Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տրուբնիկովն ընկավ «Թիմորի բաղերը»

Փետրվար 14,2004 00:00

Տրուբնիկովն ընկավ «Թիմորի բաղերը» Ըստ որոշ փորձագետների, ՌԴ ԱԳ փոխնախարար Վ. Տրուբնիկովի՝ ԼՂ հիմնախնդիրը ԼՂ հակամարտության հետ համեմատելը վկայում է հիմնահարցի լուծումը հետաձգելու Ռուսաստանի մտադրության մասին: Հայաստանում եւ ԼՂՀ-ում պաշտոնական շրջանակները, թերեւս, շտապեցին քննարկել կամ մեկնաբանել ՌԴ փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի հայտարարությունը ԼՂ հիմնախնդիրը Արեւելյան Թիմորի օրինակով լուծելու վերաբերյալ, որն, ի դեպ, ոչ թե պաշտոնական հայտարարություն, կամ՝ նույնիսկ կոնկրետ առաջարկ էր, այլ՝ այնպես, որպես օրինակ բերված մասնավոր կարծիք: Ի տարբերություն պատկան ատյանների, իշխանական կառույցները չներկայացնող փորձագետները այդ տեսակետը գնահատում են իբրեւ ռուսական դիվանագետի կողմից ասպարեզ նետված խայծ՝ կարգավորման գործընթացը հերթական անգամ խճճելու եւ կարգավորումը հետաձգելու համար: Ավելին, նրանք Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի նախօրեին Վ.Տրուբնիկովի կողմից նման կարծիք հրապարակելը համարում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հետ կապված որոշակի հակասությունները հօգուտ Ռուսաստանի լուծելու ինքնատիպ ճնշամիջոց: Բացի այդ, հարկ է նաեւ նկատի ունենալ, որ ՌԴ-ն, ըստ էության, մեր տարածաշրջանում ազդեցության ռեալ լծակներ, ուստիեւ՝ տեղի ունեցող գործընթացների համատեքստում վճռորոշ դերակատարում չունենալու պայմաններում փորձելու է ամեն ինչ անել ԼՂ կարգավորումը հետաձգելու համար: Համենայն դեպս, ՌԴ-ն բազմիցս այդպես վարվել է այս հակամարտության կարգավորման ընթացքում: Եվ հնարավոր չէ հիշել մի օրինակ, որ ռուսաստանյան դիվանագետներն ու ինքը՝ Վ.Տրուբնիկովը, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի արդեն տասը տարիների ընթացքում, երբեւէ իրենց շռայլություն թույլ տված լինեին ակնարկել ԼՂ ինքնորոշման իրավունքի, ուր մնաց թե նրա հնարավոր անկախացման մասին: Այս հայտարարության մասին կարծիք հայտնեց նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԵԽ ԽՎ նստաշրջանի պատվիրակ, «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը: Նրա դիտարկմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ՌԴ կատարած այցի ընթացքում «Պուտինի եւ Ալիեւի համատեղ հայտարարությունները արձանագրեցին այդ երկրների միջեւ բավական լուրջ համագործակցության մակարդակ, այդ թվում՝ նաեւ ԼՂ հարցում: Վ.Տրուբնիկովի հայտարարությունը դրա համատեքստից դուրս է, բայցեւ տեղավորվում է ռուսական ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Ավելի պարզ ասած, դա առեւտրի ձեւ էր՝ Ադրբեջանից ավելի շատ բան պոկելու համար: Ես չեմ գտնում, թե մենք այդ հայտարարությամբ պետք է հրապուրվենք, թեեւ մեզ համար ցանկալի կլիներ, որ ՌԴ դիրքորոշումն, իրոք, այդպիսին լիներ»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խորհուրդ տվեց վերհիշել նաեւ ՌԴ ԱԳ փոխնախարարի փետրվարի 5-ին Բաքվում արած մեկ այլ հայտարարություն, որը համահունչ էր ԵԽ ԽՎ-ում ԼՂ կարգավորման վերաբերյալ ընդունված եւ հայկական կողմի համար անբարենպաստ բանաձեւին: Նա մասնավորապես ասել էր, թե ԼՂ-ն առանձին հարց է, իսկ հայերի կողմից գրավված ադրբեջանական հողերը՝ այլ, որոնք պետք է քննարկման առարկա դառնան իրարից առանձին: Ի դեպ, ըստ էության, նույնն էր պնդել նաեւ Հարավային Կովկասի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Փեր Գարթոնը՝ առաջարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցման վերականգնման դիմաց վերադարձնել ԼՂ կողմից վերահսկվող 5 ադրբեջանական շրջաններ: Ինչ վերաբերում է Վ. Տրուբնիկովի «թիմորյան տարբերակի» վերաբերյալ արտահայտած կարծիքի հնարավոր հետեւանքներին, ապա՝ հայաստանյան դիտորդները վստահեցրին, թե դա անլուրջ է եւ որպես այդպիսին կընկալվի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Թերեւս, դրա ապացույցն է նաեւ այն, որ վերջիններս այս «տարբերակին» հարկ էլ չեն համարել որեւէ կերպ արձագանքել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել