Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

Փետրվար 14,2004 00:00

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ Փետրվարի 3-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ օրենքը՝ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին: Մինչ այդ, հունվարի 28-ին «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հայտնել էր, որ նախագծի շուրջ պետական եւ ոչ պետական բուհերի ռեկտորների միջեւ ծագած անհամաձայնություններն այնքան խորացան, որ երկրի նախագահի միջամտությունն էր պետք: Իսկ երկրի նախագահը, ըստ Ռ. Մարտիրոսյանի, հայտարարել է, որ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները վիճարկման ենթակա չեն: Մասնավոր բուհերի ռեկտորներին Ռ. Մարտիրոսյանի հայտարարությունը նախագահի անունից, այն էլ ԱԺ քննարկումից առաջ, անհանգստացրել է: Թեպետ նրանք հասկանում են, թե ինչին է ուղղված այս ամենը: Խնդիրն այն է, որ ըստ հիշյալ օրենքի նախագծի 10-րդ կետի (որն էլ դարձել է պետական եւ ոչ պետական բուհերի վեճի հիմնական առարկան եւ պետական բուհերի ռեկտորների «երազների իրականացումը»), ոչ պետական բուհերը պետք է վերածվեն շահույթ չհետապնդող ոչ առեւտրային կազմակերպությունների: Ըստ մասնավոր բուհերի ղեկավարների, դա ենթադրում է, որ իրենց բուհերը կվերածվեն ինչ-որ ֆոնդերի, ստացած շահույթը բաժնետերերի մեջ չի կիսվելու եւ ծախսվելու է միայն ուսման համար, իսկ բուհի լուծարման դեպքում անցնելու է պետությանը: Ո՞ր բուհի տերը կթողնի իր ունեցվածքը պետությանը: Ավելի լավ է՝ փակի իր հիմնարկը: Ոչ պետական բուհերի կարծիքով, հենց սա էլ պետականների վերջնանպատակն է. «Կրթական դաշտում մենաշնորհային իրավունքով գործելու կռիվ է՝ քողարկելով այն կեղծ բարեպաշտական լոզունգներով, շատ լավ հասկանալով, որ ցանկացած կառույց արդյունավետ է գործում, եթե ունի շահույթ»,- ասում են մասնավոր բուհերի ներկայացուցիչները՝ չցանկանալով բացահայտել իրենց անունները: Իսկ պետական բուհերի ղեկավարներն այս կետի անհրաժեշտությունը հիմնավորում են նրանով, որ կրթությունը բիզնեսի առարկա դարձնելը մեղք է, կրթությունը բարեգործություն է: (Այս նույն տրամաբանությամբ, հիվանդից էլ չպետք է փող վերցնել, չէ՞ որ բոլոր բժիշկները Հիպոկրատի երդում են տվել՝ անշահախնդիր օգնել ցանկացած հիվանդի): Ոչ պետականները ավելացնում են. «պետական բուհերում այս «բարեգործության» տարեկան վարձավճարը կրկնակի ավելի է մասնավոր բուհերի վճարից, իսկ վարձավճարն էլ որոշվում է շուկայական սկզբունքով, նայած մասնագիտությունը ինչպես է վաճառվում. իրավաբանը՝ թանկ, քիմիկոսը՝ էժան»: Վերջին միտքը հաստատել է նաեւ Ռ. Մարտիրոսյանը՝ վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում: Հավանաբար, պետությունը նախեւառաջ պետք է հսկի կրթության որակը, որն, ընդունենք, պետական բուհերում ավելի բարձր է, քան ոչ պետականներում: Պետք է հետեւի նաեւ շահույթի օգտագործման ուղղվածությանը: Իսկ ինչ վերաբերում է լոկ շահույթ ստանալուն, պետականների «ստվերային շահույթը» հենց նույն հեղինակավոր ֆակուլտետներում բազմակի ավելի է ոչ պետականներից: ԿԳՆ բուհերի վարչությունից տեղեկացանք, որ վիճարկվող կետի շուրջ հիմա էլ քննարկումներ են գնում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել