբերել։ Ըստ տուժողի, բժիշկը ուժեղ հովանավորներ ունի եւ որոշ ժամանակ անց ազատվել է կալանքից՝ առողջական վիճակի վատթարացման պատճառաբանությամբ։ Նա չի թաքցնում, որ իր թիկունքում մարդիկ կան՝ թե՛ քրեական, թե՛ իշխանական հեղինակություններ եւ տալիս է որոշակի անուններ, որոնք չեն թողնելու, որ ինքը «մի րոպե նստի»։ Ըստ էության, այդպես էլ լինում է։ Այժմ բժիշկը ազատության մեջ է եւ անցել է ահաբեկության։ Զանգահարելով տուժողի բնակարան, նա խոստանում է, բողոքը շարունակելու դեպքում, վնասել երեխաներին։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել